Մարդիկ հաճախ ուշադրություն չեն դարձնում գլխացավերին, բերանի խոռոչի չորությանը կամ երկարատև հազին, սակայն հենց դրանք կարող են դառնալ աննկատ զարգացող հիվանդությունների ախտանշան: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 հիվանդություն, որոնք կարող են երկար ժամանակ ընթանալ առանց որևէ ախտանշանի:

 

1.      Շաքարային դիաբետ

Ի հեճուկս տարածված կարծիքի՝ արյան մեջ շաքարի նորմալ մակարդակը ոչ միշտ է նշանակում, որ մարդը չի տառապում շաքարային դիաբետից: Զարգացման վաղ փուլերում այս հիվանդությունը գրեթե ոչ մի ախտանշան չի ունենում: Անհանգստության պատճառ կարող է դառնալ ծարավի զգացումը, բերանի խոռոչի չորությունը, աղոտ տեսողությունը, հաճախամիզությունը, սակայն մարդիկ, ցավոք, հաճախ են անտեսում այս ախտանշանները: Բացի այդ, շաքարային դիաբետի ակնհայտ ախտանշան կարող է լինել նաև պարանոցի և թևատակերի մաշկի մուգ գույնի, ինչի պատճառով մաշկը նմանվում է արևայրուքից մուգ երանգ ստացած մաշկին:

Սովորաբար շաքարային դիաբետն ի հայտ է գալիս 45 տարեկանից բարձր անձանց մոտ, ուստի այդ տարիքի մարդիկ պետք է պարբերաբար բուժզննում անցնեն: Ռիսկային գոտում են նաև արյան գերճնշումից ու ավելորդ քաշից տառապող մարդիկ, ինչպես նաև նրանք, ում արյան մեջ բարձր է խոլեստերինի մակարդակը:

 

2.      Ձվարանների պոլիկիստոզային համախտանիշ

Այս հիվանդությունից է տառապում վերարտադրողական տարիքի կանանց մոտ 10%-ը: Ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի դեպքում կնոջ օրգանիզմում չափազանց շատ են արտադրվում տղամարդկանց հորմոնները, ինչի հետևանքով խանգարվում է դաշտանային ցիկլը և ձվազատման գործընթացը: Բացի այդ, այս համախտանշի հետևանքով բարձրանում է էնդոմետրիումի քաղցկեղի, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, ապնոէի և սրտի հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը:

Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հետևել առողջական վիճակին: Հարկ է հիշել, որ այս հիվանդության դեպքում հաճախ ի հայտ են գալիս բշտիկներ, երկարում է դաշտանային ցիկլը, գլխի մազերը բարակում են, իսկ մազերը մարմնի մյուս հատվածներում սկսում են ակտիվորեն աճել: Նման ախտանշանների դեպքում հարակվոր է բուժզննում անցնել: Ի դեպ՝ այս հիվանդությունը վերահսկելու համար բավական է պարբերաբար մարզվել և հետևել ածխաջրերի ցածր պարունակությամբ դիետայի:

 

3.      Զարկերակային բարձր ճնշում

Գիտնականների հավաստմամբ՝ մարդկանց գրեթե 50%-ն անգամ գլխի չի ընկում, որ տառապում է արյան գերճնշումից: Այս հիվանդությունը կարող է երկար ժամանակ ընթանալ առանց ախտանշանների՝ վնասելով արյունատար անոթները, սակայն որոշ ժամանակ անց այն կարտահայտվի երիկամների հիվանդություններով, գլխուղեղի կամ սրտամկանի կաթվածով:

Հարկավոր է տարեկան գոնե մեկ անգամ չափել զարկերակային ճնշումը: Սա շատ պարզ գործողություն է, որը կարելի է իրականացնել ինչպես բուժհաստատությունում մասնագետի օգնությամբ, այնպես էլ ինքնուրույն՝ տնային պայմաններում:

 

4.      Գլաուկոմա

Գլաուկոման շատ դանդաղ զարգացող հիվանդություն է, ուստի մարդիկ հաճախ չեն նկատում դրա առկայությունը: Այն առաջանում է աչքում ճնշման բարձրացման պատճառով, ինչի հետևանքով խանգարվում է աչքում հեղուկի շրջանառությունը: Արդյունքում մարդու տեսողությունը թուլանում է և դառնում ավելի աղոտ, ինչը կարող է հանգեցնել կուրության:

Սովորաբար այս հիվանդությունն առաջանում է 40 տարեկանից բարձր անձանց մոտ, ուստի 40 տարեկանից հետո հարկավոր է ամեն տարի ստուգել տեսողությունը համապատասխան մասնագետի մոտ:

 

5.      Քնի օբստրուկտիվ ապնոէ (շնչառության կանգ)

Շատերը կարծում են, որ ապնոէի նոպաները կարող են ի հայտ գալ միայն ճարպակալումից տառապող մարդկանց մոտ, սակայն սա թյուր կարծիք է, քանի որ, անկախ քաշից, այս հիվանդությունից տառապում է 20-70 տարեկան կանանց մոտ 50%-ը: Ապնոէն հիվանդություն է, որի դեպքում քնած մարդու շնչառությունը կարող է կտրուկ կանգ առնել:

Նման նոպաների պատճառ կարող են դառնալ սրտի հետ կապված խնդիրները, ինչպես նաև 2-րդ տիպի շաքարային դիաբետը: Ապնոէն գրեթե միշտ ի հայտ է գալիս կանանց մոտ: Այս հիվանդության մասին կարող են վկայել տրամադրության տատանումները, առավոտյան գլխացավերն ու թույլ գլխապտույտները: Բացի այդ, շնչառության կանգի պատճառով կանայք գիշերվա ընթացքում մի քանի անգամ արթնանում են, ուստի անքնությունը նույնպես կարող է լինել ապնոէի ախտանշան:

Ապնոէի ապտանշանների դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բժշկի օգնությանը: Հիվանդության ախտորոշումից հետո բժիշկը սովորաբար նշանակում է ՍԻՊԱՊ-թերապիա, որի դեպքում քնած ժամանակ հատուկ ՍԻՊԱՊ-սարք է միացվում, որն ապահովում է անարգել շնչառությունը:

 

6.      Թոքերի քաղցկեղ

Սա քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկն է, որը վաղ փուլերում գրեթե ոչ մի կերպ չի արտահայտվում: Ընդ որում՝ վտանգված են ոչ միայն երկար տարիներ ծխախոտ օգտագործող մարդիկ, այնպես էլ նրանք, ովքեր երբեք չեն ծխել:

Այս հիվանդությունից խուսափելու համար ծխող մարդկանց խորհուրդ է տրվում պարբերաբար բուժզննում անցնել: Հարկ է հիշել, որ թոքերի քաղցկեղի ախտանշաններն են կրծքի ցավը, խռպոտությունը, շնչառության վատացումը և 2 շաբաթից ավել տևող չոր հազը:

 

Աղբյուրը՝ tert.am

loading...