Բաքվում Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցող հայկական պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: Հայկական պատվիրակությունը Բաքվում ներկայացրել են պատգամավորներ Մանե Թանդիլյանն ու Արմեն Աշոտյանը: Araratnews.am-ը կապ հաստատեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ, տեղեկանալու, թե ինչ տպավորություններ է ստացել Բաքվում գտնվելիս: Պարզվում է՝ ադրբեջանական լրատվամիջոցները փորձել են «Ելք» դաշինքի` ԵԱՏՄ-ից Հայաստանը դուրս բերելու նախաձեռնությունը ներկայացնել որպես հակառուսական: «Ես հարցազրույց տվեցի ու ասացի՝ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է: Մեր նախաձեռնությունն աղերս չունի հակառուսականության հետ»,- մանրամասնեց հայկական պատվիրակության անդամը:
Հայկական պատվիրակությունը զերծ չի մնացել սկանդալներից, Բաքվում ապաստանած տխրահռչակ Սյուզան Ջաղինյանը սադրանքների է դիմել: Մանե Թանդիլյանին խնդրեցինք մանրամասնել, թե ինչ սադրանքի մասին է խոսքը. «Սկանդալը տեսանկարահանող սարքերից հեռու եղավ: Սյուզան Ջաղինյանը որպես լրագրող էր ներկայացել: Երբ մեզ հետ մամուլի ասուլիսն ավարտվեց, Սյուզան Ջաղինյանը սողոսկեց մեր մեջ: Երբ զրուցում էինք հայերեն, նա սկսեց հայերեն փողոցային բառեր ու հայհոյանքներ հնչեցնել մեր պատվիրակության հասցեին: Մենք դիմեցինք արարողակարգն ապահովող աշխատակցին, որ Սյուզան Ջաղինյանին հեռացնեն այդտեղից: Մեզ ասացին, որ Սյուզան Ջաղինյանը որպես լրագրող է հանդես գալիս: Մենք էլ ասացինք՝ եթե նա չհեռացվի, կդիտարկենք դա որպես պրովոկացիա: Այդ տարածքում որեւէ լրագրող ու պատահական մարդ չէր գտնվում: Նրանք հեռացրին այդ տխրահռչակ անձին»:
Ադրբեջանցի պատգամավորները հույս ունեին, որ միջոցառումը կվերածվի հակահայկական քարոզչության: Դա, «Ելքի» պատգամավորի խոսքով, հանգիստ չէր տալիս նրանց, որի պատճառով էլ պահպանվում էր բացասական մթնոլորտը: Իսկ ազերի պատգամավորների տրամադրությունն արտահայտեց պատգամավորներից մեկը իր ֆեյսբուքյան գրառմամբ:
Հիշեցնենք՝ Միլի Մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության հարցերով կոմիտեի անդամ, պատգամավոր Ռաֆայել Ջաբրաիլովը գրել էր, որ հայ պատգամավորները միտումնավոր են բաժակները ձեռքներին լուսանկարվել Բաքվում և լուսանկարները տարածել սոցցանցում:
Աղբյուրը՝ araratnews.am