Հայաստանում է Մեծ եղեռնի մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջը, ով այսօր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) և Creative Armenia-ի նախաձեռնությամբ վարպետության դաս անցկացրեց ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում: Օսկարակիր ռեժիսորը կինոգործիչների և կինոսերների հետ կիսվեց իր փորձով՝ առավելապես անդրադառնալով «Խոստումը» ֆիլմի նկարահանման աշխատանքներին: Life.panorama.am-ը առանձնացրել է ռեժիսորի մի քանի խորհուրդները:

Հինգ տարի ծախսել եմ Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելու վրա

Ես Հայաստանում եմ արդեն երկրորդ անգամ: 2013-ին եկա, որպեսզի այստեղ ծանոթանայի Ցեղասպանության պատմության մանրամասներին, այնուհետև գնացի Ստամբուլ, հետո էլ Բեռլին՝ տեսնելու այն փողոցը, որտեղ Սողոմոն Թեհլերյանը սպանել է Թալեաթ փաշային: Այսպիսով ես հինգ տարի ծախսել եմ Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելու վրա: Այժմ շատ ուրախ եմ, որ կրկին Երևանում եմ, այսօր առավոտյան էլ այցելել եմ Ցեղասպանության թանգարան:

Հնարավոր չէր Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել ուրախ վերջաբանով

1915 թվականի դաժան դեպքերը ես ներկայացրել եմ կին-տղամարդ հարաբերությունների միջոցով: Նման պատմությունները ներկայացնելիս պետք է փորձել գրավիչ մի բան ստեղծել, որպեսզի այն հետաքրքրի հանդիսատեսին: Այս ֆիլմում, ինչպես գիտեք, սիրո քառանկյուն է ներկայացված: Ֆիլմի ավարտին, ճիշտ է, գլխավոր հերոսուհին մահանում է, այդպես էլ պետք է լիներ: Հնարավոր չէր Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել ուրախ վերջաբանով, բայց այն նաև պետք է հույս ներշնչեր, ինչը և փորձել ենք անել:

Հանդիսատեսի մոտ զգացմունքներ արթնացրեք 

Պետք է անպայման հանդիսատեսին հուզել, նրա մոտ զայրույթի, ցավի, ափսոսանքի, պակաս կարևոր չէ նաև ուրախության պահեր առաջացնել: Թեև այս ֆիլմը ցեղասպանության մասին է, բայց կան որոշ դրվագներ, որոնք ստիպում են մարդուն ժպտալ:

Առանց լավ սցենարի երբեք փողոց մի՛ անցեք

Մի հայտնի ռեժիսոր ասել է՝ Առանց լավ սցենարի երբեք փողոց մի անցեք: Եթե ինչ-որ բան ձեզ դուրս չի գալիս սցենարի մեջ, վստահ չեք դրա վրա, անպայման վերացրեք այդ պահը: Ավելորդ ոչ մի բան հարկավոր չէ: Նման ֆիլմերի դեպքում շատ կարևոր է ճշմարտացի պատմությունը: Բնականաբար, ամեն ինչ չես կարող ներառել ֆիլմում, բայց որպես ռեժիսոր ես տեղյակ եմ պատմական փաստերի մասին: Պատրաստ եմ ճշմարիտ փաստերով պատասխանել բոլոր առարկություններին:

Ամենադժվարը գրելն է

Ես ժամանակին աշխատել եմ տաքսու վարորդ, բարմեն, անգամ շինարարությամբ եմ զբաղվել. թվում էր, թե ամենադժվար բանը առաստաղին պաստառներ փակցնելն է, բայց պարզվեց՝ ամենադժվարը գրելն է: Միշտ սկզբում խուսափում եմ գրել, խուսափում եմ այնքան, մինչև մոտենում են վերջնաժամկետներն ու ստիպված սկսում եմ:

Լսարանը համբերատար է, քննադատները՝ ոչ

Նման մի կանոն կա՝ եթե 30 րոպեի ընթացքում ոչ մի հետաքրքիր դեպք տեղի չի ունենում, հանդիսատեսը սկսում է ձանձրանալ: Ես ընդունում եմ՝ «Խոստումը» ֆիլմում հերոսին ձերբակալում են 40-րդ րոպեին, բայց ես ստիպված էի նախապատմություն ներկայացնել, իսկ դա կես ժամվա մեջ հնարավոր չէր տեղավորել: Գիտեք, լսարանը համբերատար է, քննադատները՝ ոչ: Դրա հետ կապված ես լսել եմ քննադատություններ, որ ֆիլմն արագ չի զարգանում:

Քննադատների կարծիքն ինձ այդքան էլ չի հետաքրքրում

Ես փորձում եմ չկարդալ քննադատների կարծիքները, ինձ դա այդքան էլ չի հետաքրքում, առավել կարևորում եմ լսարանի արձագանքը: Վերջերս ֆիլմը ցուցադրվեց Ֆրանսիայում, ներկա էի, հանդիսատեսը 10 րոպե հոտնկայս ծափահարում էր:

«Խոստումը» ֆիլմում պակասում է…

Բնականաբար, մենք չէինք կարող մեկ ֆիլմում ներառել Հայոց ցեղասպանության հետ կապված բոլոր ուշագրավ փաստերն ու մանրամասները: Ըստ իս, ֆիլմում պակասում է թուրքերի մտածելակերպը, պատճառը, թե ինչու էին նրանք ցանկանում ոչնչացնել հայերին: Օրինակ, ֆիլմում չենք ներառել Թալեաթ փաշայի և դոկտոր Նազիմի զրույցը, բայց, կարծում եմ, DVD տարբերակում այն կա: Ֆիլմը նախատեսված էր նկարահանել 110 օրում, բայց մեզնից պահանջվեց 70 օր: Կարծում եմ, եթե դերասանի մոտ 6 դուբլից հետո չի ստացվում, պետք է փոխել սցենարը:

Ես այս ֆիլմը անվճար էլ կնկարեի

Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն էր անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային: Ես այս ֆիլմը անվճար էլ կնկարեի (ծիծաղում է-խմբ.), բայց սկզբում չէի կարող դրա մասին ասել: Հոլիվուդին նման սցենարներն այդքան էլ չեն հետաքրքրում, այսինքն եթե չլինեին Քըրք Քըրքորյանի նախաձեռնությունն ու ֆինանսավորումը, մենք նման ֆիլմ չէինք ունենա:

 

loading...