«Շանթ Պրեմիում»-ի «Էլենի օրագիրը» նոր սերիալի գլխավոր հերոսուհուն` Էլենին, մարմնավորում է Իննա Խոջամիրյանը: Մասնագիտությամբ հոգեբան Իննան BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է նոր կերպարի, խաղընկերների հետ հարաբերությունների եւ էքստրեմալ նկարահանումներից ստացած վնասվածքների մասին:

 
Իննա Խոջամիրյանը` «Էլենի օրագիրը» սերիալի նկարահանումներին
 


«Էլենը ավարտական դասարանում սովորող աղջիկ է, ով նոր դպրոց է տեղափոխվել եւ փորձում է հարմարվել նոր դասընկերներին ու նոր կյանքին, առհասարակ: Նա ծնողներ չունի, հոր մահից հետո ապրում է հոր ընկերոջ տանը, ում տղան իր դասընկերն է, բայց նրանց հարաբերություններն ի սկզբանե լավ չեն դասավորվում: Էլենին պարբերաբար դժվարություններ են հանդիպում՝ դպրոց ընդունվելու առաջին իսկ օրվանից, եւ միակը, ով նրա կողքին է ու փորձում է օգնել, դասընկերն է՝ Լեւոնը: Զարգացումները բավական հետաքրքիր են եւ չեն թողնում ձանձրանալ»,-պատմել է դերասանուհին: 

Իննան նշել է` նկարահանումների գրաֆիկը չափազանց խիտ է.«Ուրիշ ոչինչ գրեթե չեմ հասցնում անել: Եթե վերջերս տարեդարձս չլիներ, ընկերներիս էլ դժվար տեսնեի:): Միայն փորձում եմ աշխատանքը հնարավորինս համատեղել դասերիս հետ: Այս նախագծի շնորհիվ յուրահատուկ «նոստալջի» եմ ապրում ամեն անգամ, երբ դպրոցում ենք անցկացնում նկարահանումները, կամ նույնիսկ երբ կյանքի օրագիր եմ լրացնում»:

 
Իննա Խոջամիրյանը` «Էլենի օրագիրը» սերիալի նկարահանումներին
 


Խաղընկերներից մի քանիսի հետ նա նախկինում եւս նկարահանվել է: Ասում է՝ հիանալի դերասանական կազմի հետ է աշխատում՝ Էդգար Իգիթյան, Հովակ Գալոյան, Սիսիան Ստեփանյան, Մարիամ Ադամյան, Նելլի Խերանյան, Դավիթ Հակոբյան, Մարինկա Խաչատրյան եւ այլք.«Շատ կարճ ժամանակ է, ինչ սերիալը եթեր է հեռարձակվում: Անկեղծ պիտի ասեմ՝ արդյունքներն ինձ նույնիսկ զարմացրել են: Մեծ լսարան ունենք, արձագանքները բացառապես դրական են, հեռուստադիտողին դուր է գալիս թե սցենարը, թե ընտրված դերասանական կազմը, թե զարգացումները: Իմ մեծագույն քննադատը մայրս է, ով չափազանց պահանջկոտ է եւ ամեն սերիայից հետո մեկիկ-մեկիկ անդրադառնում է նույնիսկ միմիկաներիս ու շարժուձեւիս: Այս դեպքում նա ոչ միայն ինձ է հավանություն տվել, այլ սերիալին, իսկ դա արդեն լուրջ է, ուրեմն իսկապես կատարյալ է ամեն բան:)»:

Էքստրիմի սիրահար դերասանուհին ռիսկային նկարահանումների պակաս չի ունենում: Դրանք, իհարկե, առանց հետեւանքների չեն ավարտվում.«Առաջին սերիաներում Էլենը դասարանում ընկնում ու հարվածում է գլուխը, հետո էլ ավտոմեքենան արգելակելիս ճակատն է հարվածում, դպրոցի բակում ընկնում վնասում է ոտքը, հրում գցում են լողավազանը, սկսում է խեղդվել: Ինձ համար նման փոքրիկ էքստրեմալ գործողությունները միշտ հետաքրքիր են: Ճիշտ է՝ ելքը իրական վնասվածքներն են լինում երբեմն, սակայն ես այդ ամենն անում եմ մեծ սիրով: Դասարանում այնպես եմ ընկել, որ ձախ ծնկիս վերքը դեռ չի անցնում:)»:



Աղբյուրը՝ Bravo.am

loading...