Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանն օրերս ներկայացրել են իրենց նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Արդյոք ովքեր են» հայտնի հայրենասիրական երգի հիման վրա: Life.panorama.am-ի հետ զրույցում Հակոբը պատմել է երգի ընտրության ու տեսահոլովակի նկարահանման ընթացքի մասին:
 
«Մեր հայրենասիրական երգերը իսկապես շատ-շատ են եւ ի ուրախություն մեզ՝ մարդիկ գիտեն դրանց մեծամասնությունը, սիրում են ու շատ ժամանակ երգում մեզ հետ: Սրանց շարքում կան երգեր, որոնք շատ վաղուց չեն հնչել, դրանցից մեկը «Արդյոք ովքեր են» երգն է, որը տարիներ առաջ Արցախյան պատերազմի ժամանակ շատ է երգվել: Իմ ու Արմենի պլաններում միշտ կար մի օր վերածնունդ տալ այս երգին եւ Արմենի որոշմամբ դա իրականություն դարձավ: Ինչպես մեր գրեթե բոլոր երգերի դեպքում, սա էլ մինչ տեսահոլովակ նարահանելը երգել ենք տարբեր միջոցառումների ժամանակ, իսկ մարդկանց ջերմ արձագանքը մեզ ավելի ոգեւորեց, որ տեսահոլովակ նկարահանենք»,- այս աշխատանքի նախապատմության մասին խոսելիս՝ պատմեց Հակոբ Հակոբյանը:
 
Սա Հակոբի եւ Արմենի առաջին մաշտաբային տեսահոլովակն է, որին երկար են պատրաստվել: Ի դեպ՝ տեսահոլովակի իրականցման հարցում մեծ աջակցություն է ցուցաբերել ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ տրամադրելով զինամթերք ու մեքենաներ:
«Տեսահոլովակի ռեժիսորը Դավիթ Գրիգորյանն է, ում ընտրությունը եւս պատահական չէր: Դավիթը երկար տարիներ նկարահանել է «Արդյոք ովքեր են» հայտնի հաղորդաշարը: Մի օր այլ հարցով զանգեցի նրան ու խոսակցության ընթացքում պատահական ասացի, որ այս երգի հիման վրա տեսահոլովակ ենք ուզում նկարահանել: Հենց այդ պահին էլ երկուսիս մտքին եկավ, որ տեսահոլովակը պետք է հենց նա նկարի: Դե իսկ Դավիթի ու մեր մտքերը իրականություն դարձրեց օպերատոր Սուրեն Թադեւոսյանն իր աշխատանքային թիմով»,- նկատեց մեր զրուցակիցը:
 
Տեսահոլովակում դերասաններից զատ նկարահանվել են իրական զինվորներ: Հակոբին եւ Արմեին են միացել նաեւ «Մարաթուկցիներ» երգի եւ պարի համույթը:
 
«Պետք է ուրախությամբ ասեմ, որ «Մարաթուկցիները» սիրով համաձայնեցին նկարահանվել մեր տեսահոլովակում, քանի որ 90-ականներին այս երգը հենց նրանք են երգել: Ի դեպ՝ զարմանալի մի փաստ ասեմ, որ այս երգի հեղինակին ոչ մի կերպ չկարողացանք գտնել, քանի որ նրա անունը ոչ մի տեղ գրված չէ: Ասեմ, որ բավականին երկար ենք փնտրել, տարբեր տեղերում հարցուփորձ արել, բայց, միեւնույն է, չգտանք: Անգամ Կոնսերվատորիայի հայկական ֆոլկի դասախոսները չունեն տեղեկություններ հեղինակի մասին»,- հավելեց Հակոբը:
 
Տեսահոլովակում ցուցադրվում են պատերազմ գնացող կամավորները, որոնց թվում նաեւ երկու եղբայրներ Հակոբն ու Արմենն են.
«Իսկզբանե ուզում էինք մեր երգով անդրադառնալ ոչ միայն մեր զինվորներին, այլ հատկապես կամավորներին, ովքեր եւ 90-ականներին, եւ քառօրյա պատերազմի ժամանակ կարող էին հանգիստ իրենց տանը նստել ու վայելել կյանքը, բայց փոխարենը գիտակցաբար գնացին պատերազմ: Ինձ համար նրանք առնաձնանում են, որոնց առաջ խոնարհվում ենք: Հետեւաբար պատահական չէր, որ տեսահոլովակում հենց նրանց էինք ցուցադրել: Իմիջայլոց ասեմ, որ իմ որոշմամբ տեսահոլովակում անդրադարձել ենք Գարեգին Նժդեհի հայտնի խոսքերին. Ես շատ եմ առաջնորդվում նրա գաղափարախոսությամբ»,- ընդգծեց երգիչը:
 
 
«Արդյոք ովքեր են» երգին հաջորդելու է երկրորդ տեսահոլովակը, որն իր սյուժետային գծով հաջորդելու է այս տեսահոլովակին:
«Դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանը, ով «Արդյոք ովքեր են» տեսահոլովակում մեր մոր կերպարում էր, նկարահանվել է նաեւ մեր հաջորդ հոլովակում, որի պրեմիերան կկայանա նոյեմբերին: Հաջորդ երգը հայրենասիրական եւ ժողովրդական չէ, այն հայրենադարձության մասին է, որի հեղինակը Ժակլին Թադեւոսյանն է: Ի դեպ՝ այդ տեսահոլովակի ռեժիսորը ես եմ, սակայն մանրամասների մասին կցանկանամ խոսել ավելի ուշ»,- ավարտեց Հ. Հակոբյանը:

Աղբյուրը՝ panorama.am

loading...