Սերժ Սարգսյանի հրամանագրով երգչուհի Սիրուշոն այսօր արժանացել է ՀՀ Վաստակավոր արտիստի կոչման։ Երգչուհու ընտանիքում այս առիթով ուրախություն է, ինքը` Սիրուշոն, դեռ չգիտի կոչման մասին։ Tert.am Lifeի հետ զրույցում այս մասին հայտնեց նրա մայրը` երգչուհի Սյուզան Մարգարյանը:

 

Սիրուշոն որդու` Ռոբերտի հետ մեկնել է Եվրոպա։ «Այս մրցանակը մեր և Սիրուշոյի համար անսպասելի էր այնքանով, որ նա այսօր մեկնել է երկրից` առանց իմանալու, որ նման կոչման է արժանանալու։ Եթե իմանար, հնարավոր է, հետաձգեր մեկնումը։ Ես Tert.am Life–ի հրապարակումից եմ իմացել, որ Սիրուշոն Վաստակավոր արտիստի կոչում է ստացել։ Դրանից հետո սկսվեցին շնորհավորական զանգերը։ Փորձեցինք նամակագրական կապ հաստատել Սիրուշոյի հետ, սակայն  էդպես էլ  չհաջողվեց։ Այս պահին նրանց թռիչքն ընթացքի մեջ է։ Անհամբեր  սպասում ենք իր հետ կապվելուն»,– պատմեց նա։

 

 

Սիրուշոյի ծնողները նույնպես ՀՀ Վաստակավոր արտիստներ են, սակայն իրենք այս կոչմանն արժանացել են ավելի մեծ տարիքում։ Սյուզան Մարգարյանն այս կոչմանն արժանացել է 2003 թվականին` 42 տարեկանում, ամուսինը` Հրաչյա Հարությունյանն այս կոչումը ստացել է 2006 թվականին` 45 տարեկանում։ Ծնողները հպարտանում են իրենց աղջկանով։

 

 «Սիրուշոն արդեն 24 տարի է` բեմում է և նույնիսկ չեմ կարող թվարկել, թե որքան առիթներ ենք ունեցել հպարտանալու, երջանկանալու իր հաջողություններով։ Այսօր էլ հպարտ եմ, որ դուստրս երիտասարդ տարիքում հսկայական աշխատանք է արել և նման կոչման արժանացել»,– ասաց տկն Սյուզանը։

Աղբյուրը՝ tert.am

loading...