Estet-portal.com-ը գրում է, որ որովայնի հատվածում կուտակված ճարպը ոչ միայն տգեղ է, այլև վտանգավոր է առողջության համար։ Այն մետաբոլիկ սինդրոմի, 2-րդ տիպի դիաբետի, սրտի հիվանդությունների առաջացման գործոններից մեկն է։

Ինչու է փորը մեծանում. հնարավոր պատճառներ

Ավելորդ կիլոգրամներ կուտակելիս մենք սովորաբար հասկանում ենք դրա պատճառը՝ ֆիզիկական ակտիվության նվազում, մթերքի չարաշահում, և այլն։ Սովորաբար ավելորդ ճարպից ազատվելու համար բավական է շտկել սննդակարգը և ավելի շատ կալորիաներ ծախսել։ Սակայն երբեմն ավելորդ քաշի կուտակման պատճառն այդքան էլ ակնհայտ չէ: Հասկանալու համար, թե ինչու է որովայնը մեծանում, հարկավոր է ուշադրություն դարձնել հետևյալ գործոնների վրա.

  • սնվելու առանձնահատկություններ
  • ըմպելիքներ
  • ֆիզիկական ակտիվության մակարդակ
  • հորմոնալ ֆոն
  • աղիների միկրոֆլորա։

Քաշի ավելացման կարող են հանգեցնել նաև որոշ հիվանդություններ. այդ գործոնը բացառելու համար հարկավոր է դիմել բժշկի օգնությանը։

Սնունդ, որ հանգեցնում է վիսցերալ ճարպի կուտակման

Օրվա ընթացքում դուք ավելի շատ շաքար եք օգտագործում, քան կարծում եք։ Օգտագործվող շաքարի մակարդակն ամբողջությամբ վերահսկել հնարավոր չէ, բայց հարկավոր է հետևել օգտագործվող մթերքի որակին։ Շաքարի օգտագործումը մեծապես կապված է որովայնի հատվածում ճարպի կուտակման հետ։

  • Փորձեք նվազեցնել օգտագործվող շաքարի և տրանս-ճարպերի քանակը։

Տրանս-ճարպերն ամենավտանգավորն են։ Դրանք օգտագործվում են տարատեսակ մթերքի պահպանման ժամկետը երկարացնելու համար, այդ թվում՝ կեքսեր, կրեկերներ, թխվածք։ Դրանք բորբոքային պրոցեսների պատճառ են դառնում, կարող են հանգեցնել ինսուլինակայունության, սրտի և այլ հիվանդությունների զարգացման։

Սննդակարգում սպիտակուցների անհրաժեշտ չափաքանակի ներառումը չափազանց կարևոր է, քանի որ սպիտակուցն օրգանիզմի համար ամենակարևոր նյութերից է, որը հնարավորություն է տալիս վերահսկել սովի զգացումը, արագացնել նյութափոխանակությունը։ Երկար ժամանակ սպիտակուցների անբավարար քանակը կարող է հանգեցնել քաշի ավելացման, հատկապես՝ ճարպերի կուտակման որովայնի հատվածում։

Քաշը վերահսկելու համար հարկավոր է նաև անհրաժեշտ քանակով բջջանյութ օգտագործել. այն հագեցնում է, կարգավորում ախորժակը։ Եթե սննդակարգում գերակայում են ածխաջրերը, իսկ բջջանյութի մակարդակը չի բավականացնում օրգանիզմին, սկսում եք սովի զգացում ունենալ և քաշ հավաքել։

Որ ըմպելիքներն են որովայնի հատվածում ճարպի կուտակման պատճառ դառնում

Հարթ որովայնի առաջին թշնամին ալկոհոլն է։ Այն մեծ քանակով շաքար է պարունակում, որը նպաստում է ճարպի կուտակմանը։ Բացի այդ՝ հեղուկի տեսքով ընդունված կալորիաները նույն կերպ չեն ազդում ախորժակի վրա, ինչպես պինդ մթերքը։ Եթե կալորիաները խմում եք, չեք հագենում, բայց կալորիաներ եք ստանում։ Ալկոհոլը հանգեցնում է բորբոքումների, երիկամների հիվանդությունների և առողջության հետ կապված այլ խնդիրների, այն ճնշում է ճարպերի այրումը և նպաստում դրանց կուտակմանը։

Վաղուց է հայտնի, որ քաղցր գազավորված ըմպելիքը ևս ավելորդ կիլոգրամների պատճառ է դառնում։ Ավելորդ կալորիաներ են պարունակում նաև խանութներում վաճառվող «բնական» հյութերը. դրանք մեծ քանակով շաքար են պարունակում։

Ինչպես է ֆիզիկական ակտիվության մակարդակն ազդում որովայնի հատվածում ճարպի կուտակման վրա

Նստակյաց կենսակերպը ոչ միայն ավելորդ քաշի, այլև բազմաթիվ այլ խնդիրների պատճառ է դառնում։ Ուսումնասիրությունները վկայում են, որ ֆիզիկական ակտիվության նվազմանը զուգընթաց՝ որովայնի շրջագիծը մեծանում է։

  • Ֆիզիկական ակտիվությունն օգնում է ոչ միայն կանխարգելել ճարպերի կուտակումը որովայնի հատվածում, այլև ամրացնել առողջությունը։

Հորմոնալ փոփոխությունները կարող են հանգեցնել որովայնի մեծացման

Դաշտանադադարի ընթացքում կանանց շրջանում սովորաբար քաշի ավելացում է նկատվում նաև որովայնի հատվածում։ Պատճառն այն է, որ էստրոգեն հորմոնն օրգանիզմին ստիպում է ճարպեր կուտակել: Որովայնի շրջագծի մեծացման պատճառ կարող է դառնալ նաև կորտիզոլ հորմոնի մակարդակի բարձրացումը։ Այս հորմոնն արտադրվում է մակերիկամների կողմից սթրեսային իրավիճակներում, իսկ մշտական սթրեսը կարող է հանգեցնել որովայնի մեծացման։ Կորտիզոլի մակարդակի բարձրացման հանգեցնում է նաև քնի պակասը։

Ինչպես է աղիների միկրոֆլորան ազդում ճարպերի կուտակման վրա

Աղիներում բազմաթիվ բակտերիաներ են առկա։ Դրանց մի մասն օգտակար է օրգանիզմի համար, մյուս մասը՝ վնասակար։ Աղիներում բակտերիաների անհավասարակշռությունը մեծացնում է դիաբետի, սրտի և այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ վնասակար բակտերիաների առկայությունը կարող է հանգեցնել ճարպերի կուտակման, այդ թվում՝ որովայնի հատվածում։

Եվ այսպես. «Ինչո՞ւ է մեծանում որովայնը» հարցի պատասխանները կարող են տարբեր լինել՝ վնասակար սովորություններ, քնի պակաս, հորմոնալ փոփոխություններ, ֆիզիկական ակտիվության անբավարար մակարդակ, աղիներում բակտերիաների անհավասարակշռություն, հաճախակի սթրեսներ, որոշակի հիվանդություններ։ Որոշ դեպքերում որովայնի շրջագծի մեծացումը միանգամից մի քանի գործոնի ազդեցության հետևանք է։ Այդ պատճառով էլ որովայնի հատվածում կուտակված ճարպից ազատվելու մոտեցումը պետք է համակարգային լինի. ճիշտ կենսակերպը թույլ կտա երկար ժամանակ պահպանել գեղեցիկ կազմվածքը։

Աղբյուրը՝ 168.am

loading...