«X factor 3» նախագծի ֆինալիստներից Հայկ Հունանյանը, ով այս շրջանում շարունակում է երգել եւ ստեղծագործել Արսեն Սաֆարյանի պրոդյուսերությամբ, օրերս գունեղ տոնի է վերածել դստեր` Նատալիի 4-ամյակը: Նա BRAVO.am-ին է տրամադրել խնջույքի լուսանկարները եւ պատմել է ընտանիքի մասին:

 
Հայկ Հունանյանի դստեր 4-ամյակին
 


«Նատալին իր տարեդարձին սպասում էր ողջ տարին: Ջանք չենք խնայում, որ աղջկաս օրն իր համար անմոռանալի ու հեքիաթային լինի: Կարծում եմ՝ այս տարի եւս կարողացանք նրան շատ ժպիտներ պարգեւել: Կեսգիշերին հանձնեցինք նվերները, նա փչեց իր առաջին տորթի մոմերն ու մի լավ պարեց: Առավոտյան էլ մանկապարտեզում ծաղրածուներն իրեն եւ ընկերներին մի լավ ուրախացրել ու զվարճացրել են, խաղեր են խաղացել… Եվ որ ամենակարեւորն է՝ Նատալին իր սիրելի կերպարում էր. կրում էր արքայադուստր Սոֆիայի զգեստն ու կոշիկները: Դե, իսկ լիովին իր տարերքի մեջ էր երեկոյան, երբ ավելի ընտանեկան միջավայրում փչեց ամենագլխավոր տորթի մոմերը»,-պատմել է Հայկը:

Խոսելով դստեր մասին՝  երգիչն ասել է.«Աղջիկս շատ լուսավոր, աշխույժ ու ժպտերես երեխա է: Մարդամոտ է ու շատ շփվող, անչափ շատ է սիրում հյուրեր, ասում են՝ ինձ է նման:): Իր տարիքի համար բավական կազմակերպված ու խելացի է: Հաճախում է պարի, ունի լավ լսողություն: Անգամ երգ ունի գրած, որը հորեղբոր նվագակցությամբ միշտ կատարում է: Սիրում է նկարել, լողալ ու մայրիկին օգնում է շատ հարցերում: Սիրում է տատիկի ու պապիկի հետ գրեթե ամեն շաբաթ-կիրակին անցկացնել ամառանոցում: Շատ հետաքրքրասեր երեխա է, ունի շատ տարբեր նախասիրություններ ու սիրելի զբաղմունքներ»:

 
Հայկ Հունանյանը՝ դստեր հետ
 


Հայկը նշել է, որ անսահման կապված է դստեր հետ, սակայն աշխատանքային գրաֆիկը թույլ չի տալիս միասին շատ ժամանակ անցկացնել.«Նա գիտի, որ կիրակիներն իրենն են: Սիրում ենք միասին խաղերն ու երեկոյան զբոսանքները: Իսկ կինս շատ ժամանակ է տրամադրում այն ամենին, ինչը կապված է Նատալիի դաստիարակության, հետաքրքրությունների ու տաղանդների բացահայտման հետ, շատ համբերատար է ու ուշադիր: Բայց, դե, աղջիկս ամեն օր անհամբեր սպասում է իմ վերադարձին ու մինչ տուն հասնելս ինքնուրույն մի քանի անգամ զանգահարում է: Հաճախ ենք խոսում հեռախոսով, ու փորձում եմ կարոտս գոնե այդ կերպ առնել»:

 
Հայկ Հունանյանի կինն ու դուստրը
 


Անդրադառնալով ստեղծագործական նորություններին՝ երգիչը նշել է.«Օրերս կայացավ նոր՝ «Ամենալավն ես» երգիս պրեմիերան, որի երաժշտության հեղինակն Արսեն Սաֆարյանն է, իսկ խոսքերը գրել է Արթուր Սաֆարյանը: Պարային, աշխույժ երգ է, սպասում ենք հանդիսատեսի արձագանքին: Կան նոր երգեր, որոնք դեռ աշխատանքային փուլում են: Մի բան հստակ է՝ իմ պրոդյուսերի հետ շարունակելու ենք աշխատել»:

loading...