Սոնա Շահգելդյանն օրեր առաջ ներկայացրել է «Դարերի շունչ» երգի հոլովակը, որի մանրամասներին արդեն անդրադարձել ենք։ Երգչուհին այս շրջանում մասնակցում է տարբեր համերգների, պատրաստում  նոր երգեր, վերջերս էլ լուսանկարվել է նոր ֆոտոշարքում, որի ոճաբանը մոսկվաբնակ դիզայներ Գեղամ Շերոյանն է։

 
Սոնա Շահգելդյանը
 


BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է, որ 2018-ին նախատեսում է մենահամերգ Երեւանում եւ նոր ձայնասկավառակի թողարկում.«Ակտիվ մասնակցում եմ Երեւանում ու մարզերում տեղի ունեցող համերգներին, հոկտեմբերին եւ փետրվարին ելույթներ ունեմ Հայաստանից դուրս։ Այս տարի դեռ չեմ հանգստացել, ձմռանն ընտանիքով կճանապարհորդենք»։

Խոսելով 1,5 տարեկան որդու՝ Արթուրի մասին, Սոնան նշել է, որ կարողանում է համատեղել երեխայի խնամքն ու աշխատանքը.«Ինձ հետ երբեմն տանում եմ համերգների, բայց երկար ճանապարհների դեպքում չեմ ուզում, որ հոգնի։ Երեխայի համար զբաղմունք ենք գտնում տանը կամ բակում, խելոք նկարում կամ խաղում է։ Հիմնականում ես ու մայրիկս ենք խնամում, առավոտյան ու ցերեկը տանն եմ լինում, մեծ մասամբ բացակայում եմ երեկոյան ժամերին։ Հասցնում եմ զբաղվել իմ աշխատանքով, երեխայով ու կենցաղային հոգսերով»։

 
Սոնա Շահգելդյանի որդին
 


Ինչպես երգչուհին է պատմել, հեռուստացույցով իրեն տեսնելիս երեխան դրական է արձագանքում. «Երբ իմ տեսահոլովակներն է դիտում կամ երգերս լսում, հասկանում է, որ ես եմ։ Արդեն նկատում եմ նրա երաժշտական ջիղը, եթե հետագայում  կարողանա լավ երգել ու նվագել, մեծ սիրով կաջակցեմ։ Կցանկանամ մարզիկ կամ արվեստագետ դառնա, կարեւորը՝ իր գործը սիրի, ես չեմ ստիպի։ Բնավորությամբ նման է եւ ինձ, եւ ամուսնուս։ Ինձ նման ուրախ, աշխույժ ու բարի է, նույնիսկ ուտելիս բոլորին հյուրասիրում է։ Արտաքնապես նման է իր պապային, նրա նման լուրջ ու հասուն է, մեկ-մեկ կատակով ասում են՝ ոնց որ փոքրիկ բիձուկ լինի:)։ Համառ է, եթե մի բան ուզում է, հասնում է իր նպատակին»։

Սոնան առաջին հայ երգչուհին է, որը 2010 թվականին հաղթել է «Նոր ալիք» միջազգային մրցույթում։ Խոսելով այս տարվա հայ մասնակիցների՝ Էռնա Միրի եւ Սյուզաննա Մելքոնյանի ելույթների մասին՝ նա նշել է.«Որոշ չափով հետեւել եմ, ի տարբերություն իմ տարվա, այս անգամ, ցավոք, հայկական հեռուստատեսությամբ չի հեռարձակվել։ Իմ կարծիքով՝ երկուսն էլ լավ ներկայացան, շնորհավորում եմ աղջիկներին։ Որպես մրցութային երգչուհի ավելի շատ Սյուզիին եմ տեսնում, նրան անձամբ շնորհավորել եմ։ Էռնան էլ իր ոճով է տարբերվում, շատ բեմական ու ազատ է։ Մի քիչ զարմացա, որ առաջին հորիզոնականը երեք երկրի միջեւ կիսվեց։ Հիմա փոխվել է ժյուրիի կազմը, այն ժամանակ 11 նշանակելը շատ բարդ էր։ Իմ ժամանակ շատ դժվարություններ կային, հովանավորներ չունեի, իմ ուժերով եմ մասնակցել, ինչի համար հպարտ եմ»։

loading...