Marketium.ru կայքը գրում է, որ կաթվածն ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում է։ Ուղեղի վնասված հատվածին արյուն, դրա հետ՝ թթվածին չի հասնում։ Բջիջների մի մասը սկսում է մահանալ, ինչի արդյունքում վրա է հասնում կաթվածը, տեղի են ունենում կենսագործունեության մի շարք խանգարումներ: Մարդկանց մեծ մասը կարծում է, թե կաթվածն ուղեկցվում է սուր ցավով։ Իրականում այդպես չէ։ Հաճախ կաթվածը սկսվում է անցավ։ Հենց այս պատճառով էլ չափազանց կարևոր է իմանալ այս հիվանդության հիմնական նշանները։ Ըստ կայքի՝ կաթվածի գլխավոր առանձնահատկությունը հանկարծակիությունն է: Նախանշանները կարող են թույլ արտահայտված լինել, սակայն դրանք վկայում են շատ լուրջ խնդրի մասին։
1. Հիվանդը չի կարող ժպտալ։ Կաթվածը հաճախ ուղեկցվում է հանկարծակի թմրածությամբ կամ դեմքի մկանների թուլությամբ, հատկապես՝ դեմքի մի հատվածի։ Եթե հիվանդին խնդրեք ժպտալ, ժպիտը ծուռ կլինի։ Հիվանդի համար դժվար է նաև կուլ տալ։
2. Հիվանդը սթափ է, սակայն կարծես խոսում է գինովցած անձի նման։ Կաթվածի ևս մեկ նշան է խոսքի խանգարումը։ Հիվանդի համար դժվար է բառեր ընտրել, հասկանալ մյուսներին։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ ուղեղը սխալ է գործում։ Եթե նման երևույթներ եք նկատում ծանոթների շրջանում, խնդրեք նրանց պարզ նախադասություն կրկնել։ Եթե դժվարություններ են առաջանում, առանց մտածելու շտապօգնություն զանգեք։
3. Հիվանդը չի կարող բռունցք անել։ Հիվանդը կարող է ձեռքում հանկարծակի թուլություն զգալ, նրա համար դժվար է բարձրացնել ձեռքը կամ իրեր պահել։ Այս նախանշանը կարող է բավական թույլ արտահայտված լինել. կարող են դժվարություններ զգացվել հեռակառավարման վահանակը բռնելիս կամ տպելիս։ Կամ ձեռքը կարող է պարզապես ծանր թվալ։
4. Գլխապտույտ կամ հավասարակշռության խախտում։ Կաթվածի դեպքում կարող է կտրուկ խախտվել շարժումների կոորդինացիան։ Հիվանդի համար կարող է դժվար լինել կանգնել կամ քայլել՝ առանց հավասարակշռությունը կորցնելու։ Երբեմն այս նախանշանները կարող են թույլ արտահայտված լինել, և հիվանդը պարզապես գլխապտույտ կզգա։
5. Առաջանում է զգացում, կարծես գլուխը հենց հիմա կպայթի։ Կաթվածի դեպքում գլխացավն ուժեղ է, կտրուկ, նման չէ այլ ցավերի։ Հաճախ մարդիկ սա նկարագրում են՝ որպես վատագույն ցավ, որը երբևէ զգացել են։ Սա կարող է արնազեղման նշան լինել։
6. Տեսողության խանգարումներ։ Կաթվածի դեպքում աչքերը կարող են մթնել։ Կարող են նկատվել տեսողության խանգարումներ, մյուսների դեպքում նկատվում է տեսողության մթագնում կամ երկակիություն։
Աղբյուրը՝ 168.am