Հանրային հեռուստաընկերության  նոր սիթքոմը՝ «Ամուսնացածների լիգան», արդեն հասցրել է սիրվել եւ իր հետեւորդները ձեռք բերել: Life.panorama.am-ը  զրուցել է դերասանուհի Լուիզա Ներսիսյանի հետ, ով սիթքոմում մարմնավորում է մի տնային տնտեսուհու:
«Ի սկզբանե, երբ առաջարկ ստացա նկարահանվել այս սիթքոմում, ինձ գրավեց սցենարը, որից հետո ստեղծագործական թիմի հետ եկանք ընդհանուր հայտարարի եւ անցանք աշխատանքի: Հիմա շատերը ասում են, թե այս սիթքոմը ամերիկյան ոճով է նկարահանված, բայց ես այդ կարծիքի հետ համաձայն չեմ: Կարծում եմ՝ այս ժանրը չունի կոնկրետ ազգություն, պարզապես տարբեր ռեժիսորներ տարբեր կերպ են տեսնում ու նկարահանում: Ըստ իս՝ հիմա ավելի տեմպոռիթմով աշխատանքներ են պետք, իսկ «Ամուսնացածների լիգան» այդպիսինն է»,- նշեց մեր զրուցակիցը:
 
Սիթքոմի հիմքում ընկած է կին-տղամարդ հարաբերությունները, յուրաքանչյուր սերիայում նկարագրվում է, թե ինչպես կինը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ տղամարդու մտքերը, եւ հակառակը: Սիթքոմի առաջին սերիայում Լ. Ներսիսյանի հերոսուհին հայտարարեց, որ այն կինը, ով ասում է, թե ամուսնությունն իրեն երջանկություն է բերել, ստում է: Այս թեմայի շուրջ խոսելիս՝ Լուիզան նկատեց,
«Սիթքոմում իր բոլոր թերություններով ու առավելություններով է ներկայացված կին-տղամարդ հարաբերությունները: Կարծում եմ՝ կյանքը տրված է նրա համար, որ իր մեջ ունենա եւ դժվարություններ, եւ գեղեցիկ պահեր: Երբեք չի կարող լինել սահուն, միատեսակ կյանք, դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ ուղեղդ անջատես ու չունենաս ոչ մի տեսակ պահանջներ: Միաժամանակ, չի նշանակում, թե ամուսնությունն իր մեջ միայն հոգսեր է պարունակում: Պետք է ամուսնանալիս զույգերը ճիշտ ընկալեն ու ընդունեն այդ կյանքի օրենքները, ամուսնության ընթացքում նրանք չպետք է փորձեն վերադառնալ հարաբերությունների սկզբին ու պահանջեն առաջին տպավորություններն ու քայլերը: Եթե նրանք կարողանան քայլել առաջ եւ ամեն անգամ նոր ու գեղեցիկ գույներ տեսնեն իրենց ամուսնական կյանքում, ապա կյանքը շատ ավելի գեղեցիկ կլինի: Ես սիրում եմ գնահատել յուրաքանչյուր պահն ու ըստ արժանվույն ընդունել եւ տարիքը, եւ կյանքիս փուլերը»:
 
Լուիզա Ներսիսյանի հերոսուհին՝ Վիկան, տնային տնտեսուհի է, նա ամուսնացած է Ռաֆայել Երանոսյանի հերոսի՝ Լեւոնի հետ եւ մեկ աղջիկ ունեն: Ի դեպ՝ Լուիզայի եւ Ռաֆոյի դստերը մարմնավորում է դերասանուհու աղջիկը՝ Լիլիթ Թոխատյանը, հարցին, թե նկարահանման հրապարակում մայր ու աղջիկ խաղալ դժվար չէ՞, պատասխանեց.
 
«Բացարձակապես դժվար չէ, որովհետեւ մեր մայր ու աղջիկ հարաբերությունները վերջանում են այնտեղ, երբ լույսերը վառվում են ու միանում է տեսախցիկը: Ոչ պրոֆեսիոնալ մոտեցում կլիներ, եթե մեր հարաբերությունները բերեինք նկարահանման հրապարակ: Լիլիթը շատ պատասխանատու մարդ է, եթե նա մի գործ է ստանձնում, ապա կարողանում է այն ըստ արժանվույն հասցնել իր վերջնակետին: Եվ սա որպես մայր չեմ ասում: Եթե ես ու Հրանտը Լիլիթի մեջ չտեսնեինք համապատասխան տվյալներն ու լրջությունն այս մասնագիտության հանդեպ, ապա երբեք նրան չէինք թողնի, որ հայտնվի այս դաշտում: Ես համարում եմ, որ աղջիկս լիարժեք պատրաստ է այս աշխատանքին, իսկ փորձը ձեռք կբերի տարիների ընթացքում»:
 
Զրույցի վերջում Լուիզա Ներսիսյանը հավելեց.
«Այս սիթքոմի վերաբերյալ արդեն իսկ բազմաթիվ դրական կարծիքներ եմ լսել: Հիմա մարդիկ կարիք ունեն ուղղակ մարդկային փոխհարաբերություններ տեսնել էկրանին, որոնք սուտ չեն: Այստեղ ներկայացված են սովորական մարդիկ՝ իրենց թերություններով ու առավելություններով, որոնց կարող ենք հանդիպել յուրաքանչյուր քայլափոխի թե հարեւանիդ, թե բարեկամիդ, թե փողոցում քայլող զույգի տեսքով: Միշտ էլ գրավիչ է պատուհանից ներս նայել ու տեսնել, թե ինչպես է ապրում մի ընտանիք: Շնորհավորում եմ մեր պրոդյուսեր Արման Միտոյանին, որ կյանքի կոչեց այս նախագիծը, իսկ ես ուրախ եմ, որ այս թիմի մասնիկն եմ»:

Աղբյուրը՝ panorama.am

loading...