Աշխարհում յուրաքանչյուր 5-րդ մահ անառողջ սննդի պատճառով է վրա հասնում, պնդում են Վաշինգտոնի համալսարանի գիտնականները։ Վտանգավոր գործոններից մեկը, նրանց խոսքով, ամբողջ հացահատիկային մթերքների, մրգի և բանջարեղենի պակասն է։
Խոշոր հետազոտությունն ապացուցել է, որ վերջին տարիներին մարդիկ սկսել են ավելի երկար ապրել, քան նախկինում։ Կյանքի սպասվող միջին տևողությունը 2016-ին կանանց համար 75.3 տարին է, իսկ տղամարդկանց համար՝ 69.8 տարին։ Սակայն եթե նախկինում վաղաժամ մահվան հիմնական պատճառներն ինֆեկցիոն հիվանդություններն են, ապա այսօր հենց մարդկանց ապրելակերպն է։
Այսօրվա դրությամբ առաջին մարդասպանը ծխախոտն է, պնդում են գիտնականները։ Երկրորդ տեղում սննդակարգն է, որից հետո՝ արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը, հիպերտոնիան և ճարպակալումը։ Հետաքրքիր է, որ շաքարախտը և հիպերտոնիան հաճախ առաջանում են սխալ սնվելու հետևանքով։ Այդ պատճառով սխալ սննդակարգն աշխարհում մահվան դեպքերի 20 տոկոսի պատճառն է։
Հետազոտողները նշում են, որ մահացության նման մեծ մասշտաբների մեղավորը մեր մոլորակի քիչ ապահովված շրջաններում սխալ սնունդն է։ Մասնավորապես, ռիսկի գործոն է աղի ավելցուկը և սննդակարգում հագեցած ճարպերը, մրգերի, բանջարեղենի, սերմերի, ընկուզեղենի և Օմեգա 3 ճարպաթթուների պակասը։
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ մեր մոլորակի յուրաքանչյուր 7-րդ բնակիչ որևէ հոգեկան խնդիր ունի կամ տառապում է սուբստանցիաների չարաշահումից։
Նշենք, որ ամենատարածված 10 հիվանդությունների թվում է դեպրեսիան։
Աղբյուրը՝ 168.am