Թրոմբը արյան խտացած զանգվածներն են, որոնք առաջանում են արյունատար անոթներում և հանգեցնում են դրանց մասնակի կամ ամբողջական խցանման։ Այլ կերպ ասած՝ արյան մակարդումն է արյունատար անոթի ներսում, ինչը կոչվում է թրոմբոզ։

Թրոմբների առաջացման հիմնական պատճառը արյան մակարդելիության համակարգի աշխատանքի խանգարումն է։ Արյունատար անոթի ներքին մակերևույթի վնասվածքները դրա առաջանցման համար ամենահարմար պայմաններն են։

Թրոմբները շատ վտանգավոր են, քանի որ դրանց ձևավորման վաղ փուլերում մարդու օրգանիզմի ընդհանուր վիճակի որևէ փոփոխություն չի նկատվում, սակայն  ժամանակին միջոցներ չձեռնարկելու դեպքում այն կարող է հանգեցնել ճակատագրական հետևանքների։

Բժշկական տերմինաբանության մեջ կա, այսպես կոչված, առաջնային թրոմբ հասկացությունը, որը սկզբում առաջանում է արյունատար անոթի վնասված ներքին պատին և ստեղծում է «հարթակ» թրոմբատիկ զանգվածների հետագա կուտակման համար։

Թրոմբների առաջացման պատճառները

Ընդունված է առանձնացնել մարդու օրգանիզմում թրոմբների առաջացման 3 հավանական ու տարածված պատճառ։

·         Արյան մակարդելիության համակարգի խանգարումներ. նման վիճակի կարող է հանգեցնել գենետիկ հակումը կամ վիրուսների ու բակտերիաների ազդեցությունը, ինչպես նաև որոշ դեղամիջոցների ընդունումը։

·         Արյունատար անոթի ներքին պատերի վնասվածքներ. արյունատար անոթների ներքին վնասվածքները կարող են լինել տարբեր քիմիական կամ մեխանիկական գործոնների, ինչպես նաև բակտերիաների ու վիրուսների ազդեցությամբ։

·         Արյան շրջանառության խանգարում. այս խանգարումները հատկապես հատուկ են այն անձանց, ովքեր տառապում են ստորին վերջույթների երակների վարիկոզ լայնացմամբ կամ արյան բարձր մակարդելիությամբ։

Թրոմբներ կարող են առաջանալ մանր ու խոշոր զարկերակներում ու երակներում և նույնիսկ սրտամկանում։

Զարկերակներում թրոմբի առաջացումը կարող է պայմանավորված լինել անոթի պատերին խոլեստերինի նստվածքով։ Դրանցից առաջացած գնդիկները նպաստում են անոթի հյուսվածքների բորբոքման, ինչն էլ, իր հերթին, հանգեցնում է անոթի վնասվածքի և թրոմբների առաջացման։

Երակներում թրոմբների առաջացումը կարող է պայմանավորված լինել դրանց ներքին մակերևույթի երկարատև մեխանիկական վնասվածքներով։ Նման վնասվածքներ կարող են նկատվել այնպիսի հիվանդության դեպքում, ինչպիսին թրոմբոֆլեբիտն է։

Սրտամկանի խոռոչում թրոմբների առաջացմանը հանգեցնող հիմնական գործոնը օրգանիզմում արյան հոսքի ինտենսիվության նվազումն է։ Նման վիճակ կարող է նկատվել սրտամկանի կաթված ստացած անձանց մոտ, ինչպես նաև արված սրտի վիրահատությունից հետո։

 

Թրոմբի անջատման պատճառները

 

Մարդու օրգանիզմում թրոմբների առկայությունը նման է «դանդաղ գործող ռումբի», որն ամեն վայրկյան կարող է պայթել։ Գոյություն ունի մի քանի տասնյակ պատճառ, որոնցով կարող է պայմանավորված լինել թրոմբի՝ անոթի պատից պոկվելը։  Ձեզ ենք ներկայացնում դրանցից ամենահավանականները։

·         Առաջին պատճառը արյունատար անոթի մասնակի խցանումն է։ Այս դեպքում արյան խիտ զանգվածը բավական կայուն չէ և կարող է ամեն վայրկյան պոկվել արյան հոսքի հետևանքով։

·         Երկրորդ հավանական պատճառը օրգանիզմում արյան հոսքի արագացումն է։ Երբեմն արյան հոսքը կարող է այնքան ինտենսիվ լինել, որ հնարավոր է անջանտվի նույնիսկ ամենակայուն թրոմբը։

Անջատվելուց հետո թրոմբը կարող է տեղաշարժվել կամ ամբողջական վիճակում, կամ մասնատված, ինչը կհանգեցնի միևնույն ժամանակ տարբեր չափերի մի քանի անոթի խցանման։

 

Խոշոր զարկերակների խցանումը կարող է հանգեցնել վայրկենական մահվան։

 

Հարկ է հիշել, որ, անկախ թրոմբի գտնվելու վայրից, այն պետք է ժամանակին ախտորոշել և բուժել՝ դրա անջատման հետևանքով հետագա հնարավոր բարդություններից խուսափելու համար։

 

Աղբյուրը՝ tert.am

loading...