Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` Մենչը, այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Նա բոլորում է 42 տարին։ Tert.am Life–ի հետ զրույցում Արմենն ասել է, որ օրը շատ լավ է սկսել, բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել աշխարհի տարբեր երկրներից։
«Տարեդարձս սկսվեց կեսգիշերին` երեխաներիս մեծ անակնկալով ու շնորհավորանքով։ Սովորաբար իրենք այդ ժամին արթուն չեն լինում, որովհետև առավոտյան ժամը 8–ին դասի են գնում, սակայն երեկ չէին քնել։ Ես վերադարձա «Ֆուլ հաուսի» համերգից, իրենք զարդարել էին սենյակը, նկարներ, պաստառներ, նվերներ էին պատրաստել ու սպասում էին ինձ։ Ամեն ինչ իրենց ձեռքերով էին պատրաստել։ Շատ հաճելի անակնկալ էր»,– պատմեց դերասանը, ում ավագ դուստրը` Էլինան, 14 տարեկան է, իսկ երկվորյակները` Մարիան և Աշոտը, 9 տարեկան։
Անդրադառնալով կնոջ` Քրիստինայի շնորհավորանքին` Մենչն ասաց, որ կինն ու մայրը նույնպես մասնակցել են երեխաների անակնկալին, տորթով դիմավորել իրեն։ Կեսգիշերին ընտանիքով նշել են տարեդարձը։ Թե Քրիստինան ինչ նվեր է մատուցել ամուսնուն, Մենչը նախընտրեց չբացահայտել։
Աղբյուրը՝ 168.am