Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Դավիթ Մարդյանն, ով այս շրջանում նկարահանվում է Դիանա Գրիգորյանի նոր՝ «Նռան հատիկ» հեռուստասերիալում:

Դերասանը մեզ հետ զրույցում պատմել է առաջարկն ընդունելու պատճառների, ինչպես նաեւ իր կերպարի առանձնահատկությունների մասին:

«Երբ առաջարկը ստացա, մի քանի պատճառներ ունեի այն ընդունելու համար: Նախ գլխավորը՝ կրկին վերադառնում էի ինձ հարազատ մի թիմ, որտեղից սկսվեց իմ գործունեությունը այս ոլորտում: Ես շատ լավ գիտեմ Դիանա Գրիգորյանի թիմի աշխատելաոճը, այստեղ ինձ լիարժեք ու լավ եմ զգում: Առաջարկն ընդունելու պատճառներից մեկն էլ «Արմենիա հեռուստաընկերության» փաստն էր, որը եւս իմ ամենասիրելի հեռուստաալիքն է»,- նշեց Դավիթը:

Մեր նկատառմանը, որ ինչպես ամեն անգամ, այս հեռուստասերիալում եւս կրկին գլխավոր հերոսի ընկերոջն է մարմնավորում, եւ հարցին, թե ինչի՞ հետ է դերասանը կապում այդ հանգամանքը, պատասխանեց.

«Այո, ինչպես իմ բոլոր դերերում, այս անգամ էլ մարմնավորում եմ գլխավոր հերոսի ընկերոջը, սակայն կերպարս մնացած հերոսներից տարբերվում է իր տեսակով: Այդ հանգամանքը կես կատակ, կես լուրջ կապում եմ այն փաստի հետ, որ իրական կյանքում եւս գլխավոր հերոսների հետ մտերիմ ընկերներ ենք: Այս ընթացքում միայն Միհրան Ծառուկյանի հետ նախկինում ընկերներ չենք եղել, բայց հեռուստասերիալից հետո մտերմացանք»:

Խոսելով «Նռան հատիկ»-ում իր մարմնավորած կերպարի մասին՝ Դավիթը պատմեց.

«Հերոսս՝ Գոգան, մարզպետի տղայի ընկերն է, ով եւս ուզում է հարուստ կյանքով ապրել: Նա հակասական կերպար է. ինչ-որ հանգամանքներում շատ անխիղճ է, որոշ իրավիճակներում էլ շատ խղճով, նա եւ երես առած է, եւ այդպիսին չէ: Նրա բնավորության թաքուն կողմերը ընթացքում հեռուստադիտողը կբացահայտի: Շատ կցանկանայի, որ կերպարս ավելի դրական լիներ, բայց, կարծում եմ, իրականում սյուժեն կառուցված է այնպես, ըստ որի Գոգան օգտվում է ստեղծված իրավիճակից եւ ընկերոջ դիրքից»:

Դավիթ Մարդյանն ու Հայկ Չոմոյանն իրական կյանքում եւս մտերիմ ընկերներ են: Հարցին, թե նրանց ընկերությունը նկարահանման հրապարակում օգնում, թե խանգարում է, պատասխանեց.

«Միանշանակ, օգնում է: Իհարկե, մեր կերպարները մեզ հետ ոչ մի կապ չունեն, մենք ազնիվ ու սրտացավ ընկերներ ենք, բայց, ինչ խոսք, հաճելի է, երբ աշխատանքդ անցնում է ընկերական շրջապատում: Ի դեպ՝ մեզ մոտ հրաշալի դերասանական կազմ է հավաքված, իրար շատ լավ ենք հասկանում, ուրախ եմ, որ մինչ այսօր ոչ մի խնդիր չի առաջացել»: 

Աղբյուրը՝ panorama.am

loading...