Արմենիա Պրեմիումի աշնանային եթերաշրջանում մեկնարկում է «Հետհաշվարկ» քսանչորս մասից բաղկացած հոգեբանական դրաման: Նախագծում նկարահանվում են Խորեն Լևոնյանը, Սոս Ջանիբեկյանը, Անի Երանյանը, Գուժ Մանուկյանը, Քրիստինա Կույումչյանը և այլք: Օրեր առաջ BlogNews.am-ը ներկա է եղել Խորեն Լևոնյանի մասնակցությամբ տեսարանի նկարահանմանը և զրուցել դերասանի հետ:
Խորենն այն դերասաններից է, ով ամեն դերի չի համաձայնվում, ասում է. «Ես փորձում եմ հնարավորինս մանրակրկիտ ընտրել այն նկարահանող խմբին և այն մարդկանց, ովքեր պրոֆեսիոնալ են, ավելի համախմբված են աշխատում և գիտեն՝ ինչ են ուզում ստանալ։ Խումբը գործից հասկացող է, բոլորն էլ կազմակերպված մարդիկ են: Այսպիսի խմբի հետ երբ աշխատում ես, կարծում եմ՝ հաջողությունն անխուսափելի է»:
Մարմնավորած կերպարի մասին շատ բան չի ուզում ասել, պարզապես նշում է, որ հետաքրքիր, անսպասելի և ինչ-որ չափով տարօրինակ է։
Ֆիլմում նկարահանվում է նաև Սոս Ջանիբեկյանը։ Խորենին և Սոսին հաճախ են համեմատության մեջ դնում և հաճախ են ընդգրկում ամենապրոֆեսիոնալ դերասանների ցանկում: Այն հարցին՝ արդյո՞ք ֆիլմում չկա մրցակցություն, դերասանն այսպես պատասխանեց. «Ես առհասարակ նման հարցերին լուրջ չեմ վերաբերվում, ես և Սոսն ընկերներ ենք: Սոսի դերն այս ֆիլմում շատ լավն է, բարդ, և մենք իրար հետ շատ լավ աշխատում ենք, կարող եմ ասել, որ լավ լեզու ենք գտնում: Սա դերասանական աշխատանք է, և յուրաքանչյուրս փորձում ենք լավ կատարել մեր առջև դրված խնդիրը»:
Դերասանը կարծում է, որ հեռուստադիտողին կհետաքրքրի այս ֆիլմը, չնայած նախատեսված է ոչ բոլորի համար. «Վրեժը և դավաճանությունը ֆիլմում շատ են, յուրաքանչյուր սերիա իր առանձին հետաքրքրությունն ունի, և գնալով ավելի է սրվում ամեն ինչ»,- եզրափակեց դերասանը։
Աղբյուրը՝ BlogNews