Սեպտեմբերի 18-ից «Շանթ Պրեմիում»-ի եթերում մեկնարկել է «Էլենի օրագիրը» նոր բազմասերիանոց հեռուստասերիալը, որի դերասանական կազմում ներգրավված է Դավիթ Աղաջանյանը: Life.panorama.am-ի հետ զրույցում Դավիթը պատմեց, որ արդեն երրորդ տարին է, ինչ աշխատում է «Շանթի» հետ:

«Իհարկե, ժամանակ առ ժամանակ փոքրիկ փոփոխություններ լինում են, բայց արդեն երեք տարի է, ինչ այս մեծ թիմի մասնիկն եմ, որը բառի բուն իմաստով ընտանիքի է վերածվել ինձ համար: Ինձ իսկապես շատ հարազատ մարդիկ են հավաքված այստեղ, ուստի նրանց հետ կապված առաջարկներն էլ սիրով եմ ընդունում»,- նշեց Դավիթը:

Խոսելով իր կերպարի մասին՝ դերասանը պատմեց.

«Մարմնավորում եմ յոթ առանցքային կերպարներից Արամին: Տյուժետային գծերը դասավորված են այնպես, որ տարբեր ժամանակահատվածներում տարբեր կերպարներ զարգացումներ են ունենալու: Արամը սպորտսմեն է, նա որպես ֆիզկուլտուրային ուսուցիչ է ընդունվում դպրոցում, բայց այդքանով նրա կերպարի շերտերը չի եզրափակվում: Արամն ունի վրեժ իր քրոջ հետ կապված: Տարիներ առաջ իր քրոջ հետ վատ միջադեպ է կատարվել, այդ իսկ պատճառով նա եկել է այդ դպրոց, որպեսզի հանգամանքները պարզի եւ գտնի մեղավորներին: Իհարկե, այդ մասին դպրոցում ոչ մեկը չգիտի: Այսինքն՝ Արամը երկու հոգեվիճակներում է հանդես գալիս՝ դպրոցում նա ուսուցիչ է, իսկ աշխատանքից դուրս նա ընկնում է իր ցավերի եւ մտքերի ճիրանը»:

Մեր նկատառմանը, թե մշտապես գլխավոր կերպարներով հանդես եկող Դավիթի համար անսովոր չէ՞ր այս անգամ այդ կարգավիճակով հանդես չգալը, պատասխանեց.

«Այստեղ կտրուկ չէ գլխավորն ու երկրորդականը: Բացի այդ էլ, ես այնքան էլ չեմ կարեւորում գլխավոր կերպար ես մարմնավորում, թե ոչ: Ինձ համար ամենակարեւորն այնն է, որ սիրեմ կերպարս: Բացի այդ, ինձ չէի կարող տեսնել դպորցականի դերում, ես այդ տարիքից արդեն դուրս եմ ու ինձ հետաքրքիր են հասուն կերպարներ մարմնավորելը: Ինձ հաստատ դժվար կլիներ 18 տարեկանի հոգեվիճակ ներկայացնելը»:

Խոսելով դերասանական կազմի մասին՝ Դավիթը նշեց, որ կադրից դուրս շատ համերաշխ մթնոլորտ է տիրում.

«Դերասանական կազմում հավաքված են իրենց գործին լավ տիրապետող մարդիկ, որոնք նաեւ իրենց մարդ տեսակով են փայլում: Շատ ուրախ եմ, որ մեր թիմում կա սեր ու հարգանք միմյանց նկատմամբ, ինչն էլ մեր լավ ու հաջող աշխատանքի գրավականն է»,- նկատեց նա:

Զրույցի վերջում անդրադառնալով Դավիթ Աղաջանյանի եւ Աննա Դովլաթյանի յուրօրինակ ու գեղեցիկ նշանադրությանը եւ հետաքրքրվելով, թե ե՞րբ է սպասվում հարսանիքը, դերասանը պատասխանեց.

«Չեմ ուզում նախապես խոսել այդ մասին, երբ գա մեր կյանքի այդ կարեւոր օրը, բոլորն էլ կիմանան: Միայն կասեմ, որ մոտ ապագայում եւս մեկ անակնկալ է սպասվում»:

Աղբյուրը՝ Life.panorama.am

loading...