Առավոտյան ուղիղ եթերից մեզ բարի լույս և լավ օր մաղթող մարդկանցից է հաղորդավար և դերասան Մհեր Խաչատրյանը, ով տեսակով գիշերային, գործի բնույթով` առավոտյան մարդ է: Tert.amLife–ի զրուցակիցն այս անգամ Մհերն է:
-Գրեթե ամեն առավոտ հեռուստադիտողին ասումեք` բարի լույս, իսկ ո՞վ է Ձեզ առաջինը ասում բարիլույս, ինչպե՞ս է սկսվում Ձեր առավոտը:
-Ինձ ամեն առավոտ բարի լույս է ասում այդ պահին արթուն տանեցիներիցս մեկը, իսկ օրս սկսվում է ցնցուղով, սուրճով ու երաժշտությամբ: Առավոտյան լսում եմ հիմնականում հիփ-հոփ՝ Biggie, Wu Tang Clan, Kanye West, JAY-Z և այլն... Իսկ ինչու հիփ-հոփ, որովհետև լավ էներգիա է տալիս եթերի համար: Առավոտյան ծրագիր վարելով հանդերձ՝ ես տեսակով գիշերային մարդ եմ:
- Լինելով երաժշտասեր ՝ վերջերս փորձում եք բացահայտել տարբեր ոլորտների հետաքրքիր մարդկանց սիրելի 5 երգը, իսկ ինչպիսի՞ն է Ձեր թոփ 5-ը:
- Բարդ հարց է իրականում: Մտածել եմ, բայց այդպես էլ չեմ կարողացել հստակորեն առանձնացնել 5 երգ: Եթե մի օր նման հաղորդման հյուր լինեմ, գուցե և առանձնացնեմ իմ թոփ 5 երգերը:
- Ի սկզբանե, մարդիկ Ձեզ ճանաչեցին հումորային նախագծից, այնուամենայնիվ, շատհաճախ մելանխոլիկ մարդու տպավորություն եք թողնում, ինչո՞վ է սա պայմանավորված:
-Չգիտեմ, երևի դեմքիս արտահայտությունից, որը ծնված օրվանից, գրեթե, չի փոխվել: Մեկ-մեկ այդ պատճառով մարդիկ ինձ սխալ են հասկանում: Երբեմն, ավելի կոպիտ կամ տխուր եմ թվում, քան իրականում կամ:
-Իսկ առօրյայում հումորով ու կատակասե՞ր եք, ո՞ր դեպքում կարող եք կոպիտ մարդ լինել:
- Ոչ միշտ, բայց փորձում եմ լինել հումորով: Ժամանակ առ ժամանակ լինում եմ նաև կոպիտ, երբ լինում են անտակտ կամ անձնական տարածք են ներխուժում:
-Պատահե՞լ է, որ մարդիկ նեղացել են Ձեր արած որևէ հումորից, նման դեպքում ինչպե՞ս եքվարվում։
-Այո, պատահել է, որ նեղանան. նման դեպքերում ներողություն եմ խնդրում... սև հումորներ անում եմ:
-Ձեր կարծիքի վրա մարդկանց դիմագծերը կարո՞ղ են ազդել, երբևէ փորձե՞լ եքդիմագծերով ճանաչել մարդուն:
-Ոչ միշտ, բայց պատահում է, երբ մարդու արտաքինը հենց առաջին հայացքից վանող է լինում, հատկապես, աչքերի արտահայտությունը: Գերադասում եմ շփվել պարզ, դաստիարակված ու հումորով մարդկանց հետ: Իսկ պարզ ասելով՝ նկատի ունեմ, որ մարդն այնպիսին է, ինչպիսին կա, չի փորձում ձևացնել:
-Մհեր, պատկերացնենք, որ Դուք ունեք հնարավորություն մեկ օր այլ մարդու կյանք ապրել, ո՞վ կլիներ այդ մարդը։
-Մեկ օրով կուզեի լինել որևէ աշխարհակալ կամ մեծ երկրի առաջնորդ, օրինակ` Ալեքսանդր Մակեդոնացին: Ինձ միշտ հետաքրքրել է, թե նման մարդկանց ինչ մոտիվացիա է առաջ շարժում, ինչպես են կայացնում իրենց որոշումները, ինչն են կարևորում ավելի շատ՝ նյութակա՞ն, թե՞ ոչ նյութական արժեքները: Հետաքրքիր է՝ ի՞նչ վախեր են ունեցել:
- Ձեր բնավորության ո՞ր գիծն է, որի պատճառով երբևէ տուժել եք և կուզեիք փոխել այն:
-Բնավորությամբ սովորականից մի փոքր ավելի էմոցիոնալ եմ, կուզեի դա փոխել: Էմոցիոնալ լինելս որոշ դեպքերում բեկումնային է եղել: