Araratnews.am-ն արդեն տեղեկացրել էր, որ լրատվամիջոցի սեպտեմբերի 23-ի՝ «Գոռ Վարդանյանը ցանկանում է ֆեդերացիաները իրեն ենթարկել կամ պառակտել» վերտառությամբ հոդվածն առաջացրել էր «պալատական» չինովնիկների եւ կինոյի տղերքի դժգոհությունը:

Նշենք, որ հոդվածում ներկայացրել էինք Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի սպորտի հարցերով խորհրդական Գոռ Վարդանյանի՝ քաղաքային ֆեդերացիաներ ստեղծելու նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանի կարծիքը:

Մեր նախորդ հրապարակման մեջ գրել էինք, որ հոդվածը հրապարակելուց հետո Գոռ Վարդանյանը զանգահարել էր Տիգրան Չոբանյանին եւ պարզաբանումներ պահանջել: Զրույցի ընթացքում էլ Տիգրան Չոբանյանը նշում է, որ հոդվածում տեղ գտած որոշ մտքեր լրագրողի սեփական կարծիքն է եւ որեւէ կերպ չեն արտացոլում իրականությունը:

Araratnews.am-ը հրապարակեց լրագրողի եւ Տիգրան Չոբանյանի հարցազրույցի ամբողջական ձայնագրությունը, մեկ անգամ եւս ընդգծելով սերիալային դերասանների համար, որ որեւէ խոսք խեղաթյուրված չէ:

Ուշագրավն այն է, որ Տարոն Մարգարյանին խորհուրդներ տալու համար աշխատանքի ընդունված Վարդանյան Գոռը գաղտնի է ձայնագրում Տիգրան Չոբանյանին: Այս մասին բարձրաձայնում է նաեւ ինքը՝ Չոբանյանը, ֆեյսբուքյան իր էջում թողնելով մեկնաբանություն: Araratnews.am-ը քաղաքային ֆեդերացիաներ ստեղծելու վերաբերյալ զրուցեց նաեւ Գոռ Վարդանյանի հետ:

«Ես չեմ կարող ասել, որ խնդիր է առաջացել, որովհետեւ ոչ մի ֆեդերացիայի նախագահ մեզ ոչ մի հարցով չի դիմել, եւ մենք ոչ մի ֆեդերացիայի նախագահի չենք մերժել, այսինքն` նման բան չկա: Ընդհակառակը, հանդիպել եմ մեծամասնության հետ, ես եմ զրուցել իրենց հետ, աշխատանքային սխեման ենք բացատրել, ինչպես պետք է աշխատենք, որ կարողանանք համակարգենք ճիշտ մարզչական եւ կազմակերպչական հարցեր, որպեսզի Երեւան քաղաքում լինի կանոնակարգված աշխատանք տարբեր արեւելյան մարզաձեւերի ֆեդերացիաների միջեւ, որովհետեւ տասնյակներից անցնում են այդ ֆեդերացիաները: Մենք անգամ ինֆորմացիա չունենք, թե այդ ֆեդերացիաները որ դպրոցներում են, կամ սպորտ դպրոցներում ովքեր են մարզումներ իրականացնողները, արդյոք նրանք մարզչական իրավունքներ ունե՞ն: Մենք դիմել ենք հետեւյալ ուղղություններով, խնդրում ենք ներկայացնել ձեր մարզիչներին, մեզ հարկավոր է ձեր պետռեգիստրի պատճենը, որպեսզի հասկանանք, որ ֆեդերացիա եք գրանցված պետականորեն, երկրորդ՝ այն մարզիչը, որը կցված է այն դպրոցին, որտեղ մարզում է իրականացնում, մեզ հարկավոր է այդ մարզիչի անձնական տվյալները, անձնագրի պատճենը, իր մարզական սերտիֆիկատը, թե ինքը մարզական ասպարեզում ինչերի է հասել, գումարած սրան արդեն որպես մանկավարժ այդ թույլտվությունը: Մյուսը` եթե ունի բարձրագույն կրթություն, դրա պատճենը, եթե սովորում է հեռակա, ապա տեղեկանք: Այս փաստաթղթերի հետ միասին զուգահեռ` տեղեկանք ֆեդերացիայի նախագահի երաշխավորագիր նամակը, որ ինքը երաշխավորում է տվյալ մարզիչին, որ ինքը այդտեղ աշխատում է»,- ասաց Գոռ Վարդանյանը: Նրա խոսքով` խիստ դրված է այն հարցը, որ անչափահաս մարզիչներ չլինեն: Վարդանյանը կարծում է, որ որոշ ֆեդերացիաների նախագահների դժգոհությունը պայմանավորված է հենց այս հանգամանքով:

Նշենք, որ մեզ հետ զրույցում Տիգրան Չոբանյանը նաեւ ասել էր, որ, ըստ էության, Գոռ Վարդանյանի ղեկավարը՝ Տարոն Մարգարյանը, տեղյակ  չէ ընթացող գործընթացից, եւ սա Վարդանյանի  կամայականության արդյունքն է: Վարդանյանը սակայն հերքեց. «Սա անձամբ քաղաքապետի կարգադրությամբ է, մենք աշխատանքներ ենք տանում, որովհետեւ մենք իրավունք չունենք առանց հանձնարարականի նման գործունեություն ծավալել, այս ամենը օրինական բնույթ է կրում, որովհետեւ այս ամենի հիմքում ընկած է Երեւան քաղաքում զարգացնել սպորտը, այն դարձնել միասնական, մասսայական եւ կանոնակարգված աշխատանք»: Ըստ նրա` եթե անգամ վաղը Գոռ Վարդանյանն էլ չլինի, այս համակարգը պետք է աշխատի: Նա նաեւ ասաց, որ ծրագիրն իրականացնում են սպորտի նախարարության հետ համատեղ: Վարդանյանը հերքեց նաեւ տեղեկություններն այն մասին, որ դուկոնդոյի նոր խմբեր չեն բացվել:

Գոռ Վարդանյանին հարցրեցինք, թե ինչո՞ւ է գաղտնի ձայնագրել Տիգրան Չոբանյանին: Այս հարցի վերաբերյալ նա հրաժարվեց որեւէ մեկնաբանություն հնչեցնել:  Ընթերցողներին տեղեկացնենք, որ համացանցում էր հայտնվել Գոռ Վարդանյանի եւ Տիգրան Չոբանյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որը հետո, իհարկե, հեռացվել էր: Սակայն ձայնագրությունն  առկա է  Araratnews.am-ի տրամադրության տակ, եւ մենք այն հրապարակում ենք:

Երեւանի քաղաքապետի խորհրդականի գործողությունները նախ եւ առաջ պետք է մտահոգեն Մարգարյան Տարոնին ու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին: Նրանք առնվազն Վարդանյանին պետք է հասկացնեն, որ մարդկանց գաղտնի ձայնագրելն ու հրապարակելը, մեղմ ասած, սիրուն չէ: Չի բացառվում, որ այս ամենը  Տարոն Մարգարյանին դուր է գալիս:

Հավելենք նաեւ, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվել այն մասին, որ օրեր առաջ Գոռ Վարդանյանը իր դիրքերն ամրապնդելու, քաղաքապետարանից դուրս չմնալու համար շարունակում է ծանոթներ խառնել, դիմել անգամ հեղինակությունների: Սեպտեմբերի 20-ին Գոռ Վարդանյանը «Մուսալեռ» ռեստորանում մասնակցել է Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի կազմակերպած խնջույքին, որին եղել են հայտնի հյուրեր Իտալիայից: Խնջույքին մասնակցել էր նաև Արամ Վարդանյանը ՝ Վստրեչի Ապերը:

Գոռ Վարդանյանը խնջույքի ժամանակ շփվել է միայն Արթուր Ասատրյանի և Արամ Վարդանյանի հետ, որից հետո լքել է խնջույքը:

Հետաքրքիր է` ինչպե՞ս են վերաբերվում նշված անձինք Գոռ Վարդանյանի՝ գաղտնի ձայնագրություններ անելու սովորությանը:

Ձայնագրությունը կարող եք լսել այստեղ՝ https://www.youtube.com/watch?time_continue=5&v=BH5-j0rdg5U

 

loading...