Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ նույն օրը կայանալիք  «Սև դառը շոկոլադ» ներկայացումը հետաձգվում է հոկտեմբերի 24-ին ժամը 20։00-ին։ Ավելի ուշ ռեժիսորը հարցազրույց տվեց՝ հայտնելով, որ ներկայացման հետաձգման պատճառը իր տարաձայնությունն է եղել դերակատարներ Արամոյի եւ Լուիզա Ղամբարյանի հետ: Պարզվում է, որ Ս. Շահվերդյանը վերջին պահին փոփոխություններ է ցանկացել մտցնել ներկայացման մեջ, իսկ դերասանները չեն համաձայնլ՝ պատճառաբանությամբ, որ չեն հասցնի կարճ ժամանակում պատրաստվել այդ փոփոխությանը:
 
Life.panorama.am-ը թեմայի շրջանակում կապ հաստատեց դերասանուհի Լուիզա Ղամբարյանի հետ: Հետաքրքվելով, թե իսկապե՞ս տարաձայնությունները կապված են միայն աշխատանքի հետ, դերասանուհին նշեց.
 
«Տարաձայնությունները կապված էին ստեղծագործական նորությունների հետ, որոնք կարճ ժամանակում պետք է կայանային: Ըստ իս՝ չարժեր ձեռնամուխ լինել կարճ ժամանակում նման փոփոխությունների, դրան երկար ժամանակ էր պետք տրամադրել»:
Լուիզա Ղամբարյանը համաձայն է Սուրենի հետ՝ ներկայացման մեջ որոշ փոփոխություններ պետք է լինեն.
«Այո, ինքս էլ կարծում եմ, որ փոփոխությունների կարիք կա: Սա մի պատմություն է կնոջ եւ տղամարդու մասին, որը շատ ճկվող է, եւ քանի որ պատմության հեղինակը մեր թիմի մի մասնիկն է՝ Էմմա Պետրոսյանը, այսինքն՝ սա դասական դրամտուրգի աշխատանք չէ, ուստի փոփոխություններ կարող ենք անել: Ավելին ասեմ՝ այս ընթացքում մենք հաճախ ենք Էմմայի հետ նորարարություններ արել, նոր բաներ բերել ներկայացում, հնից որոշ բաներ հեռացրել՝ հաշվի առնելով ժամանակի հրամայականն ու նաեւ մեր հանդիսատեսի կարծիքը: Հետեւաբար սա առաջին անգամը չէ, պարզապես այն մասսայական դարձավ, քանի որ կարճ ժամանակում այն չէինք կարող իրականացնել: Պետք է նկատեմ, որ փոփոխությունները բավականին լավ է ընկալում մեր մշտական հանդիսատեսը, հաճախ նրանք, իրենց կյանքից ելնելով, առաջարկություններ են անում, որոնք գեղարվեստական մշակմամբ տեղափոխվում են ներկայացում: Սա կենդանի ներկայացում է»,- հավելեց դերասանուհին:
 
Նկատառմանը, որ «Սեւ դառը շոկոլադ» ներկայացման շուրջ սա առաջին ինտրիգային հայտարարությունը չէր: Ամիսներ առաջ այն հետաձգվեց դերասանուհու վատառողջ լինելու պատճառով, որի մասին Սուրեն Շահվերդյանի հայտարարությունը, իսկական, իրարանցում ստեղծեց հանրության շրջանում: Հարցին, թե գուցե թիմը կամ Սուրեն Շահվերդյանը նպատակ ունի նման միջոցներով PR անել իր ներկայացումը, Լ. Ղամբարյանը պատասխանեց.
«Չեմ կարծում, որ նման էժան բաներով կարելի է ինտրիգային իրավիճակ ստեղծել ու PR անել: Գոնե իմ մասով սա հավատացնում եմ, որ վարկանիշ բարձրացնելու ոչ մի միտում չեմ ունեցել: Առաջին հայտարարությունն իմ առողջականի հետ էր կապված, որը չափազանցվեց եւ ներկայացվեց շատ ավելին, քան կար: Գիտեմ, որ այս պարագայում Սուրենի կողմից եւս հաշվարկված ու դիտավորյալ բան չի եղել: Սուրենն իմ լավ ընկերն է, նա լավ մասնագետ է, ում հետ ունենում ենք տարատեսակ տարաձայնություններ, բայց նաեւ համախոհներ ենք»:

Աղբյուրը՝ Life.panorama.am

loading...