Երեխայի դաստիարակությունը շատ բարդ ու պատասխանատու աշխատանք է, որը հաճախ վախեցնում է նորաթուխ ծնողներին, սակայն մանկաբույժ Սթիվեն Կոուենը ներկայացրել է 11 կանոն, որոնք կօգնեն առողջ ու հաջողակ երեխա մեծացնել:

 

1.      Երեխայի աճն ու զարգացումը մրցույթ չէ

 

Ներկայում շատ ծնողներ ուզում են, որ երեխան հնարավորինս արագ մեծանա, սակայն հաշվի չեն առնում, որ կյանքը շատ դեպքերում նման է լինում պտղի հասունացմանը: Որպեսզի պտուղը քաղցր ու հասած լինի, ծառը պետք է ունենա ամուր արմատներ և լավ սնուցվի: Հարկավոր է երեխայի հետ հաճախ զբոսնել, միասին սնվել ու խաղեր խաղալ, իսկ եթե նա մի փոքր մեծ է, ապա կարելի է պատմել սեփական մանկության մասին:

 

2.      Ընտանեկան ավանդույթները նպաստում են առողջ ու երջանիկ կյանքին

 

Ընտանեկան ավանդույթներն օգնում են ամրապնդել ընտանեկան կապերը, սեր ու կապվածություն են սերմանում, ինչը կմնա փոքրիկի հետ նրա ամբողջ կյանքի ընթացքում և կպաշտպանի բազմաթիվ անհաջողություններից ու դժբախտություններից:

 

3.      Կյանքն ընթանում է գալարագծով

 

Հարկավոր է հաշվի առնել, որ կյանքն ընթանում է գալարագծով, ինչը նշանակում է, որ մարդն ունի մի քանի հնարավորություն որևէ բան սովորելու համար: Կյանքի ամեն նոր փուլում մարդը կրկին ու կրկին բախվում է նույն դասերին, ուստի հարկավոր է ավելի ներողամիտ լինել և չպահանջել, որ երեխաները միշտ ամեն ինչ ճիշտ անեն հենց առաջին անգամից:

 

4.      Աջակցությունն ու ամենաթողությունը նույնը չեն

 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենաթողությունը ոչ միայն օգտակար չէ, այլև զրկում է երեխային մոտիվացիայից և հաջողության հասնելու ցանկությունից: Հարկ է հիշել, որ աջակցությունը երեխային որևէ բան ինքնուրույն անելու համար ուժ ու ցանկություն տալն է, այլ ոչ թե դա նրա փոխարեն անելը: Երեխան պետք է զգա ծնողի անսահման սերը, ինչի շնորհիվ նա վստահ կլինի, որ սխալվելու դեպքում նրան ոչնչում չեն մեղադրի:

 

Աջակցությունը կարող է դառնալ որևէ մեծ գործի սկիզբ, մինչդեռ ամենաթողությունը երեխայի մեջ սեփական արժեքավորության զգացում է առաջացնում՝ միևնույն ժամանակ զրկելով նրան վճռականությունից ու խոչընդոտները հաղթահարելու ցանկությունից:

 

5.      Ծնողի լավագույն ուսուցիչը երեխան է

 

Փոքրիկ երեխաները հետևում են ծնողների յուրաքանչյուր քայլին՝ փորձելով հասկանալ այս անհասկանալի ու խենթ աշխարհը: Նրանք ուսումնասիրում են ծնողներին և նրանց բոլոր թերությունները, ուստի բարկանալիս հարկ է հիշել, որ այդ զայրույթի հիմքերը ոչ թե երեխայի մեջ են, այլ ծնողի: Նման դեպքերում հարկավոր է հանգստանալ և փորձել հասկանալ, թե ինչ է երեխան սովորեցնում ծնողին: Լավ ծնողների գաղտնիքներից մեկն այն է, որ երեխայի հանդեպ տածած սիրո համար նրանք ցանկանում են փոխել իրենք իրենց:

 

6.      Ախտանշանի միջոցով մարմինը հասկացնում է, որ հարկավոր է որևէ բան փոխել

 

Լավ բժիշկն ախտանշանից ազատվելու փոխարեն փորձում է հասկանալ, թե ինչի մասին է վկայում այդ ախտանշանը: Առհասարակ մարդկային մարմինը բավական խելացի է և կարող է շատ բան պատմել առողջական վիճակի մասին: Հարկ է հիշել, որ, օրինակ, այնպիսի ախտանշանը, ինչպիսին է բարձր ջերմությունը բնավ խնդիր չէ, սակայն այն, ինչի հետևանքով բարձրացել է ջերմությունը, կարող է լինել խնդիր (սակայն կարող է և չլինել): Բարձր ջերմությունը պարզապես միջոց է, որի օգնությամբ մարմինը փորձում է հաղթահարել ստեղծված իրավիճակը: Եթե երեխան բարձր ջերմությունից բացի որևէ այլ ախտանշան չունի, ապա այն իջեցնելու կարիք չկա, քանի որ նրա մարմինը պարզապես փորձում է հավելյալ ջերմության միջոցով ամրապնդել իմունային համակարգը: Այս դեպքում պարզապես հարկավոր է օգնել օրգանիզմին և հնարավորինս շատ տաք հեղուկ ու օգտակար սնունդ տալ փոքրիկին:

 

7.      Պատրաստ եղեք

 

Որպեսզի երեխայի իմունային համակարգն ամուր լինի, այն պետք է «սովորի» հիվանդանալ ու բուժվել, ուստի, երեխային ամեն կերպ հիվանդույթուններից պաշտպանելով, ծնողները զրկում են նրանց բուժվելու ունակությունից: Մշտապես վախի մթնոլորտում ապրելու փոխարեն հարկավոր է պատրաստ լինել հաղթահարել խնդիրները և օգնել երեխային ապաքինվել: Բացի այդ, հիվանդանալու դեպքում տխրելու փոխարեն, հարկավոր է ուրախանալ, երբ փոքրիկն ապաքինվի:

 

8.      Ապաքինման համար ժամանակ է հարկավոր

 

Որոշ հիվանդությունների դեպքում հարկավոր են արագ ազդող արդյունավետ դեղամիջոցներ, սակայն հիմնականում միայն արդյունավետ դեղամիջոցները բավական չեն և փոքրիկի ապաքինման համար ժամանակ է հարկավոր: Հարկ է հիշել, որ ապաքինման համար կան փուլեր, որոնք բոլորն էլ հարկավոր է անցնել: Մարմինը պետք է սովորի ինքնուրույն հաղթահարել հիվանդությունները, ուստի պետք չէ  խոչընդոտել այդ գործընթացին:

 

9.      Ապրելու ունակությունը բաց թողնելու ունակությունն է

 

Որևէ բանից հրաժարվելն ու բաց թողնելը ոչ միշտ է հեշտ լինում, սակայն ամեն երեխա դա անում է յուրովի: Թերևս բաց թողնելու ունակության ամենազարմանալի և յուրահատուկ մեթոդը, որը ծնողը սովորում է երեխայից, խաղերն են, որոնք ազատում են մարդուն՝ օգնելով այդքան լուրջ չվերաբերվել ինքներս մեզ:

 

10.  Վստահեք ինքներդ ձեզ, քանի որ ծնողից լավ երեխային ոչ ոք չի ճանաչում

 

Ծնողներին հաճախ թվում է, թե իրենք միևնույն ժամանակ ամեն ինչ գիտեն և ոչինչ չգիտեն, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մոր ինտուիցիան շատ ավելի հզոր է, քան լաբորատոր հետազոտությունները, ուստի անհրաժեշտ է ավելի ուշադիր լինել երեխայի հանդեպ, լսել նրան, փորձել հասկանալ և միշտ հետևել ինտուիցիային:

 

11.  Աշխատեք տեսնել խնդիրն ամբողջությամբ

 

Հարկ է հիշել, որ կյանքին անհրաժեշտ է նայել որպես ամբողջական երևույթի, այլ ոչ թե ուշադրությունը կենտրոնացնել ներկայում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Կյանքին կողքից նայելը կօգնի հասկանալ, որ իրականում այն իմաստությունն ու կարեկցանքը, որի կարիքը մարդն ունեցել է, միշտ նրա հետ են եղել:

 

Աղբյուրը՝ tert.am

loading...