Դերասանուհի Տաթեւ Սարգսյանը վերջին շրջանում տարբեր առիթներով հայտնել է, որ պատրաստվում է երգի տեսքով իր ստեղծագործությունները ներկայացնել, սակայն ինչ-ինչ պատճառներով դրանք անընդհատ հետաձգվում էին, որոնց էլ հաջորդում էին մարդկանց բացասական արձագանքները՝ որակմամբ, թե Տաթեւը սուտասան է:
Եվ ահա Տաթեւ Սարգսյանն այսօր կապացուցի, որ մինչ այս նրա տված խոստումները սուտ չեն եղել: Այսօր՝ ժամը 22:00-ին կկայանա իր նոր երգի պրեմիերան, որը կներկայացնի երգիչ Գեւոգ Մարտիրոսյանը:
«Ինձ սուտասան անվանողները կարող են այսօր Գեւորգ Մարտիրոսյանի կատարմամբ լսել իմ հեղինակած նոր՝ «Սրտիս դու անուն» երգը»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Տաթեւն ու պատմեց նոր երգի ստեղծման պատմության մասին:
«Շատերին թվում է, թե սեր ապրելով եմ գրել այս երգը, բայց իրականում այդպես չէ: Իհարկե, որոշակի զգացողություններ վերապրել եմ, հիշողություններս ազդել են մուսայիս վրա, բայց ինձ համար ամենակարեւորն այն էր, որ ինքս ինձ փորձեի՝ հասկանալու արդյոք կարող եմ այդ փորձությունը հաղթահարել եւ մտքերս դարձնել ստեղծագործություն: Ինձ համար շատ կարեւոր էր հասկանալ, թե կկարողանա՞մ դիպչել մարդկանց սրտերին ու հասնել նրան, որ նրանք իմ բառերով ապրեն իրենց սերը: Եթե իրականություն դառնա մտքերս, ապա ինձ անասելի երջանիկ կհամարեմ»,- նշեց մեր զրուցակիցը:
«Սրտիս դու անուն» երգի խոսքերը Տաթեւը գրել է մարտ ամսին: Երգի երաժշտության հեղինակն է Գեւորգ Հովհաննիսյանը, իսկ Գեւորգ Սիրեկանյանն իր մեծ աջակցությունն է ցույց տվել:
Տաթեւի խոսքով՝ իր համար շատ կարեւոր է եղել, թե ով կկատարի այս երգը.
«Գեւորգ Մարտիրոսյանին միշտ եմ համակրել, նրա երգերը շատ եմ սիրում, իսկ վերջին «Ամենասիրուն» երգը հատկապես ինձ գրավեց: Այդ իսկ պատճառով որոշեցի առաջինը Գեւորգին ուղարկել իմ երգը, իսկ նա, ի ուրախություն ինձ, անմիջապես համաձայնեց կատարել: Խոստովանում եմ, որ այս շրջանում ինչ փորձում եմ անել, ամեն ինչ իրականանում է հենց իմ պատկերացումներին համապատասխան: Վախենալու աստիճան հաջողություններն ինձ ուղեկցում են»,- պատմեց նա:
Ի դեպ՝ այս երգը վերջին շաբաթվա ընթացքում հեղինակների չիմացությամբ տարածում է գտել համացանցում: Այս մասին խոսելիս՝ մեր զրուցակիցը նշեց.
«Մենք էլ չհասկացանք, թե ինչպես, բայց այս երգը առանց մեր իմացության մեծ տարածում գտավ: Իհարկե, չէի ցանկանա, որ այդպես լիներ եւ տարածողներին էլ կխնդրեմ հարգել հեղինակային իրավունքներն ու նման բաներից հեռու մնալ: Ընդ որում նշեմ, որ արդեն տարածված տարբերակի համեմատությամբ մեծ փոփոխություն է լինելու արդեն օրիգինալ երգում: Չեմ կարող չնշել նաեւ, որ այդ ոչ պաշտոնական տարբերակով էլ երգը սիրվեց, ինչից շատ ուրախ եմ»:
Զրույցի վերջում Տաթեւ Սարգսյանը նշեց, որ արդեն իսկ իրեն հասած արձագանքներից ելնելով՝ կշարունակի ստեղծագործել ու ապագայում նոր երգեր ներկայացնել:
Աղբյուրը՝ Life.panorama.am
loading...