Համացանցում է հայտնվել Հասմիկ Կարապետյանի նոր տեսահոլովակի անոնսը: Երգչուհին երկար դադարից հետո որոշել է կրկին ուրախացնել երկրպագուներին ու ներկայանալ նոր ստեղծագործությամբ: Երգի նախապատմության, տեսահոլովակի նկարահանման ու ստեղծագործական դադարի պատճառների մասին BlogNews.am-ը զրուցել է երգչուհու հետ:
«Դու պիտի ապրես» երգը ծնվել է մոտ 2 տարի առաջ: Հասմիկի խոսքով՝ այն ի սկզբանե պետք է զուգերգ լիներ Լոնգ-Լոնգ անունով մի չինացի աղջկա հետ, ով այդ ընթացքում սովորում էր Երևանի պետական կոնսերվատորիայում, սակայն հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին. «Երաժշտությունը նրան շատ էր դուր եկել, մենք ծանոթացանք ու որոշեցինք համագործակցել, սակայն, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, չստացվեց: Աղջիկը մեկնեց Չինաստան ու երկար ժամանակ չկարողացավ վերադառնալ: Կարծում եմ՝ ոչինչ հենց այնպես չի լինում, ուրեմն՝ դա չէր երգի ճակատագիրը»:
Հասմիկը հենց սկզբից որոշել է՝ երգը սիրո մասին չպետք է լինի: Երգչուհու կարծիքով՝ մեղեդին այնպիսին է, որն թելադրում է շատ ավելի գլոբալ ուղերձ պարունակող մի բան. «Տառապանքներ, խոչընդոտներ, վայրէջքներ, վախեր… Պետք է ապրել՝ անկախ ամեն ինչից: Երգը չարի ու բարու անընդհատ պայքարի մասին է: Կարծում եմ՝ եթե կյանքում հավատում ես ինչ-որ լուսավոր կետի, եթե դրականն ապրում է քո մեջ, ուրեմն՝ դու կարող ես հաղթահարել փորձությունները»:
Երաժշտության հեղինակը Հասմիկ Կարապետյանն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը, գործիքավորմամբ զբաղվել է Դեր Հովան: Երաժիշտներն առաջին անգամ համագործակցել են Time Studio-ի ու երիտասարդ ռեժիսոր Բորիս Կիրակոսյանի հետ:
«Տեսահոլովակի պատրաստման ամբողջ ընթացքը տևել է մոտ 3 ամիս, բուն նկարահանումները՝ 2 օր, որովետև ես մայր եմ ու առաջվա նման չեմ կարողանում հարմարվել նկարահանող խմբի գրաֆիկին: Ինձ համար շատ ավելի դժվար է, քան շոու բիզնեսի շատ այլ ներկայացուցիչների, քանի որ ես չունեմ դայակ, ով կխնամի աղջկաս: Չնայած ընտանիքս միշտ կողքիս է ու ամեն կերպ աջակցում է ինձ, բայց որոշել եմ անձամբ զբաղվել Տաթևի խնամքով ու դաստիարակությամբ գոնե մինչև մեկ տարեկան դառնալը: Այս անգամ տղաները փորձեցին հարմարվել ինձ, ինչի համար շնորհակալ եմ: Տեսահոլովակում հիմնական գործող անձինք երեքն են՝ ես, Դեր Հովան ու Մարիամը, ով հանդես է գալիս բալետի պարուհու դերում: Շատ հետաքրքիր աշխատանք է ստացվել, բայց փակագծերը բացել չեմ ուզում»:
Երգչուհու այսքան երկար լռությունը պայմանավորված է եղել մի շարք հիասթափություններով: Հասմիկին այնքան էլ չի ոգևորում վերջին շրջանում հայկական շոու բիզնեսի մթնոլորտը. «Ինձ համար ամեն ինչ անդեմ, անգույն ու միապաղաղ է դարձել: Չեմ ուզում վիրավորել ինչ-որ մեկին, քանի որ ժամանակի ընթացքում նոր մարդիկ են հայտնվում՝ նոր ասելիքով ու նոր գույներով, ու փորձում են իրենք էլ իրենց ճանապարհը հարթել: Սակայն այսօր ինձ համար կա մի ճշմարտություն. չկան ձեռագրեր, առանձնահատուկ ոճեր, ինձ՝ որպես երաժշտի, պակասում է դա: Մեր երգարվեստում կուզենայի գույներ տեսնել»,- եզրափակեց Հասմիկը: