Տևական ժամանակ է` Նունե Եսայանը, համեմատաբար, լուռ էր և, գրեթե, չէր երևում եթերում։ Tert.am Life–ի հետ զրույցում Նունեն պատմեց, որ թվացյալ դադարի ընթացքում հասցրել է համերգներով հանդես գալ արտերկրում, ինչպես նաև հանդիսատեսին ներկայանալ դերասանուհու կարգավիճակում։

 

–Նունե, ինչո՞վ էիք զբաղված դադարի այս փուլում։

 

–Մի քանի համերգ ունեի Հայաստանից դուրս, բացի այդ, մեկնել էի Ամերիկայի Միացյալ Նահանգեր, որտեղ առաջին անգամ հանդես եկա որպես դերասանուհի։ Վահիկ Փիրհամզեի ներկայացման մեջ փոքրիկ դերով ներկայացա։ Վահիկը պարսկահայ դերասան է, որն Ամերիկայի հայ հանդիսատեսի համար  սքեթչերից բաղկացած ներկայացում էր պատրաստել։ Ես սիրով համաձայնեցի խաղալ այդ ներկայացման մեջ, քանի որ ինձ շատ հետաքրքիր էր դերասանի աշխատանքը։

 

 

–Դերասանուհու կարգավիճակում առաջին քայլերն անելիս ո՞վ էր Ձեր խորհրդատուն։

 

–Ինձ սատարում էր ամուսինս` Ավո Խալաթյանը, ով ամեն տեղ եղել է իմ կողքին։ Ավոն ամեն մանրուք նկատում էր ու խորհուրդ տալիս։ Առանց նրա հնարավոր չէր լինի։

 

–Ձեզ դուր եկա՞վ դերասանուհու աշխատանքը։ Հնարավո՞ր է հետագայում ավելի հաճախ հանդես գաք ինչ–որ դերերով։

 

–Աշխատանքը դուրս շատ եկավ, բայց հասկացա, որ շատ բարդ է։  Այն, ինչում դու պրոֆեսիոնալ  չես, միշտ էլ բարդ  է։ Այս գործին հարկավոր է շատ լուրջ վերաբերվել, ժամանակ տրամադրել։ Հետագայում չեմ պլանավորում դերասանուհու կարիերա ծավալել, բայց նմանատիպ փորձերից չեմ հրաժարվի։

 

– «Հայաստանի ձայնը» հեռուստածրագրում Դուք, լինելով ժյուրիի անդամ, ճակատագրական դեր կարող եք ունենալ մասնակիցներից յուրաքանչյուրի կյանքում, իսկ Ձեր կյանքում ո՞վ է խաղացել ճակատագրական այդ դերը։

 

–Իմ կյանքում շատերն են կարևոր դեր խաղացել, ես շատ ուսուցիչներ եմ ունեցել, անուններ տալ չեմ կարող։ Առանց նման ճակատագրական մարդկանց հնարավոր չէ սկսել ճանապարհդ։ Կփորձեմ խորհուրդներ տալ երիտասարդներին որպես ուսուցիչ կամ ավագ ընկեր։

 

 

–Տարիներ հետո, եթե Ձեր երեխաները ցանկանան մասնակցել նմանատիպ հեռուստանախագծերի,  շարունակել Ձեր ուղղին, ի՞նչ խորհուրդ կտաք իրենց։

 

–Եթե զգամ, որ արժանի են, թող շարունակեն, եթե զգամ, որ միջակ  են, ապա` ոչ։ Ես և Ավոն պրոֆեսիոնալ աչքով կնայենք և կհասկանանք` արժե՞, որ  մեր երեխան շարունակի մեր ճանապարհը, թե՞ ոչ։ Եթե թերություններ տեսնենք, հաստատ մեր երեխան չի լինի արվեստի ոլորտում։ Պետք է Աստծո տված շնորհ ունենաս և  աշխատանքով հասնես արդյունքի։ Կարծում եմ` մարդիկ ծնվում են այն, ինչ դառնում են` դերասան, նկարիչ, քարտաշ, թե ճարտարապետ. պետք է բնատուր լինի, որ աշխատես և արդյունք ստանաս։ Եթե մարդը տաղանդավոր չէ, բայց ամեն գնով ուզում է այդպիսին լինել, վնասում է թե՛ իրեն, թե՛ մյուսներին։


Աղբյուրը՝ Tert.am Life

loading...