Նապոլեոնը և սֆինքսի քիթը

Մեծ սֆինքսը աշխարհի հնագույն հուշարձանն է: Տարբերակիչ նշաններից մեկը դրա քանդված քիթն է: Ամենատարածված լեգենդում ասվում է, որ այդ դետալը քանդել են Նապոլեոնի թնդանոթները՝ բուրգերի մոտ թուրքերի հետ պատերազմի ժամանակ (1798 թ.): Սակայն դանիացի ճանապարհորդ Ֆրեդերիկ Նորդենի նկարները, ով հուշարձանն առանց քթի տեսել է 1737 թվականին, ժխտում են Նապոլեոնի միջամտության պատմությունը:

Վան Գոգը և կտրված ականջը

Դժվար թե գտնվի մեկը, ով չգիտի այս նկարչի անունը: Մասնավորապես՝ կտրված ականջի մասին պատմության շնորհիվ, որը, իբրև թե, Վան Գոգն ուղարկել է սիրուհուն: Ամեն ինչ կատարվել է Գոգենի հետ հանդիպումից հետո: Այդ ժամանակ կոնֆլիկտ է տեղի ունեցել, որի ընթացքում Վան Գոգն ածելիով հարձակվել է ընկերոջ վրա, սակայն Գոգենին հաջողվել է կանգնեցնել Վինսենթին: Զղջման պոռթկումից նույն գիշեր Վան Գոգը կտրել է ականջի բլթակը: Որոշ ուսումնասիրողներ պնդում են, որ դա խելագարության դրսևորում էր, որ տեղի է ունեցել աբսենտի չափից շատ օգտագործման պատճառով, այլ ոչ զղջման դրսևորում:

Վիկինգների կոտոշավոր սաղավարտը

Գրքերում, նկարներում և ֆիլմերում սովոր ենք տեսնել վիկինգներին կոտոշավոր սաղավարտներով, սակայն հնագետները դեռևս չեն կարողանում հստակ ասել, թե ինչ տեսք են ունեցել նրանց սաղավարտները: Այն, թե ինչպես են պատկերում վիկինգներին զանգվածային մշակույթում, կապված է նկարների հետ, որոնք գտնվել են դամբարաններում: Այժմ գիտնականները կարծում, որ եթե նման սաղավարտներ նույնիսկ օգտագործվել են, ապա միայն ծիսակատարություններում, այլ ոչ մարտերում: Ընդ որում՝ նման սաղավարտը ստեղծվել է դեռ բրոնզե դարում՝ վիկինգներից շատ առաջ:

Սթոունհենջ

Գիտնականների համար Սթոունհենջը մեր մոլորակի ամենաառեղծվածային հուշարձաններից է: Պարբերաբար նոր վարկածներ են ի հայտ գալիս այն մասին, թե ինչու են հսկայական քարերը շրջանաձև դասավորված: Իրականում, ի սկզբանե Սթոունհենջն իրենից ներկայացրել է քաոսային կարգով թափթփված քարերի կույտ: 1901 թվականին, Ուիլյամ Գոուլանդի ղեկավարությամբ սկսվել է հուշարձանի առաջին խոշոր ռեստավրացիան: Համացանցում վերջերս հայտնված լուսանկարներն ապացուցում են, որ Սթոունհենջն ամենևին այնպիսին չէ, ինչպիսին եղել է հնում:

Ամերիկայի բացահայտումը

Պատմության դասերին մեզ սովորեցրել են, որ 1492 թվականին Քրիստափոր Կոլումբոսը եվրոպացիների համար բացահայտել է Ամերիկան: Սակայն, վերջին տվյալների համաձայն, X դարավերջին վիկինգները, հաճախակի նավարկություններ կատարելով արևմուտք, դարձել են առաջին եվրոպացիները, ովքեր այցելել են Ամերիկա: Այդ ժամանակ տեղի է ունեցել Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի բնակիչների միջև առաջին գենետիկական կապը:

Օսսիանի պոեմները

Շոտլանդացի բանաստեղծ Ջեյմս Մաքֆերսոնը հայտնի է դարձել III դարի լեգենդար կելտ գուսան Օսսիանի պոեմների թարգմանությամբ: Գրողի վերջին հրապարակումներից հետո նրան խնդրել, ապա պահանջել են ցույց տալ իրական ձեռագրերը: Մաքֆերսոնն ամեն կերպ խուսափել է պատասխանից՝ այդպես էլ ոչ մի ապացույց չներկայացնելով: Առայսօր չի գտնվել ոչ մի ձեռագիր, որը կհաստատեր Օսսիանի բանաստեղծությունների իրական լինելը, իսկ բուն բանաստեղծություններն էլ արդեն միստիֆիկացիա են համարվում:

Աղբյուրը՝ panorama.am

loading...