Հումորիստ, դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը երեկ  42 տարեկան է դարձել: BlogNews.am-ի հետ զրույցում Մենչը պատմել է տարեդարձի խնջույք չկազմակերպելու պատճառների և ֆուլհաուսցիների  հետաքրքիր անակնկալի մասին:

«Օրս աշխատանքային է անցել: Տարեդարձս համընկել էր «Ֆուլ հաուս» ներկայացման օրվա հետ: Երեկոյան խնջույք չեմ կազմակերպել, բայց օրիգինալ շնորհավորանքների ու անակնկալների պակաս չեմ ունեցել: Առաջին բարեմաղթանքներն ընտանիքիս անդամներից եմ ստացել։ Օրս ուրախ եմ սկսել, քանի որ գիշերը բարձր տրամադրությամբ եմ քնել»:

Մենչն, առհասարակ, ծննդյան տոնը նշել չի սիրում: Քիչ են եղել դեպքերը, երբ նախապես պատրաստվել ու պլանավորել է օրը: Նվերների հարցում էլ քմահաճ չէ, արժեքը նյութականով չի պայմանավորում, կարևոր է, թե ով է այն նվիրել. «Լավագույն նվերը երեխաներիցս եմ ստացել, բացիկների տեսքով, որոնք նրանք անձամբ էին պատրաստել: Հոգով ասված բարեմաղթանքներից ու խոսքերից առավել արժեքավոր ոչինչ չի կարող լինել ինձ համար»:

«Ֆուլ հաուսի» երևանյան շոու-ներկայացման ժամանակ Մենչի ընկերներին, այդուհանդերձ, հաջողվել է հաճելիորեն զարմացնել նրան. «Ընկերներիս շնորհավորանքն իրոք անակնկալ էր ինձ համար: Բեմի լույսերը հանկարծակի անջատվեցին, ու նրանք հաճելի անակնակալ մատուցեցին: Չէի սպասում, անգամ մի պահ ինձ  թվաց, թե  տեխնիկական խոտան է, ինչպես հաճախ լինում է համերգների ժամանակ: Հանդիսատեսն էլ շատ բուռն արձագանքեց: Պետք է անկեղծ լինեմ՝ նույնիսկ հուզվեցի»:

Տարիքը Մենչին ամենևին էլ չի վախեցնում ու չի  կաշկանդում: Նրա կարծիքով՝ յուրաքանչյուր տարիք ունի իր գույնն ու հետաքրքրությունը. «Ես այս պահին հասկանում եմ, որ իմ մեջ կա ավելի շատ էներգիա, ուժ, եռանդ ու աշխատելու ցանկություն, քան միգուցե եղել է 10 տարի առաջ: Աշխատում եմ ինձանից ավելի երիտասարդների հետ ու երբեք ինձ չեմ պահում տարիքով մեծի նման: Զգացողությունը, որ 42 տարեկան եմ, ես անձամբ չունեմ»:

Ամուր ընտանիք ու սիրելի աշխատանք. թվում է՝ դերասանի երջանկությունը կատարյալ է, բայց, այդուհանդերձ, կա մի բան, որը պակասում է Մենչին իրեն լիարժեք զգալու համար. «Երեկ շատ երկար եմ մտածել ու հասկացել, որ պատրաստ էի ամեն ինչ տալ, միայն թե հայրս նորից կողքիս լիներ: Ցավոք, նրան երկու տարի առաջ կորցրել եմ: Հարազատի մահվանից ավելի ցավոտ բան չկա աշխարհում, հավատացեք: Այսօր ապրում եմ ընտանիքիս ու երեխաներիս համար»:


Աղբյուրը՝ BlogNews

loading...