Շանթ» հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանում հաղորդավար Եգոր Գլումովը հանդես կգա եվրոպական տարբեր երկրներում հայտնի հաղորդաշարով: «Մամայի եփածն ուրիշ է»՝ այսպես է կոչվում նոր խոհանոցային հաղորդումը, որը համեմված է հումորով:
Life.panorama.am-ի հետ զրույցում Եգոր Գլումովը պատմեց, որ նոր ձեւաչափի հաղորդումը հետաքրքիր է լինելու մի քանի պատճառներով.
«Սա միջազգային ֆորմատի խաղ է, որը հայտնի է տարբեր երկրների ժողովուրդներին: Ըստ ձեւաչափի՝ մենք փորձելու ենք բացահայտել տարբեր մարդկանց նյարդային, հումորային եւ այլ կողմերը: Այստեղ կարեւոր չէ, թե ով ավելի լավ կպատրաստի, կարեւոր է ներսի շփումը, մայր-զավակ հարաբերությունը»,- նշեց հաղորդավարը:
«Մամայի եփածն ուրիշ է» նախագծին կարող է մասնակցել յուրաքանչյուրը: Հարկավոր է հայտագրվել եւ եթե ստեղծագործական թիմի պահանջները բավարարվեն, ապա հնարավոր է դառնալ տվյալ թողարկման հյուրը:
«Ըստ պահանջների՝ պետք է երկու մասնակից լինի, պարտադիր չէ մայրիկի ներկայությունը, թեեւ դա իդեալական տարբերակն է: Այստեղ կարեւոր չէ, որ հյուրը հայտնի լինի, յուրաքանչյուրը կարող է դառնալ մեր հաղորդման հերոսը»,- հավելեց նա:
Հետաքրքրվելով, թե մարդիկ բարդույթներ չունե՞ն նկարահանվելու հետ կապված, ի վերջո՝ հատկապես մայրիկների պարագայում տեսախցիկի առջեւ հայտնվելը գուցե կաշկանդող լինի, Գլումովը պատասխանեց.
«Նրանք միանգամից ընկնում են վազքի, շարժի մեջ ու մոռանում տեսախցիկի, հաղորդավարի եւ այլնի մասին: Այդ էմոցիաները վերջում են իրենց զգացնել տալիս: Նախագիծն իսկապես այնքան հետաքրքիր է, որ ազարտի մեջ ընկնելով՝ անգամ ես եմ մոռանում ամեն ինչի մասին»:
Սա Եգոր Գլումովի առաջին փորձը չէ, երբ խոհանոցային հաղորդում է վարում: Նրա նախկին փորձերը հաջողություն են գրանցել, մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ «Մամայի եփածն ուրիշ է» հաղորդումը կսիրվի հեռուստադիտողի կողմից, քանի որ այն տարիքային սահմանափակում չունի, բայց եւ հավելեց՝ երբեք վարկանիշային հարցերով չի հետաքրքրվում: