«Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը պատրաստվում է նոր «Միսս Հայաստան» մրցույթ անցկացնել: Այս մասին նա հայտնեց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Արիստակեսյանը հայտնեց, որ իրենք «Միսս Հայաստան» նոր մրցույթ կամ ընդունելություն կհայտարարեն։
Նրա նշեց, որ չի ցանկանում խոսել Գոհար Հարությունյանի կազմակերպած «Միսս Արմենիա» մրցույթի որակի մասին, միաժամանակ ընդգծեց մի շարք չափանիշներ` ակնարկելով, որ կազմակերպված մրցույթը չի համապատասխանել դրանց:
«Ասել, որ մենք կարող ենք կազմակերպել մրցույթ, առանց չափորոշիչների, մեղմ ասած, անհասկանալի է։ Մրցույթն ունի հստակ չափորոշիչներ։ Եթե խոսքը համաչափության մասին է, առաջին չափորոշիչը 90/60/90–ն է։ Տարիքից ելնելով` չափորոշիչները կարող են փոփոխվել, քանի որ, օրինակ, 17 տարեկան աղջիկը լրիվ ձևավորված չէ, նրա դեպքում կարող է լինել 85, 87 և այլն։ Հասակը պետք է լինի 1.70, մոդելային մրցույթների ժամանակ` 1.72։ Ասել, որ մենք կարող ենք գեղեցկուհի ընտրել 1.65–ից բարձր, այդպիսի բան չկա։ Հայեցի գեղեցկությունից խոսելը տարօրինակ է։ Դա չափորոշիչ չէ։ Մրցույթի կանոնների մեջ մտնում է նաև, որ լողազգեստները պետք է լինեն միատեսակ, զգեստները` միատեսակ և միատոն։ Կոշիկը պետք է լինի 7 սմ–ից ոչ ավելի։ Այս չափանիշները ես չեմ հնարել»,– ասաց Արիստակեսյանը։
Անդրադառնալով պլաստիկ վիրահատությունների թույլտվությունը` նա նշեց, որ «Միսս Տիեզերքը» միակ մրցույթն է, որտեղ թույլատրվում են պլաստիկ վիրահատություններով աղջիկների մասնակցությունը։ «Միսս աշխարհում» այդպիսի բան չկա։ Միջազգային մրցույթները հենվում են բնականության վրա։
Ինչ վերաբերում է Գոհար Հարությունյանի խոսքերին, որ իրենք ուզում են ընտրել գեղեցկուհու, որը նաև ինտելեկտուալ կլինի` Արիստակեսյանն ասաց. «Սա ինտելեկտուալ մրցույթ չէ, սա գեղեցկության մրցույթ է»։