«Քարե դարդ» սիթքոմի ավարտից հետո մի քանի ամիս անց Վաչե Թովմասյանը նոր սիթքոմ է ներկայացնում: «Ոսկի դպրոց»` այսպես է կոչվում սիթքոմը, որի մանրամասների մասին Վաչեն պատմել է Life.panorama.am-ին:
«Մենք բավականին հետաքրքիր ու նոր լուծումներով ենք ներկայանալու հեռուստադիտողին: Ի տարբերություն «Քարե դարդին»` սա ոճային առումով մոտ կլինի ռեալիզմին, ֆիլմային մոտեցում է լինելու թե կերպարների, թե նկարահանումների առումով»,- նշեց պրոդյուսերն ու շարունակեց.
«Սիթքոմը Ռոբերտ անունով մի հանցագործ տղայի մասին է: Նա ոսկի է գողանում, հետո ոստիկաններից թաքնվելու նպատակով այն պահում է մի խորշում, սակայն ի վերջո ոստիկանները նրան ձեռբակալում են ու դատապարտում հինգ տարով: Տարիներ անց, երբ Ռոբերտը դուրս է գալիս բանտից, գնում է ոսկիների հետևից, սակայն պարզվում է, որ այդտեղ դպրոց են կառուցել: Դե իսկ Ռոբերտն էլ մտածում է, որ լավագույն լուծումը այդ դպրոցում որպես ուսուցիչ աշխատելն է, որի շնորհիվ կկարողանա գտնել իր ոսկիները: Ծպտված Ռոբերտի շուրջ շատ հետաքրքիր ու անսպասելի իրադարձություններ են տեղի ունենում: Նա այդ դպրոցում բազմաթիվ խնդիրների է հանդիպում, որոնցից մեկն էլ 11Բ դասարանն է, որտեղ հավաքված են բազմաթիվ հետաքրքիր կերպարներ: Վստահեցնում եմ` այս սիթքոմն իր զարգացումներով շատ է տարբերվելու, այստեղ նկարագրված են ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերություններ, որոնք իսկապես շատ ծիծաղաշարժ են»:
Խոսելով դերասանական կազմի մասին` Վաչեն նշեց, որ երկար են մտածել այս հարցի շուրջ, և ի վերջո ընտրել իրենց համար լավագույններին.
«Արդեն երկար ժամանակ է, որ զբաղվում ենք քասթինգով, այսօր էլ այն շարունակվում է, թեև անձնակազմի 90%-ն արդեն հայտնի է: Մեզ մոտ իրենց հետաքրքիր խաղով կներկայանան Լալա Մնացականյանը (փոխտնօրենի կերպարում), Աննա Գրիգորյանը (նա գլխավոր հերոսուհին է), Սերգեյ Սարգսյանը, «Վիտամինի» Բոնին, Մհեր Մխիթարյանը և այլ երիտասարդ դերասաններ ու ոչ դերասաններ, որոնք չունեն կրթություն, բայց ունեն շնորք: Ի դեպ` մեր դերասանական կազմում կան անակնկալներ. Երկարատև դադարից հետո կներկայանան «Կարգին հաղորդումից» հայտնի Աշոտ Մելոյանն ու հումորիստ Գևոն: Նրանք շատ հետաքրքիր, կոլորիտային կերպարներով են հանդես գալու, որոնց հեռուստադիտողը շատ կսիրի: Որպես նախագծի պրոդյուսեր` շատ ուրախ եմ, որ Աշոտն ու Գևոն իմ առաջարկը չեն մերժել»,- պատմեց Վաչեն:
«Ոսկի դպրոց»-ի պրոդյուսերը նկատեց, որ մարդիկ սկզբում գուցե նմանություններ գտնեն այս սիթքոմի և արտերկրյա նման այլ ֆիլմերի միջև, բայց և հավելեց.
«Աշխարհում ընդունված է օգտագործել համանման սցենարներ, մարդիկ հնարավոր է ինչ-որ նմանություններ գտնեն մեր սիթքոմի և հայտնի այլ ֆիլմերի միջև, և դա նորմալ պրակտիկա է ողջ աշխարհում: Չպետք է մտածել, թե հայերը «թխել են» այս կամ այն աշխատանքը: Միայն պրոֆեսիոնալ մասնագետը կարող է հասկանալ, թե որքան կարող է տարբերվել սիթքոմը ֆիլմից, և որքան սցենարական գծեր կան, որոնք պետք է փոփոխվեն, հարմարեցվեն տվյալ երկրի արտադրանքին: Այսինքն` ամեն ֆիլմի մտահղացում չէ, որ կարող ես վերցնել ու սիթքոմ դարձնել: Մենք երկար քննարկելուց հետո ենք հասկացել, որ այս գաղափարը կարող է աշխատել և հետաքրքրել բոլոր տարիքային խմբերին: Մենք արդեն երկար ժամանակ է, ինչ աշխատում ենք սցենարի վրա, մանրակրկտորեն ստեղծում ենք կերպարներին, իսկ զարգացումների հացում փորձում ենք պահպանել սիթքոմային, սերիալային ճիշտ դրամատուրգիան: Ամեն ինչ արել ենք, որպեսզի հեռուստադիտողը դրական գնահատի մեր աշխատանքը»:
Ի դեպ` հավելենք, որ Վաչե Թովմասյանը նաև «Ոսկի դպրոցի» սցենարիստներից մեկն է:
Աղբյուրը՝ 168.am