Դերասանուհի Ադրիանա Գալստյանին հեռուստադիտողն արդեն տեսնում է վերջերս մեկնարկած Դիանա Գրիգորյանի «Նռան հատիկ» հեռուստասերիալում:Life.panorama.am-ին Ադրիանան պատմել է նոր աշխատանքի մասին, ինչպես նաեւ անդրադարձել վերջին օրերին բուռն քննարկումների արժանացած իր անձնական կյանքին:

«Վերջերս հրավերք ստացա նկարահանվել «Նռան հատիկ» հեռուստասերիալում եւ պայմաններին ծանոթանալուց հետո սիրով համաձայնեցի, քանի որ ամեն ինչ իմ սրտով էր: Ինձ համար շատ կարեւոր է թե կերպարի բնույթը, թե խաղընկերներս, թե միջավայրը, իսկ այստեղ ինձ ամեն ինչ բավարարում էր»,- նշեց Ադրիանան:

«Նռան հատիկ»-ում Ադրիանան մարմնավորում է գլխավոր հերոսի քրոջը: Նրա կերպարային գիծը զարգանում է Մովսես Երեմյանի հետ, բայց ավելի ուշ կլինեն նաեւ նոր բացահայտումներ.

«Ըստ սյուժեի՝ ես Մովսես Երեմյանի հերոսի քույրն եմ: Նա շատ դրական կերպար է, սակայն հետագայում սխալ մարդու է սիրահարվում ու հայտնվում ինտրիգային փորձությունների մեջ: Ինչպես նախկինում եմ ասել, ուզում էի, որ նոր կերպարս կտրուկ տաբերվեր «Երանի»-ում կերտածս Մարտայի կերպարից, եւ ի ուրախություն ինձ` այս կերպարս իսկապես տարբերվող է: Հերոսուհուս անունը կրկին Ադրիանա է, նա եւս շատ ակտիվ է, բայց նրա ակտիվությունը պետք է Մարտայի ակտիվության հետ չշփոթել, քանի որ, եթե Մարտան ինքնահավան էր, էգոիստ, ապա Ադրիանան ճիշտ հակառակ բնավորությունն ունի: Նա սիրում է երգել, ուզում է դառնալ երգչուհի, դրա համար ունի համապատասխան տվյալներ, իսկ մնացած զարգացումներին թող հետեւի հեռուստադիտողը»,- պատմեց մեր զրուցակիցը:

Խոսելով Դիանա Գրիգորյանի հետ համագործակցության մասին՝ Ադրիանան նշեց.

«Մինչ այս միայն դրական կարծիքներ էի լսել Դիանայի մասին, բայց ծանոթ չէի նրա հետ: Ուրախ եմ, որ մեր ծանոթությունից հետո իմ տպավորությունն էլ շատ լավն է: Ինձ հաճելի է նրա թիմում ընդգրկվելը, հույսով եմ՝ մեր համագործակցությունն իր լավ պտուղները կտա»:

Ադրիանա Գալստյանի անունը վերջին օրերին մամուլում ամենաքննարկվողներից էր: Համացանցում է հայտնվել նրա եւ մի երիտասարդի լուսանկարներ, իսկ դերասանուհին ոչ մի կերպ չի մեկնաբանում, թե ով է այդ տղան: Նկատառմանը, որ մեր վերջին զրույցի ժամանակ Ադրիանան նշել էր, թե բաց է պահում իր անձնական կյանքը եւ հանրությունից ոչինչ չի թաքցնի, եթե ընտրյալ ունենա, դերասանուհին շեշտեց.

«Ինչպես նախորդ անգամ եմ ասել, հիմա էլ կկրկնեմ՝ ես ինձ անհասանելի չեմ պահում, ես կարող եմ ազատ շրջել երեւանյան փողոցներով ու ոչ մեկից չթաքնվել, բայց լրիվ այլ հարց է, երբ անձնականս օնլայն ներկայացնեմ: Այսինքն՝ նորմալ է, երբ ինձ ընկերոջս հետ տեսնեն փողոցում քայլելիս, բայց ինձ հաճելի չէ, երբ դա կայքերում անընդհատ քննարկվի: Լուսանկարներում մենք գրկախառնված ենք, այսինքն` հերքելն այս պարագայում անիմաստ է, միաժամանակ ոչինչ չեմ ուզում հաստատել, քանի որ նախընտրում եմ անձնականիս մասին մանրամասներ խոսել այն ժամանակ, երբ իմ կյանքում կլինի կարգավիճակի լուրջ փոփոխություն»:


Աղբյուրը՝Life.panorama.am

loading...