Budetezdorovy.ru-ն գրում է, որ բարենպաստ միջավայրի առկայության դեպքում սնկերը կարող են բազմանալ՝ առաջացնելով եղունգների միկոզ։ Սունկը կարող է հայտնվել ինչպես ոտքերի, այնպես էլ ձեռքերի եղունգներին։
Սա լուրջ առողջական խնդիր չէ, սակայն ժամանակին միջոցներ ձեռք չառնելու դեպքում այն կարող է թուլացնել և վարակել ամբողջ եղունգը։ Բացի այդ՝ այն կարող է ցավ առաջացնել կոշիկ կրելու ընթացքում, դեֆորմացվել ու տգեղ տեսք ստանալ։ Որպես լրացուցիչ միջոց՝ կարող եք օգտագործել այս բնական խառնուրդը։
Դրա հիմնական բաղադրիչը քրքումն է, որն ուժեղ հակասնկային հատկություններ ունի։ Այն կարող է օգտակար լինել սնկային հիվանդության դեպքում և օգնել ամրացնել եղունգը։ Քրքումը հայտնի է նաև հակաբիոտիկ և հակաբորբոքային հատկություններով։ Քանի որ այն մեծ քանակով վիտամիններ, հակաօքսիդանտներ ու հանքանյութեր է պարունակում, այն օգնում է նաև քիմիական միջոցների օգտագործման հետևանքով առաջացող վնասվածքների դեմ պայքարում։
Սնկերի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար խորհուրդ է տրվում այն համադրել կոկոսի յուղի, սև պղպեղի հետ։ Կոկոսի յուղը հակաբակտերիալ ու հակասնկային հատկություններ ունի և կարող է օգնել կանխարգելել դրանց բազմացումը։ Բացի այդ՝ այն անփոխարինելի ճարպաթթուներ և հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք օգնում են խոնավեցնել ու սնուցել կուտիկուլան՝ եղունգների ախտահարումը կանգնեցնելու համար։
Բաղադրիչներ
• 3 ճաշի գդալ կոկոսի յուղ
• 3 ճաշի գդալ քրքում։
Պատրաստման եղանակը։
Կոկոսի յուղը լցրեք ապակե տարայի մեջ, այն հալեցրեք գոլորշու վրա, ավելացրեք քրքումն ու մի փոքր թարմ աղացած սև պղպեղ։ Խառնեք, ստացեք միասեռ զանգված։ Սառեցրեք, պահպանեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում։ Օգտագործման եղանակը։
Կրեմը քսեք վնասված եղունգին, թողեք 30-40 րոպե։ Լվացեք տաք ջրով։ Օգտագործեք ամեն օր։ Խուսափեք կիպ, ոտքերը սեղմող կոշիկներից, ոտքերը միշտ չոր ու մաքուր պահեք։