Այրոցը կամ այրուցքը կերակրափողում նկատվող այրման զգացումն է, որն ավելի շատ արտահայտվում է ստորին հատվածում: Այն կարող է ուղեկցվել ստամոքսի գերծանրաբեռնվածության, բերանում թթու կամ դառը համի զգացողությամբ և ավելի է ուժեղանում պառկած ժամանակ:

Այրոցն առաջանում է կերակրափող դուրս նետված աղաթթվի հետևանքով: Սովորաբար կոկորդի և կրծքավանդակի հատվածում այրոցի առաջացման պատճառ է դառնում սխալ սննդակարգը, ալկոհոլի ու ծխախոտի չարաշահումը կամ ձիգ կապված գոտին: Այս խնդիրը հաճախ նկատվում է նաև հղիության ընթացքում:

Ժողովրդական բժշկության մեջ կան բազմաթիվ միջոցներ՝ այրոցից արագ ազատվելու համար: Այս միջոցներից մեկն էլ հասարակ կերակրի սոդան է, որի ջրային լուծույթն օգնում է շատ արագ մեղմացնել տհաճ զգացողությունները:

Սակայն այս մեթոդը հարկավոր է կիրառել միայն ծայրահեղ դեպքերում, քանի որ այն պարբերաբար օգտագործելը կարող է մեծ վնաս հասցնել օրգանիզմին: Կերակրի սոդան կարելի է օգտագործել միայն մեկ անգամ, իսկ այրոցի կրկնության դեպքում անհրաժեշտ է անցնել բուժզննում՝ պարզելու համար, թե ինչն է ընկած այրոցի հիմքում:

Հարկ է հիշել, որ այրոցը կարող է պայմանավորված լինել նաև մի շարք հիվանդություններով, այդ թվում նաև կերակրափողի բորբոքումով, ստամոքսի բորբոքումով, ինչպես նաև ստամոքսի վերքային բորբոքումով՝ այսինքն էրոզիվ գաստրիտով կամ խոցով: Սա է պատճառը, որ մեկ անգամ նկատվող այրոցի դեպքում խնդիրը կարելի է լուծել սոդայով, սակայն պարբերաբար կրկնվելու դեպքում հարկավոր է գտնել դրա առաջացման պատճառը և իրականացնել անհրաժեշտ բուժումը:

Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ կան նաև հակացուցումներ: Օրինակ՝ սոդան հակացուցված է հղիներին և կրծքով կերակրող կանանց, ինչպես նաև՝ զարկերակային հիպերտենզիայով և աղեստամոքսային համակարգի քրոնիկ հիվանդություններով տառապողներին:


Աղբյուրը՝  tert.am

loading...