Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Մեր խոստումը» երաժշտական ներկայացման առաջնախաղը։ Ներկայացումը բեմադրվել է ոգեշնչված Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմից։ Պրեմիերային  մասնակցեցին ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջը և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը։ Ներկա էին Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, վարչապետ Կարեն Կարապետյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և այլք:

 

Tert.am Life–ը ներկայացնում է միջոցառման հետաքրքիր դրվագները։

 

Ներկայացման մեջ ցուցադրվում է գաղթի ճանապարհը, որի ընթացքում ֆիլմի հերոս Միքայելը փոքրիկ աղջկան՝ Մարիային պատմում է հայ ժողովրդի պատմությունը: Ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի բեմադրած ներկայացման դերակատարները Նորքի Հայորդած տան սաներն են։ Գործողությունները կատարվում էին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ, երգում էր «Հովեր» երգչախումբը: Ներկայացումը եզրափակվեց ֆիլմի սաունդթրեքով, որը կատարեցին Իվետա Մուկուչյանը, Արմեն Շահվերդյանը, Նարինե Դովլաթյանը, Տիգրան Պետրոսյանը և Սրբուհի Սարգսյանը:

 

 

Վերջում բեմ բարձրացավ Թերրի Ջորջը և խոսեց հայերի ու «Խոստումի» մասին։ «Իմ մասին գրում են, որ ես ֆիլմի հեղինակն եմ, բայց պետք է խոստովանեմ` ես չեմ ֆիլմի հեղինակը։ Որպես  ժողովուրդ` դուք եք գրել այս ֆիլմը։ Ձեր նախնիների կրածը և վերապրածը, այն, ինչ հայկական  սփյուռքն է տվել համայն աշխարհին, ոգեշնչման աղբյուր է հանդիսացել  ինձ և աշխարհում ուրիշների համար։ Այս դարաշրջանում, երբ աշխարհում պատուհաս դարձած խոշորագույն ճգնաժամը փախստականների իրավիճակն է, մենք պարտական ենք ձեր ժողովրդին` որպես օրինակ ծառայած ժողովուրդ, թե ինչպես կարելի է հաղթահարել նման մարտահրավերները։ Ես երախտապարտ եմ Էրիկ Իսրայելյանին, Քըրք Քըրքորյանին, Ձեր ժողովրդին, որ ինձ վստահեցիք և թույլ տվեցիք նկարահանել այս ֆիլմը»,– ասաց օսկարակիր ռեժիսորը։

 

Էրիկ Իսրայելյանն էլ նկատեց, որ այս ամենը հնարավոր չէր լինի իրականացնել առանց Քըրք Քըրքորյանի։ «Մենք ֆիլմը նկարահանեցինք նրա տեսլականով և ուղղորդմամբ` որպես հայ ժողովրդի ընծա։ Մարդիկ ինձ հարցնում են, թե ցուցապաստառում ինչու ենք ներառել Հայաստանի դրոշն ու հայկական գույները։ Պատճառն այն է, որ ցեղասպանությունն անցյալում է, բայց մենք երբևէ չպետք  է մոռանանք այն»,– ասաց նա։

 

 

Աղբյուրը՝ tert.am

loading...