Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Ադրիանա Գալստյանն, ով այս շրջանում հեռուստատեսային որեւէ նախագծում ներգրավված չէ, բայց փոխարենը առաջին անգամ նկարահանվում է «Հեքիաթահարված» գեղարվեստական ֆիլմում:
««Երանի»» հեռուստասերիալից հետո որոշեցի փոքր-ինչ դադար վերցնել, որպեսզի թե ես հանգստանայի, թե հեռուստադիտողը, քանի որ ճիշտ չեմ համարում, երբ քո անդադար ներկայությամբ հոգնեցնում ես նրանց: Միաժամանակ անգործության չմատնվեցի. մինչ ամռանը շատերը հանգստանում էին, ես աշխատում էի, գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու հրավեր էի ստացել»,- նշեց Ադրիանան ու շարունակեց.
«Առաջարկը ստացա ռեժիսոր Արամիս Տատուից, ով ապրում եւ գործում է Հոլանդիայում: Նա ինձ նկատել էր «Ֆուլ հաուս» սիթքոմից ու որոշել էր հրավիրել իր ֆիլմում նկարահանվելու, որը նախատեսված է ընտանեկան դիտման համար: «Հեքիաթահարված»` այսպես է կոչվում այս ֆիլմը, որը հագեցած է առողջ հումորով, այն ռոմանտիկ կատակերգություն է: Այստեղ մարմնավորում եմ գլխավոր հերոսուհուն: Գեղարվեստական ֆիլմում աշխատելաոճը բոլորովին այլ է: Օրինակ, եթե հեռուստասերիալներում դերասանն ինքն է ընտրում իր հագուստը, ապա այստեղ սկսած քո հագուստից, մինչեւ սանրվածք որոշում է մեծ թիմը: Ֆիլմերում իմպրովիզ ավելի քիչ կարող ես անել, իսկ հեռուստասերիալներում դա ավելի հեշտ է»:
Խոսելով իր հերոսուհու մասին` դերասանուհին պատմեց.
«Այս ֆիլմում մարմնավորում եմ սփյուռքահայ աղջկա: Դերիս բարդությունը կապված էր լեզվի հետ, քանի որ պետք է խոսեի արեւմտահայերենով: Իհարկե, դրա համար կա հատուկ մասնագետ, ով անընդհատ հետեւում է իմ խոսքին, շեշտադրումներին: Ճիշտ է` երբեմն պահանջվում է մի քանի անգամ կրկնել տվյալ կադրը, բայց մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի բարձրակարգ աշխատանք ներկայացնենք»:
Ադրիանայի խոսքով` խաղընկերներր հետ հրաշալի հարաբերություններ ունի, որն էլ լավ աշխատանքի գրավականներից է.
«Խաղընկերներս են Էմիլ Գալստյանը, Արթուր Հակոբյանը, Արսեն Գրիգորյանը, Անահիտ Կիրակոսյանը, Ռաֆայել Երանոսյանը: Աննկարագրելի ջերմ ու հաճելի մթնոլորտ է մեզ մոտ, որն էլ նպաստում է հաջող աշխատանք ստեղծելուն: Մեզ մոտ նկարահանումները դեռեւս շարունակվում են, բոլորս կենտրոնացրել ենք մեր ողջ ուժերը, քանի որ նոյեմբերի 30-ին պետք է պրեմիերան կայանա»,- ավելացրեց մեր զրուցակիցը:
Ադրիանա Գալստյանը նշեց նաեւ, որ բացի այս ֆիլմից նոր առաջարկներ ունի, բայց դեռեւս չի կողմնորոշվում դրանցից, ո՞ր մեկն ընտրի.
«Հիմա մի քանի հեռուստասերիալներից ու սիթքոմներից առաջարկներ ունեմ, բայց համաձայնելու որոշում չեմ շտապում կայացնել: Մտածում եմ ընտրել սիթքոմ, քանի որ նախորդ աշխատանքս հեռուստասերիալ էր, միաժամանակ նաեւ մտածում եմ կրկին հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկ ընդունել, սակայն այս անգամ բոլորովին այլ կերպարով, քանի որ չեմ ուզում նույնօրինակ կերպարներով ներկայանալ: Ժամանակը ցույց կտա, որոշմանս մասին էլ կտեղեկացնեմ հեռուստադիտողին»,- հավելեց դերասանուհին:
Ադրիանա Գալստյանն այն դերասանուհիներից է, ում անձնական կյանքով մարդիկ շատ են հետաքրքրվում, նրան երբեմն սիրավեպեր են վերագրում, բայց դերասանուհին այդ ասեկոսեները մշտապես հերքում է: Հետաքրքրվելով, թե այս պահին ի՞նչ է կատարվում նրա անձնական դաշտում, պատասխանեց.
«Ինքս էլ մշտապես հետեւում եմ, թե մարդիկ ինչեր են խոսում ու գրում իմ մասին: Գիտեք, այսօր շատ հեշտ է հայտնի դառնալ, դա կարելի է անել` ընդամենը Instagram-ում լուսանկարներ տեղադրելով: Իրականում ես ինձ անհասանելի չեմ պահում, այդ թվում անձնականս եւս չեմ փակում մարդկանց առջեւ: Այնպես որ, եթե իմ կյանքում լինի փոփոխություն, ինքս կհայտնեմ այդ մասին, իսկ մինչ այդ շատ կցանկանամ, որ մարդիկ հետաքրքրված լինեն իմ աշխատանքով, չէ որ ես նրանց համար եմ աշխատում»:
Աղբյուրը՝ panorama.am