Ադրբեջանցի երգիչ Էլիկրամ Բայրամովը գողացել է Թաթայի «Տեսել եմ» երգը և 2016 թվականի հունիսի 22 –ին Youtube–ի իր ալիքում տեսահոլովակ տեղադրել երգի հիման վրա։ Նա չի բավարարվել այդքանով և բողոք է ուղարկել Youtube–ին, որպեսզի արգելափակեն Թաթայի կատարումը։ Այս մասին Tert.am Life-ին հայտնեց «Թաթա փրոդաքշն»-ի նախագահ, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը։

«Շատ են լինում դեպքեր, երբ այլազգիները վերցնում են Թաթայի երգերն ու կատարում, սակայն այս երգիչը ոչ միայն վերցրել է երգը, օգտագործել մեր գործիքավորումը, այլև բողոք է ուղարկել Youtube–ին, թե Թաթան անօրինական է կատարում այս երգը։ Այս երգի թե՛ խոսքերի, թե՛ երաժշտության հեղինակը Թաթան է։ Ստեղծագործությունն արդեն 18 տարվա  պատմություն ունի»,– ասաց պրոդյուսերը։

Գրիգոր Նազարյանն արդեն դիմել է «Հայ հեղինակին», խորհրդակցել իրավաբանի հետ։ Նա մտադիր է մինչև վերջ պայքարել, քանի որ սա կարող է խնդիր ստեղծել Թաթայի համար։ «Քանի տարի է` նման բաներ են լինում, ուշադրություն չենք դարձնում, սակայն այս դեպքում պետք է լուրջ վերաբերենք, որովհետև Youtube–ը լուրջ հարթակ է։ Պետք է կամ մեր, կամ իրենց տարբերակը փակվի։ Առաջիկա 2 օրվա ընթացքում լուրջ քայլեր ենք ձեռնարկելու։ Ուզում ենք  հասկանան, որ այդպես չի կարելի։ Թող դաս լինի։ Չի կարելի այդքան նենգ լինել»,– ընդգծեց նա։

Անդրադառնալով Թաթայի արձագանքին` պրոդյուսերը նշեց, որ երգիչը զարմացած էր։ «Նա չէր սպասում այդպիսի նենգության։ Թաթային բողոքն է հունից հանել, բայց հարցն այսպես չենք թողնի»,– եզրափակեց Գրիգոր Նազարյանը։

Աղբյուրը՝ 168.am

loading...