Երկար դադարից հետո Հասմիկ Կարապետյանը կրկին ճախրում է երգարվեստում: Երեկ «Չարենց 28» ռեստորանում կայացավ նրա «Դու պիտի ապրես» տեսահոլովակի շնորհանդեսը: Փակ ցուցադրության, երեկոյի հյուրերի և ուշագրավ դրվագների մասին՝ BlogNews.am-ի անդրադարձում:
«Ինձ համար ապրել ու շնչել նշանակում է ստեղծագործել: Նույնիսկ մայրիկ դառնալուց հետո, միևնույն է, հոգումս կար մի անկյուն, որը չլցվեց։ Դա արվեստի հանդեպ պահանջն էր: Ես չեմ կարող առանց ստեղծագործելու ապրել, չզգալ մարդկանց էներգիան: Արվեստում շատ ավելի բաց եմ, քան կյանքում»,- անկեղծացավ Հասմիկը հենց երեկոյի սկզբում:
«Դու պիտի ապրես» երգը ծնվել է մոտ 2 տարի առաջ: Հասմիկը հենց սկզբից է որոշել՝ երգը սիրո մասին չպետք է լինի: Երգչուհու կարծիքով՝ մեղեդին այնպիսին է, որ թելադրում է շատ ավելի գլոբալ ուղերձ պարունակող մի բան. «Տառապանքներ, խոչընդոտներ, վայրէջքներ, վախեր… Պետք է ապրել՝ անկախ ամեն ինչից: Երգը չարի ու բարու անընդհատ պայքարի մասին է: Կարծում եմ՝ եթե կյանքում հավատում ես ինչ-որ լուսավոր կետի, եթե դրականն ապրում է քո մեջ, ուրեմն՝ դու կարող ես հաղթահարել փորձությունները»:
Երաժշտության հեղինակը Հասմիկ Կարապետյանն է, խոսքերինը` Ավետ Բարսեղյանը, երաժշտական պրոդյուսինգով զբաղվել է Դեր Հովան, տեսահոլովակը նկարահանել է Time studion Toot tv-ի հետ միասին: Ավետ Բարսեղյանի խոսքով՝ նրա համար միշտ տոն է ընկերների հետ աշխատելը. «Հասմիկի երաժշտությունն այնպիսին է, որ լսողին մի ուրիշ տեղ է տանում: Անչափ հպարտ եմ, որ էլի աշխատում ենք միասին ու էլի զգալու ենք իմ Հասիկոյի ճախրանքը: Երգում վերածնված ազգի սիմվոլը կա ու ես նաև զուգահեռ կտանեմ Հասմիկի հետ՝ վերածնված երգչուհու»:
Ջերմ ու մտերմիկ միջավայր ու նույնքան էլ հարազատ մարդիկ, ովքեր իսկապես գնահատում են երգչուհու արվեստը: Շնորհանդեսի հյուրերի թվում էին մարդիկ, որոնց Հասմիկը շատ երկար ժամանակ չէր տեսել և այսօր առիթ էր կրկին հանդիպելու նրանց. «Կարոտել եմ երկրպագուներիս, և սա ևս մեկ առիթ է՝ տարիներ անց հանդիպելու, շփվելու նրանց հետ անկեղծ միջավայրում, հնարավորություն է՝ կիսվելու նրանց հետ իմ հույզերով և սպասումներով: Ուզում եմ առանձնացնել հատկապես Սարիկ Սևադային, ով իսկապես շատ հավատարիմ երկրպագու է: Նա զարմանալիորեն հիշում է իմ բոլոր երգերի բառերն ու ստեղծման տարեթվերը: Նույնիսկ կան բաներ, որոնք ես եմ արդեն մոռացել տարիների ընթացքում, իսկ նա ինձ հիշեցնում է» :
Շնորհանդեսին ներկա չէին երգչուհու ամուսինը՝ Շանթը, ով այս օրերին ԱՄՆ-ում է, և փոքրիկ Տաթևը, որն, ի դեպ, մայրիկի ամենամեծ քննադատն է ու արդեն այս տարիքում ընդգված երաժշտական ճաշակ ունի. «Շատ կուզենայի, որ աղջիկս այնքան մեծ լիներ, որ կարողանար ինձ հետ գալ ու այս կարևոր օրը կողքիս լիներ: Բայց նա տանն է ինձ սպասում: Երբեմն իմ տեսահոլովակները միացնում եմ՝ մտածելով, որ գուցե ինձ ճանաչի, բայց ոչ, նույնիսկ գլխով անհամաձայնության նշաններ է անում, որ անջատեմ երաժշտությունը: Փոխարենը սիրում է Սիրուշոյի «Վույ աման» երգը, որի ներքո ուտում է, քնում ու արթնանում»:
Երեկոն լի էր անակնկալներով։ Սկզբում Հասմիկը մի քանի գեղեցիկ կատարում նվիրեց հյուրերին, այնուհետև նրան միացան նաև Արսեն Գրիգորյանն ու բրիտանական «The Voice» նախագծի ֆինալիստ Աշլի Մորգանը: Վերջինիս հետ շուտով երգչուհին հանդես է գալու համատեղ նախագծով: Դա էլ երեկոյի մյուս անակնկալն էր:
Հասմիկը հեռուստաէկրան է վերադառնում նաև որպես հաղորդավարուհի: Նա և Աշլի Մորգանը հանդես են գալու «CarToot karaoke» հաղորդման շրջանակում, որը կցուցադրվի Toot Tv-ի եթերում: Նրանք հայ հայտնիների հետ ներկայացնելու են հայ և միջազգային հիթերի կարաոկե տարբերակներն անսովոր միջավայրում:
Աշլի Մորգանը Հայաստանում վերջին անգամ եղել էր տասը տարի առաջ: Կրկին եկել է հատուկ օրվա առիթով. «Երբ շատ երիտասարդ էի, ծանոթացա Հովիկ Ղազարյան անունով մի մարդու հետ, ով ծնվել էր Ամերիկայում, բայց հայկական երաժշտության մեծ երկրպագու էր։ Նրա շնորհիվ լսեցի ու սիրեցի ձեր երաժշտությունը: «Time studio»-ի շնորհիվ էլ ծանոթացա Հասմիկի հետ, ում հետ աշխատանքը շատ լավ է ստացվում: Արդեն նկարահանել ենք մի քանի հաղորդում, ձայնագրվել եմ նրա, Ալլա Լևոնյանի, Սոֆի Մխեյանի, Ավետ Բարսեղյանի հետ, երազում եմ նաև Սիրուշոյի հետ աշխատելու մասին: Միայն 5 օր եմ մնալու, բայց Հայաստանի հետ կապված շատ պլաններ ունեմ, խոստանում եմ շուտով հետ գալ նոր նախագծերով»:
Ի դեպ՝ Աշլին թեև հայերեն չի խոսում ու չի հասկանում, բայց փոխարենը հայկական երգերի հրաշալի քավրներ է անում: Ու չնայած որոշ հնչյունների արտասանությունն իսկական մարտահրավեր է բրիտանացու համար, այդուհանդերձ, նա երեկոյի վերջում Կոմիտասի ստեղծագործությունից մի հատված նվիրեց հյուրերին: