Ավստրալիայի Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի գիտնականները պարզել են, որ կոնտակտային լինզաները կարող են դառնալ տեսողության վատացմանը և նույնիսկ կուրությանը նպաստող գործոններից մեկը: Բժիշկների խոսքով՝ կոնտակտային լինզաներ կրողների մոտ հաճախ հայտնաբերվում է մակաբույծ, որը կարող է աչքի համար կործանարար վարակի առաջացման պատճառ դառնալ:
Կոնտակտային լինզաների պատճառով աչքը կարող է վարակվել Acanthamoeba միկրոսկոպիկ մակաբույծով, ինչի հետևանքով էլ կարող է զարգանալ ականտամեոբա կերատիտ, որը շատ հազվադեպ հանդիպող ու աչքի համար կործանարար եղջերաբորբ է:
Acanthamoeba-ն հաճախ հայտնաբերվում է կոնտակտային լինզաների համար նախատեսված հատուկ հեղուկի մեջ, որտեղից էլ լինզաների միջոցով ներթափանցում են աչքի մեջ: Այս դեպքում մանրէն վնասում է եղջերաթաղանթը, որից հետո նկատվում է ցավ, կարմրածություն և աչքի մթագնում: Բացի այդ, հիվանդի մոտ առաջանում է աչքում շարժվող օտար մարմնի առկայության զգացողություն:
Մակաբույծի հայտնաբերման համար հետազոտվում է աչքի եղջերենու մակերևույթից վերցված նմուշը կամ ամբողջ եղջերենին մանրադիտակի օգնությամբ: Բուժումը ժամանակին սկսելը կօգնի պահպանել տեսողությունը, իսկ հակառակ դեպքում հիվանդությունը կհանգեցնի ոչ միայն ուժեղ ցավերի, այլև տեսողության կորստի:
Աղբյուրը՝ tert.am