Հայկական մի շարք հեռուստասերիալներից հանրությանը հայտնի դերասանուհի Արևիկ Գևորգյանին վերջին շրջանում հազվադեպ ենք տեսնում էկրաներին։ Նա վերջերս է վերադարձել Միացյալ Նահանգներից, որտեղ վայելում էր մեղրամսը: Արևիկը BlogNews.am-ի հետ զրույցում ասաց, որ պայմանական լռության պատճառն այն է, որ այս ընթացքում զբաղված է ամուսնական կյանքը դասավորելով. «Այժմ ամուսնուս հետ զբաղված ենք մեր սեփական տունը ստեղծելով: Դա էլ, կարծում եմ, ոչ պակաս ստեղծագործական շրջան է ու պահանջում է հարյուր տոկոսանոց նվիրում և՛ իմ, և՛ նրա կողմից: Ամեն մի գույն ճիշտ ու խնամքով ընտրելով՝ փորձում ենք միասին ստեղծել մեր տան մթնոլորտը: Ամուսինս հարգում է իմ կարծիքը և շատ նրբանկատ է այդ հարցում»:
Արևիկի խոսքով՝ ամուսնությունից հետո առանձնապես իր կյանքում գլոբալ փոփոխություններ չեն եղել. «Ինձ մոտ դեռ այնպիսի տպավորություն է, որ մենք ընկերություն ենք անում: Երբեմն նույնիսկ շփոթվում եմ, նրան ինչ-որ մեկին ներկայացնելիս ոմանց դեռ ասում եմ՝ ընկերս է»:
Դերասանուհին անկեղծացավ, որ, չնայած խոհանոցում չի փայլում, սակայն ամուսնուն գոհացնելը հեշտ է. պարզվում է՝ նա այնքան քմահաճ չէ ուտելիքների հարցում. «Պետք է ասեմ, որ դեռ դժգոհություններ չեն եղել: Ես այն կարծիքին եմ, որ ուտելիքը պետք է լինի շատ համեղ ու գեղեցիկ մատուցված: Սիրում եմ իմպրովիզներ անել: Ինձ այս հարցում իր խորհուրդներով շատ է օգնում նաև մայրս, ով խոհանոցային հարցերում իսկական գիտակ է»:
Ինչ վերաբերում է ստեղծագործական կյանքին, դերասանուհին նշեց, որ ամուսինն այս առումով իրեն չի սահմանափակում: Ցանկացած առաջարկ քննարկում են միասին. «Այս ընթացքում փնտրտուքների մեջ եմ: Հեռուստանախագծերից ու սերիալներից առաջարկներ ունեմ, սակայն չեմ շտապում որոշում կայացնել, ուզում եմ ինձ համար լավագույն տարբերակն ընտրել»:
Առաջին մասնագիտությամբ մոդելավորող-դիզայներ Արևիկը շուտով պատրաստվում է զարմացնել ու հետաքրքիր անակնկալ մատուցել իր երկրպագուներին: Նոր աշխատանքի մասին, սակայն, շատ փակագծեր չի բացում: Ավելին՝ խոստանում է պատմել ամիսներ անց:
Աղբյուրը՝BlogNews