Արտիստների աշխատանքներն ընդգծող ու բնութագրող կոչումների շնորհումը վերջին տարիներին ամենաքննարկվողն են դարձել: Տարիքո՞վ, աշխատասիրությա՞մբ, թե՞ տաղանդով են որոշում՝ ով է վաստակավորի ու ժողովրդականի լիակատար կրողը:
Հաճախ տեղին է մի ամբողջ կյանք թատրոնների բեմերում անցկացրած այն արտիստների վրդովմունքը, ովքեր այդպես էլ պետական մրցանակների չեն արժանանում: Այնինչ, նկատում են, 10-15 տարի լոսանջելեսյան բեմերում հայկական մշակույթն աղավաղելով կարգին փող դիզողներն արդեն վաղուց տիտղոսակիրներ են:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանն անկախ Հայաստանի առաջին վաստակավոր արտիստներից է: Կոչման արժանացել է 1991 թվականին: 66-ամյա դերասանուհին իր բեմական կյանքի 40-ից ավել տարիների ընթացքում հայ, ռուս և համաշխարհային հեղինակների հայտնի գործերում մարմնավորել է առաջատար կերպարների` Լեդի Միրֆոլդ (Լեդի Միրֆոլդ), Շամիրամ (Արա Գեղեցիկ), Լեդի Մակբեթ` (Լեդի Մակբեթ), Մարգրեթ (Ռիչարդ Երրորդ), Օլգա (Այգի առանց հողի)…
Սունդուկյան թատրոնում աշխատելուն զուգահեռ 2010 թվականից աշխատում է նաև Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Aysor.am-ի դիտարկմանն՝ արդյոք 26 տարի անց չի մտածում ժողովրդական արտիստի կոչման մասին, նկատեց.
«Ցավոք, ես այդ հարցի պատասխանը չունեմ: Երբեք ինձ թույլ չեմ տա «պայքարի մեջ մտնել»՝ հանուն կոչման: Եթե Աստված ցանկանա ու արժանի գտնի՝ կստանամ: Հիմա դերասաններն ընկնում, ամեն մեկն իր համար թղթեր, ստորագրություններ է հավաքում, որպեսզի նախարարությանը ներկայացնի: Ես երբեք նման բաներ չեմ անի, այդ որակի մրցակցության մեջ չեմ մտնի»:
26 տարիների ընթացքում կոչումների արժեհամակարգը փոփոխություն է կրել. Ջուլիետա Ստեփանյանի բնորոշմամբ՝ վաստակավորի կոչումն այսօր դարձել է «ճաշի միջի լոբի»:
«Լիքը լցնում են, հաշիվ չունի, ու ով ոնց պատահի՝ բաժին է հանում իրեն: Չափանիշների այնպիսի խախտում կա, որ էլ ասելու չի: Ոչինչ չունեմ ասելու, բոլորն էլ իմ կոլեգաներն են, բայց կան արժանիներ ու ոչ այնքան, սական բոլորին նույն «ավելի տակ» տալիս են… Ամեն դեպքում, ինձ համար կարևոր է այն, որ ես իմ մասնագիտության, արվեստի, մշակույթի ճիշտ կրողը լինեմ: Մնացած ամեն բան երկրորդական է», – խոսքը եզրափակեց Ջուլիետա Ստեփանյանը:
Աղբյուրը՝ 168.am