Pastinfo.am-ն գրում է.

Նոր-Խարբերդում հուլիսի 6-ին մանկահասակ երեխայի մահվան պատճառ է դարձել պատվաստանյութ ներարկումը: Սա արդեն հաստատվում է պաշտոնապես։
«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ փոքրիկի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում ստացվել է երեխայի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ մահվան պատճառ է հանդիսացել ԿԿԽ տեսակի պատվաստանյութի կրկնակի ներարկումը։ Պարզվում է երեխան՝ ավելի վաղ ի թիվս այլ պատվաստանյութերի դա եւս ստացել էր, իսկ բժիշկն առանց ստուգելու նորից է պատվաստել։
ՔԿ-ից նաև հայտնեցին, որ նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել: Այս փորձաքննությունն ուղղված է պարզելու, թե կոնկրետ որ բժշկի գործողությունների կամ անգործության հետեւանքով է տեղի ունեցել ողբերգական դեպքը։
Հիշեցնենք, որ երեխան ծնվել է 2016թ. փետրվարի 5-ին: 2017 թվականի հուլիսին պատվաստման նպատակով փոքրիկին բժշկի մոտ են տարել, իսկ պատվաստման հաջորդ օրն արդեն երեխան ջերմել է, հուլիսի 6-ի առավոտյան՝ մահացել:
Փաստի առթիվ Քննչական կոմիտեի Շենգավիթի վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

 

Աղբյուրը՝ araratnews.am

loading...