Արամեի կյանքում 2017–ը կարևորագույն տարի էր. լույս աշխարհ եկավ նրա և կնոջ` Աննա Թովմասյանի առաջնեկը, որին զույգը երկար է սպասել։ Աննա Մարիան արդեն 3 ամսական է։ Աննան խոսել է դստեր ծննդից հետո իր զգացողությունների մասին Արամեն` ոչ։ Tert.am Life–ի հետ զրույցում առաջին անգամ պատմել է, թե ինչ փոխեց աղջիկն իր կյանքում։
–Արամե, անձնական առումով 2017–ը Ձեզ համար նշանակալի տարի էր, աշխատանքային առումով ինչպիսի՞ն էր այն։
–Այս տարի շատ էին շրջագայությունները Եվրոպայի և Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ Ամենակարևորը, որ այս տարի տեղի ունեցավ, Կրեմլում ունեցածս մենահամերգն էր, որը փայլուն անցավ։ Ես դրա համար երջանիկ եմ։ Մի շարք երգեր հնչեցին երաժշտական նոր ձևավորմամբ։ Հիմա շարժվում ենք դեպի նոր շրջագայություններ ԱՄՆ–ում և ՌԴ–ում։ Հոկտեմբերի 10–ին` 35–ամյակիս օրը, մենահամերգ կունենամ Դոնի Ռոստով քաղաքում, որտեղ մեծացել եմ, ինչն ինձ համար խորհրդանշական է։ Կարծում եմ` 2018–ին վերջապես մենահամերգ կունենամ նաև Հայաստանում։
–Ինչո՞վ է պայմանավորված հին երգերի գործիքավորումների փոփոխությունը։ Համերգային ծրագրի՞ն եք հարմարեցնում, թե՞ համաձայն չէիք նախկին գործիքավորման հետ։
–Լիովին համաձայն եմ, քանի որ այդ երգերը տարիներ շարունակ հնչել են այդ գործիքավորմամբ և ունեցել են հաջողություն։ Ուղղակի փորձեցինք նոր շունչ տալ երգերին։ Սա ևս շատ հետաքրքիր է։ Համերգներին ներկայանում ենք «ԿարենՍևակ» երաժշտախմբի հետ, նրանք ցուցաբերեցին իրենց մոտեցումը։ Մենք 100 տոկոսով համաձայնեցինք այդ ձևաչափին և, կարծում եմ, հետաքրքիր ստացվեց։ Համենայն դեպս, մեզ համար շատ հետաքրքիր էր։
–Արամե, տարվա կեսից ավելին մեկնում եք համերգների։ Որքանո՞վ է բարդացել բաժանումները` հաշվի առնելով, որ հիմա տանն ունեք փոքրիկ, որի ծննդին երկար էիք սպասում։
–Չեմ ուզում լացացնել, բայց իսկապես շատ դժվար է։ Փորձում եմ հնարավորինս կարճ օրեր վերցնել, որպեսզի շուտ վերադառնամ տուն։ Հիմա իմ մեկնումները շատ հաճախ են լինում, որովհետև եթե նախկինում կարող էի մի անգամ մեկնել ու անել մի քանի աշխատանք, հիմա ստիպված եմ լինում անընդհատ մեկնել ու վերադառնալ։ Կարծում եմ` ընտանիքն ամենակարևորն է և ընտանիքին պետք է ուշադիր լինես։ Իմ կյանքն այնպես է ստացվել, որ աշխատանքս ստիպում է շատ բացակայել։ Միայն ես չեմ այդ ուղու վրա։ Այդ ամենն անում ես, որպեսզի քո ընանիքին ապրի լավ և բարեկեցիկ կյանքով։
–Ի՞նչ փոխեց Աննա Մարիան։
–Ինքն ինձ ևս մեկ անգամ հավատացրեց, որ կյանքում հրաշքներ լինում են։ Հավատացեք, նրա ծնունդը, իսկապես, հրաշք էր։ Կա նախապատմություն` կապված մեր պսակի խորհրդի հետ, որն ինձ համար հրաշքների հրաշքն է։
Շատերն ասում են, երբ քո երեխան է ծնվում, մյուսներին այլևս չես կարողանում առաջվա պես ընդունել։ Ինձ մոտ ճիշտ հակառակն է, երբ ծնվեց իմ երեխան, ու ես հասկացա, թե երեխան ինչքան կարևոր ու սիրելի է ծնողի համար, սկսեցի բոլոր երեխաներին ուրիշ կերպ վերաբերել, սիրել բոլորին։ Նրանք կյանքի մեծ ուրախություն են, ստիմուլ` առավոտյան արթնանալու, ինչ–որ բան մտածելու, արարելու։ Կյանքի մոտիվացիան, երբեմն, թուլանում է, երբ մտածում ես` լավ, հիմա ի՞նչ, ինչի՞ համար, բայց երբ երեխադ ծնվում է, արդեն գիտես` ինչի և ում համար։ Փորձում ես քայլերդ ավելի արդար անել։ Ես ինձ ավելի պատասխանատու եմ զգում աղջկաս հանդեպ։ Յուրաքանչյուր ծնող պիտի զգա այդ պատասխանատվությունը։
Աղբյուրը՝ 168.am