Կայացավ «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի «Դեպի նոր իրականություն» խորագիրը կրող երգի ու տեսահոլովակի պրեմիերան: Երգի երաժշտության հեղինակը Իվետա Մուկուչյանն է,
խոսքերի համահեղինակներ՝ Իվետա Մուկուչյան, Ավետ Բարսեղյան:
«Այս երգը գրելիս սկզբում ստեղծեցի անգլերեն տարբերակը, այնուհետ Ավետի հետ գրեցինք հայերենը: Ավետն ինչպես միշտ կարողացավ իր հիանալի ձեռագրով խոսքերն այնպես դարձնել հայերեն, որ իմաստը ոչ միայն չտուժի, այլեւ ընդգծվի»,- նշում է ԻվետաՄուկուչյանը:
«Դեպի նոր իրականություն» տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է:
«Սա Արթուր Մանուկյանի հետ մեր առաջին համագործակցությունը չէ: Նա արդեն որերորդ անգամ ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր գերկարճ ժամանակամիջոցում ստանալ հետաքրքիր, բարձր ճաշակով եւ տարբերվող արդյունք: Ես նրան ամեն անգամ նորովի եմ բացահայտում»,- նշում է Իվետա Մուկուչյանը:
Երգչուհին հույս ունի, որ այս երգը ուժ կտա երիտասարդ սերնդին, ինքնավստահություն կփոխանցի: «Ամեն ինչ մեր ձեռքերում է: Չնայած ամեն տեսակի դժվարություններին, մենք կարող ենք քայլել դեպի նոր իրականություն, ինչու չէ նաեւ ստեղծել այն»:
Տեսահոլովակում առկա են գայլերի կերպարներ, որոնք, ըստ Իվետա Մուկուչյանի, որոշակիորեն բնորոշում են իրեն: «Գայլերը թեեւ բարեհամբույր են, այնուամենայնիվ, ինքնապաշտապանողական բնազդ ունեն, որն արթնանում է՝ տվյալ միջավայրին համապատասխան: Ու քանի որ գայլերը խմբերով են հանդես գալիս, այն համապատասխանեց երգի բովանդակությանը: Մենք միայն միասին պետք է փորձենք գնալ դեպի նոր իրականություն»,- նշեց նա:
Աղբյուրը՝ BlogNews