Հոկտեմբերի 1-ից Արմենիա հեռուստաընկերության եթերում կլինի «Ամենախելացին» հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանը: Այս անգամ հեռուստադիտողը բացահայտելու է երկրի ամենախելացի ուսանողներին: Հինգերորդ եթերաշրջանին մասնակցում են բակալավրիատի առաջին կուրսից մինչև մագիստրատուրայի երկրորդ կուրսում սովորող ուսանողներ Հայաստանից ու Արցախից:
«Ինչպես միշտ, ակնկալում ենք էրուդիցիայի բարձր ցուցանիշ: Արդեն 5-րդ եթերաշրջանն է, և վստահ կարող ենք փաստել, որ նախընտրական փուլերը հաղթահարած մասնակիցները, միշտ բարձր ինտելեկտուալ մակարդակ են ունենում: Մի փոքր դժգոհ ենք մեկ բանից, չնայած դա էլ է հասկանալի է՝ այդպիսին է սերունդն ու ժամանակաշրջանը: Մասնակիցները փոքր-ինչ կաղում են գեղարվեստական գրականությունից՝ գրեթե բոլոր փուլերում և գրեթե բոլոր տարիքային խմբերը»,- ասում է խաղի գլխավոր խմբագիր Կարեն Քոչարյանը:
Խաղի խմբագիր Հարություն Արզումանյանն էլ նշում է, որ մեր երիտասարդությունը համընդհանուր գիտելիքներից է կաղում. «Հուսով ենք՝ այս եթերաշրջանին մասնակցելու ընթացքում ուսանողներն իրենց վրա կաշխատեն և խաղը խաղի վրա ավելի լավ ելույթ կունենան: Վերջին փուլի հատուկ թեմաները, նախորդ եթերաշրջանների նման, շատ հետաքրքիր են, տարբեր ոլորտների ընդգրկվածությունը մեծ է՝ թե՛ հայկական, թե՛ համաշխարհային հայտնի գործիչներ, ֆիլմեր, գրականություն, գրքեր, վեպեր: Այս եթերաշրջանից սպասելիքները մեծ են, քանի որ դեռևս խաղացած բոլոր մասնակիցներից ամենաբարձր տարիքային խումբն է ելույթ ունենում: Հարցերի առումով շատ բան չի փոխվել նախորդ եթերաշրջանների համեմատ, հարցերի շրջանակն էլ հարմարեցվել, համապատասխանեցվել է այդ տարիքային խմբին, սակայն ընդհանուր մակարդակը միջին բարդության է և քիչ է տարբերվելու նախորդ եթերաշրջաններից»:
Խաղի հաղորդավար Նազենի Հովհաննիսյանն էլ նշում է, որ իր հաղորդավարական գործունեության շրջանակներում «Ամենախելացին» ամենաշատն է իրեն ուրախացնում. «Անհավանական սպասելիքներ ունեմ: Ուսանողների պայքարը հեշտ չի լինելու: Վստահ եմ, որ նրանք լավագույն կերպով կհաղթահարեն «Ամենախելացիի» էտապները: Ես, իհարկե, հաջողություն եմ մաղթում բոլոր մասնակիցներին, սակայն խաղի օրենքն այնպիսին է, որ վերջում պետք է հաղթի մեկը: Պարզապես պետք է կենտրոնանալ և ունեցած կամ չունեցած գիտելիքներից հայթայթել ճիշտ պատասխանը, ու ամենակարևորը՝ անել դա լավ տրամադրությամբ և առանց խուճապի»:
«Այս խաղին միշտ հետևել եմ ու շատ կցանկանայի, որ ինչպես դպրոցականների շրջանում խաղը այսքան մասսայական դարձավ, նույնը լինի նաև ուսանողների դեպքում»,- ասում է խաղի մասնակից Դավիթ Համբարձումյանը:
Ինչպես երրորդ և չորրորդ եթերաշրջանում, այս անգամ ևս խաղի գլխավոր գործընկերը Գազպրոմ Արմենիա ընկերությունն է, իսկ Յուքոմ ընկերությունը նախագծի կողքին է 1-ին եթերաշրջանից: Գազպրոմ Արմենիա ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության գլխավոր մասնագետ Միքայել Հարությունյանը նշում է, որ այս աջակցությունը լիովին համահունչ է ընկերության իրականացրած սոցիալական քաղաքականությանը, քանի որ Գազպրոմ Արմենիան սոցիալապես պատասխանատու ընկերություն է, և մշտապես աջակցում է կրթության, սպորտի և մշակույթի ոլորտների տարբեր նախագծերին. «Ամենախելացին» հեռուստանախագիծը ոչ թե պարզապես հեռուստատեսային խաղ է, այլ մի կարևոր ու լուրջ պրոյեկտ, որի միջոցով քարոզվում է գիտելիքը, ինտելեկտը և կրթվածությունը: Հետևելով բոլոր եթերաշրջաններին, կարող եմ ասել, որ բոլոր մասնակիցներն էլ իսկական էրուդիտներ են, թեև այս դժվարին պայքարում հաղթում է մեկը, բայց բոլոր երեխաներն էլ արժանի են գովասանքի ամենալավ խոսքերին և մեր ընկերության անունից նրանց մաղթում եմ մեծ հաջողություններ»:
Այս եթերաշրջանում ևս նախագծի գործընկերները բազմաթիվ անակնկալներ են նախապատրաստել մասնակիցների համար:
«Նախագծի հաղթող մասնակիցը իհարկե կարժանանա գլխավոր մրցանակին, որի մասին կիմանանք արդեն եթերաշրջանի ավարտին, իսկ արդեն կիսաեզրափակիչ փուլերից սկսած մենք կունենանք հատուկ սահմանված մրցանակներ «Կրոն», «Չինաստան», «Ֆիզիզկա» և «Ֆինանսներ» անվանակարգերում, որոնք համապատասխանաբար սահմանել են Արարատյան հայրապետական թեմը, Հայաստանում Կոնֆուցիոսի ինստիտուտը, ՌոսԱտոմ ընկերությունը և ՀՀ Կենտրոնական բանկը» - եզրափակեց նախագծի տնօրեն Նվեր Ղազարյանը:
Աղբյուրը` BlogNews