Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում այս շաբաթ մեկնարկեց Մհեր Մկրտչյանի «Հոսանքին հակառակ» ֆիլմաշարը, որտեղ գլխավոր հերոսներից մեկին մարմնավորում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Բաբկեն Չոբանյանը. վերջինս Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է:
Խոսելով նոր ֆիլմաշարի մասին՝ դերասանը նկատեց, որ ուրախությամբ է ընդունել մասնակցելու հրավերը:
«Առաջարկը ստանալիս համաձայնելու մի քանի պատճառներ ունեի: Առաջինը Մհեր Մկրտչյանի հետ «Կյանք ու կռիվ 2»-ում հաջող աշխատանքն էր, որի ժամանակ շատ հարցերի պատասխաններ պարզեցի: Ինձ հետաքրքիր էր, թե ինչպիսին կլինի մեր համատեղ երկրորդ աշխատանքը, նաեւ կերպարը շատ հետաքրքրեց»,- նշեց Բաբկենն ու շարունակեց խոսել Մհեր Մկրտչյանի հետ աշխատանքի մասին.
«Երբ անծանոթ ռեժիսորի հետ ես աշխատում, բազմաթիվ հարցեր ես ունենում, որոնց պատասխանները փորձում ես գտնել: Ինձ համար շատ կարեւոր է ռեժիսորին ճանաչել որպես մարդ: Ես ու Մհերը «Կյանք ու կռիվ 2»-ում անցել ենք այդ փոքրիկ էտապը, դրանից հետո ամեն ինչ շատ ավելի հեշտ էր ու արդյունավետ»,- ընդգծեց նա:
Դերասանական թիմի մասին խոսելիս՝ Բաբկենը նկատեց.
«Նման դերասանական կազմից դժգոհ լինելը չարություն կորակեի: Շատ հետաքրքիր արտիստների հետ եմ աշխատում, որոնց հետ համագործակցելը միայն հաճույք է, էլ չեմ ասում, որ փոխադաձ շփումը բերում է մասնագիտական նոր գիտելիքների: Երբ մարդը պրոֆեսիոնալ է, ապա նկարահանման հրապարակում ոչ մի դժվարություն չի լինի: Այս դերասանական թիմում պրոֆեսիոնալիզմի, տաղանդի ու շնորքի պակաս չեմ զգացել: Քիչ է պատահում, որ մի թիմում այդքան լավ մարդիկ են հավաքվում: Սա այդպիսի թիմ էր, ինչի համար շատ ուրախ եմ»:
Խոսելով «Հոսանքին հակառակ» ֆիլմի նպատակից՝ մեր զրուցակիցը ընդգծեց.
«Նպատակների մասին ես չէ, որ պետք է խոսեմ: Միայն կասեմ, որ ֆիլմի առանցքում մարդն է՝ իր դժվարություններով, խնդիրներով ու աշխարհահայցքով, եւ այն ճանապարհներով, որոնց միջով անցնում է ու դուրս գալիս դժվարությունների ճիրաններից: Ֆիլմում ցույց է տրված տարբեր ճակատագրեր, դրա համար, ըստ իս, ամեն մեկն էլ իրեն հետաքրքրող մի բան կգտնի այս ֆիլմաշարում»:
Բաբկեն Չոբանյանի հերոսը առաջին տպավորությամբ առողջական խնդիրներ ունի: Հերոսի մասին նա հրաժարվեց փակագծեր բացել՝ նշելով.
«Եթե պատմեմ իմ հերոսի մասին, հետաքրքրությունը կկորչի, քանի որ յուրաքանչյուր սերիայում քայլ առ քայլ բացահայտվում է նրա էությունը»:
Զրույցի վերջում Բաբկեն Չոբանյանը հույս հայտնեց, որ նոր ֆիլմաշարը կտարբերվի դաշտում առկա մյուս արտադրանքներից.
«Ես շատ եմ ուզում, որ «Հոսանքին հակառակ» ֆիլմաշարը տարբերվի եւ կարծում եմ՝ այդպես էլ կլինի: Այն ավարտուն ֆիլմաշար է, արհեստական ձգվածություն չունի, կան կոնկրետ կերպարներ, հստակ նպատակներ ու խնդիրներ եւ դրանք լուծելու ճանապարհներ: Էլ չասեմ դերասանական, ռեժիսորական եւ օպերատրական աշխատանքն ու առհասարակ մեծ թիմը, որտեղ կա լուրջ վերաբերմունք: Ամեն ինչ արված է որակյալ արտադրանք ունենալու համար»,- ավարտեց դերասանը:
Աղբյուրը՝ Life.panorama.am
loading...