Ֆրանսիացիները սիրում են նշել, որ «ձեռքերը կանանց մարմնի ամենաանկեղծ մասն են, քանի որ դրանք պատմում են այն, ինչը երբեք չի պատմի լեզուն»: Սա նշանակում է, որ ձեռքերի միջոցով կարելի է պարզել անգամ կնոջ տարիքը: Սակայն իրականում ձեռքերն ավելի շատ բան կարող են պատմել մարդու մասին:
Ձեռքերի և հատկապես եղունգների վիճակը կօգնի պարզել, թե ինչ խանգարումներ կան մարդու օրգանիզմում: Եղունգների օգնությամբ կարելի է ախտորոշել օրգանիզմի աշխատանքի խանգարումներն ու անգամ որոշ հիվանդությունները.
· Եթե եղունգների գույնն անհավասարաչափ է, դրանք ստացել են կապտավուն երանգ կամ ավելի գունատ են, քան մաշկը, ապա հնարավոր է, որ խնդիրը կապված է արյան շրջանառության խանգարման հետ:
· Եղունգների վրա առաջացած լայնակի ակոսները խոսում են վերջերս հաղթահարած ծանր վարակիչ հիվանդության մասին:
· Երկայնակի ակոսները չբալանսավորված սննդակարգի նշան են:
· Եղունգների մակերեսին հորիզոնական փոսիկներ են ի հայտ գալիս, երբ մարդը կտրուկ փոխում է սննդակարգը և այն օրգանիզմի համար բարենպաստ չի լինում:
· Եղունգների փխրունությունը հաճախ պայմանավորված է լինում ագրեսիվ ու վնասակար լվացող միջոցների օգտագործմամբ: Սակայն նման խնդրի առաջացման պատճառ կարող է դառնալ նաև նյութափոխանակության խանգարումը, ինչը նույնպես շատ լուրջ խնդիր է:
· Եղունգների վրա առաջացած սպիտակ կետերը վկայում են արյան մեջ շաքարի ավելցուկի մասին: Սա կարող է լինել նաև նոր զարգացող շաքարային դիաբետի ախտանշան:
· Դեղին կետերի ի հայտ գալը կամ եղունգի ամբողջական դեղնումը կարող է պայմանավորված լինել ճարպային փոխանակման խանգարումով, ինչպես նաև շնչառական ուղիների հիվանդություններով:
· Մանր մարգարիտների նմանվող ուռուցիկությունների ի հայտ գալը ձգձգված վիրուսային հիվանդության ախտանշան է:
· Գոգավոր եղունգները (գդալի նմանվող) կարող են լինել երկաթպակասորդային անեմիայի (սակավարյունություն) ախտանշան:
· Եղունգի արմատը ստանում է սպիտակավուն երագ կամ դառնում է սադափի նման, եթե մաշկը բավականաչափ չի սնուցվում:
· Եղունգները շերտավորվում կամ փշրվում են ձվարանների աշխատանքի խանգարումների դեպքում:
Եղունգները ոչ միայն թույլ են տալիս ախտորոշել շատ հիվանդություններ, այլև օգնում են որոշել նաև այս կամ այն օրգանի աշխատանքի խանգարման ի հայտ գալու մոտավոր ժամանակը: Մեկ շաբաթվա ընթացքում ձեռքերի եղունգներն աճում են մոտ 1 մմ, իսկ մարդու եղունգի կյանքի ամբողջական ցիկլը մոտ 6 ամիս է: Ելնելով այս ամենից՝ կարելի է ենթադրել, որ խանգարումը, որի հետևանքով արմատի մոտ հետքեր կամ ակոսներ են առաջացել, ի հայտ է եկել մոտ 3 ամիս առաջ:
Աղբյուրը՝ tert.am