«Նոր ալիքում» երկրորդ տեղը զբաղեցրած երգչուհի Սյուզաննա Մելքոնյանն արդեն Հայաստանում է։ Երգչուհին հայրենիք է վերադարձել մեծ ոգևորությամբ և նոր գաղափարներով։ Tert.am Life–ի հետ զրույցում Սյուզաննան ասաց, որ սա իր համար նոր սկիզբ է։

«Միանշանակ, պետք է որսալ այս պահը։ Արտիստներս միշտ ենք այդ  պրոցեսի մեջ։ Ցանկացած մրցույթի, համերգի, իրադարձության ավարտ մեկ այլ մրցույթի, համերգի, իրադարձության սկիզբ պետք է լինի։ Ես շարժվում եմ այդ սկզբունքով։ Անելիքներս շատ–շատ են։ Հիմա վայելում եմ այս պահը, որից անմիջապես հետո պետք է անցնեմ աշխատանքի։ Նոր ծրագրերս մի քանիսն են, թե ինչպես կդասավորվեն, հանդիսատեսը կիմանա ավելի ուշ։ Այսպիսի հաղթանակները շատ պարտավորեցնող են, եթե  դու արժանանում ես դրան, իրավունք չունես նստել և ոչինչ չանել»,– ասաց երգչուհին։

Սյուզաննան նշեց, որ «Նոր ալիքում» կարևոր դպրոց են անցել, որը կարող է շատ մեծ հարթակ դառնալ ապագայի համար։ «Ալեքսանդր Դավիդովիչը փորձում էր մեզանից ստանալ պրոֆեսիոնալ արտիստների։ Մենք դա զգացինք բեմում։ Շատ մեծ փորձ ենք ձեռք բերել մեր ապագայի համար»,– նկատեց երգչուհին։

 

 

Սյուզաննայի խոսքով` «Նոր ալիքի» շրջանակում դժվար ճանապարհ են անցել. «Փառք Աստծո, մեզ հաջողվեց անել դա։ Ամբողջ հայ ազգը մեր կողքին էր։ Դժվար էր բեմ բարձրանալ այդպիսի պատասխանատվությամբ, հիմա էլ չեմ կարողանում զսպել էմոցիաներս։ Շատ ուրախ եմ»։

Ի սկզբանե, Սյուզաննան իր բոլոր հարցազրույցներում ասում էր, որ գնում է հաղթանակի, քանի որ այս անգամ կարևորում է վերջնական արդյունքը։ Երկրորդ տեղը երգչուհին լիարժեք հաղթանակ է համարում։

«Առաջին, թե երկրորդ, այս պարագայում բոլորովին տարբերություն չկա։ Տեսաք, թե ինչպես ընթացան իրադարձությունները։ Միայն իմ սուբյեկտիվ կարծիքը չէ, որ,  հատկապես, Հայաստանի համար առաջին և երկրորդ մրցանակները հավասար են։ Մեծ ուժերով և ակնկալիքներով էի գնացել, նույնպիսի ակնկալիքներով էլ վերադարձել եմ։ Կատարվեցին իմ երազանքները, որովհետև տարիներ շարունակ պայքարում էի այդ բեմում հանդես գալու համար, բայց երբեք չէի պատկերացնում, որ այս աստիճան հաջողություն կունենամ։ Դա է՛լ ավելի պարտավորեցնող է։ Թե՛ ես, թե՛ Էռնան բազմիցս փորձել ենք հայտնվել այս մրցույթում, սակայն չի հաջողվել։ Ինչպես ասում են, ուշ լինի, նուշ լինի։ Արժեր ամիսներ ու տարիներ շարունակ պայքարել այս ամենի համար»,–ասաց նա։

 

 

Միակ բանը, որից Սյուզաննան փոքր–ինչ սրտնեղել է Կոնստանտին Մելաձեի գնահատականն է։ «3 օր  անընդհատ Մելաձեի կողմից «10» միավոր ստանալուց մի քիչ տխրել էի։ Այնպես է ստացվել, որ հետագայում միշտ ապացուցում եմ արտիստներին, որ կարող էի և անում եմ ավելին։ Խոստանում եմ, որ Մելաձեն դեռ կտեսնի, որ ես  «11»–ի արժանի մասնակից եմ եղել։ Այդ ամենի հետ մեկտեղ ես հարգում եմ  իր որոշումը, որովհետև նման պրոֆեսիոնալի գնահատականը շատ մեծ պատասխնատվություն է»,– եզրափակեց երգչուհին։

Աղբյուրը՝ Tert.am Life

loading...