Երգչուհի Սոնա Շահգելդյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ ամյակին: Տեսահոլովակը նկարահանվել է «Դարերի շունչ» երգի հիման վրա, որի հեղինակներն են Հոլանդիայում բնակվող Արթուր Նիկողոսյանը եւ Հարություն Ազարյանը:
«Ինձ համար այս երգն ու տեսահոլովակը կարեւոր նշանակություն ուներ, քանի որ այն նվիրելու էի իմ հայրեինքին: Ռեժիսորը Զորիկ Բարսեղյանն է, ով նաեւ իմ շատ լավ ընկերն է: Մենք միասին ենք որոշել, թե ինչպես պետք է զարգանա հոլովակը: Ես ուզում էի, որ նկարահանվեր Ամբերդում եւ Զվարթնոցի տաճարում: Այս երգը իմ հանդիսատեսին ծանոթ է, քանի որ այն իմ երգացանկում վաղուց կա, հաճախ եմ տարբեր առիթներով կատարել այն»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Սոնան եւ ավելացրեց.
«Որոշեցի նոր տեսահոլովակով շնորհավորել մեր ժողովրդին անկախության տոնի առթիվ: Ես շատ ուրախ եմ, որ մենք համարվում ենք ազատ եւ անկախ պետություն, սակայն կցանկանամ, որ անկախությունը էլ ավելի զգալի լինի: Ուզում եմ, որ մեր ժողովուրդը այս երկրում իրեն ապահով ու լավ զգա, որպեսզի չմտածեի հեռանալու եւ օտար հողում ապաստան գտնելու մասին: Ես շատ եմ ցանկանում, որ խաղաղություն լինի մեր երկրում, մեր զինվորներն էլ կարիք չունենան պատերազմելու եւ մեր անդորրը պահպանելու: Իսկապես, ինձ համար զինվորների կյանքը անբացատրելի թանկ է, ես խոնարհվում եմ նրանց առաջ, հպարտանում, որ իրենց շնորհիվ շարունակում եմ գործել ու մեր ժողովրդին երգեր նվիրել»:
Ի դեպ` Սոնա Շահգելդյանը օրերս նոր ֆոտոշարքով է ներկայացել: Երգչուհին պատմեց, որ նոր կերպարների հեղինակն է Հայաստանում եւ Ռուսաստանում ճանաչված թիթեռնիկներ ստեղծող, դիզայներ, ոճաբան Գեղամ Շերոյանը:
«Գեղամի հետ շատ պատահական ծանոթացանք, բայց հիմա արդեն շատ մտերիմ ընկերներ ենք: Նախկինում Գեղամը մեր հայ երգիչներից մի քանիսի հետ համագործակցել է, բայց երգչուհիներից առաջինն ինձ հետ է աշխատել: Առաջարկը եղավ նրա կողմից, որից հետո երկուսով ընտրեցինք իմ կերպարները: Ինձ հետ աշխատած մարդիկ լավ գիտեն, որ բծախնդիր չեմ, ավելորդ ամբիցիաներ չունեմ եւ վստահում եմ դիմացինին, բայց, իհարկե, պահպանում եմ չափավորությունն ու գեղեցկությունը: Ինձ համար միայն կարեւոր է այն, որ տվյալ բանն ինձ համահունչ լինի, այսինքն` ինձ համար ոչ թե առաջնային է այն, ինչ նորաձեւ է, այլ այն, ինչ ինձ սազում է: Ես եւ Գեղամը երկուսով ենք որոշել, թե ինչպիսի կերպարներով ներկայանամ: Սկսած վարսերից, դիմահարդարումից, մինչեւ հագուստ երկար ծանրութեթեւ անելուց հետո եկել ենք ընդհանուր հայտարարի: Կարծում եմ` նոր ֆոտոշարքս իսկապես շատ տարբերվող է, յուրօրինակ ու չկրկնվող: Ի դեպ` լուսանկարների հեղինակն է լուսանկարիչ Հայկ Հարությունյանը»,- ավարտեց երգչուհին:
Աղբյուրը՝ Life.panorama.am