Շվեդ հայտնի երգիչ Բոսսոնն այս օրերին Հայաստանում է։ Ժամանակին Երևանի ամեն անկյունում կարելի էր լսել նրա One In A Million հիթը։ 2017–ին 48-ամյա երգչի երգերը Հայաստանում հիթ չեն, սակայն Երևանում նրան դիմավորել են ջերմ ժպիտներով, ինչը տպավորել է Բոսսոնին։
Երգչի այցը Հայաստան գործնական նպատակ ունի։ Նա և ռուսաստանաբնակ հայ երգիչ Էդգարը տեսահոլովակ են նկարահանում իրենց զուգերգի հիման վրա։ Բոսսոնին Հայաստանը ցույց տալու հնարավորությունը բաց չթողնելով` տեսահոլովակի նկարահանումները կազմակերպվել են Հայաստանում, թեև այն տաղավարային է և կարելի էր նկարահանել աշխարհի ցանկացած կետում։ Tert.am Life–ը, օգտվելով առիթից, հանդիպել է շվեդ հայտնի երգչին և զրուցել նրա հետ։
«Ես առաջին անգամ եմ Հայաստանում, սակայն շատ եմ լսել Հայաստանի մասին։ Զարմանում եմ, թե ինչու նախկինում այստեղ չեմ եղել, ես եղել եմ այս տարածաշրջանի տարբեր երկրներում, սակայն ոչ Հայաստանում։ Երբ ինձ առաջարկեցին գալ Հայաստան և այստեղ նկարահանել մեր տեսահոլովակը, ասացի` վաո, շատ հետաքրքիր է։ Ես գիտեի ձեր երկրի մասին և շատ ոգևորվեցի Հայաստան այցելելու գաղափարից։ Այս օրերի ընթացքում տարբեր տեղերում ենք եղել, տպավորություններս շատ լավն են»,– ասաց երգիչը։ Նա կցանկանար լինել նաև Երևանից դուրս, սակայն ժամանակը չի ներում։
Բոսսոնը տպավորված է հատկապես երևանյան գիշերներով։ Ասում է` երեկոյան քաղաքը շատ գեղեցիկ է, ինքը հաճույքով է քայլում Երևանով։ «Երևանով քայլելիս ինձ շատ ապահով եմ զգում, շուրջդ ուրախ մարդիկ են, երեխաներ, ինչը շատ հաճելի է։ Հայերը շատ անմիջական ու ընկերասեր են, ինչն ինձ շատ է դուր եկել»,– նկատեց նա։
Հայկական խոհանոցը ևս չի շրջանցել շվեդ երգչին։ Սովորաբար, հյուրերը Հայաստանից հեռանում են մի քանի կիլոգրամ ավելացած։ Բոսսոնին ևս «սպառնում» է այս վտանգը, քանի որ համտեսել է զանազան կերակրատեսակներ։ «Շատ համեղ խոհանոց ունեք, հրաշալի ուտեստներ կան։ Ընտրությունը բազմազան է։ Շատ եմ հավանել լավաշը, մսեղենը, միշտ թարմ ու համեղ բանջարեղեն կա »,– նշեց նա։
Բոսսոնը մի քանի անգամ մասնակցել է «Տաշի շոու»–ին , որի շրջանակում ծանոթացել է հայ երգիչ-երգչուհիների հետ։ Նրանից հետաքրքրվեցինք, թե ով է իրեն առավել տպավորել։ Երգիչը շատերին դժվարանում է հիշել անունով, սակայն Սոնային մտաբերեց անմիջապես։ «Սոնան հիանալի մարդ է և հրաշալի երգում է։ Իսկապես, հավանել եմ իրեն։ Հայ արտիստներից հիմնականում աղջիկների եմ հանդիպել, սակայն կային նաև տղաներ։ Նրանք շատ տաղանդավոր են։ Հայ երգիչ–երգչուհիների մեջ ինձ դուր է եկել հատկապես այն, որ որևէ կեղծ բան չկա, բնական ձայնով են երգում։ Ես տպավորված եմ հայերի վոկալային կատարումներով։ Մի աղջկա էլ եմ հավանել, ցավոք, անունը չեմ հիշում»,– ասաց նա, ապա հավելեց, որ հայկական դուդուկի հրաշալի կատարում էլ է ունկնդրել, սակայն չի կարողանում մտաբերել, թե ում մատուցմամբ։
Աղբյուրը՝ tert.am