Շանթ հեռուստաընկերության եթերում մեկնարկել է «Էլենի օրագիրը» երիտասարդական հեռուստասերիրալը, որտեղ ներկայացված է ուսանողական կյանքը ինչպես քոլեջում, այնպես էլ դրա պատերից դուրս: Գլխավոր դերակատարուհու կերպարում Իննա Խոջամիրյանն է, ով BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է կերպարի մանրամասների, դերասանական պահանջների, խաղընկերների հետ աշխատանքի և ստացած հոնորարների մասին:
«Համարձակ և ինքնուրույն, համեստ և բարյացակամ աղջիկ է, ով, հին անախորժությունները չլուծած, հասցնում է նորերին հանդիպել: Սերիալի գաղափարը տարբերվող ու յուրօրինակ է. ի ցույց ենք դրել ներկայիս ավագ դպրոցների ավարտական դասարանի ներքին աժիոտաժը, սոցիալական խավերի ցայտուն տարբերությունը մի միջավայրում, անդրադարձել ենք դպրոցականների և նրանց ընտանիքների պատմություններին առանձին-առանձին»:
Իննայի հիմնական խաղընկերը Էդգար Իգիթյանն է, ում հետ աշխատել է «Սահմանին 1» և «Սահմանին 2» հեռուստանախագծերում: Կոնտակտն ի սկզբանե հեշտ է ստացվել. «Էդգարի մոտեցումն իր աշխատանքին բացառիկ է: Բացի աշխատանքային ալյանսից՝ նա նկարահանման հրապարակ ներկայանում է կերպարային ամեն մի դետալի մասին մտածած՝ ամենայն մանրամասներով: Ինձ համար դա կարևոր նախապայման է»:
Հեռուստասերիալում Իննան արտաքնային փոփոխության չի ենթարկվել, չնայած ոճային փոփոխություններ կան: Ասում է, որ իր և Էլենի խոսքի, հագուկապի, վարքագծի տարբերությունն ընդգծված է:
Նախագծում նկարահանվում են Մարինկա Խաչատրյանը, Դավիթ Աղաջանյանը, Սիսիան Ստեփանյանը, Էդգար Իգիթյանը, Մարիամ Ադամյանը, Նելլի Խերանյանը, Հովակ Գալոյանը: Դերասանական կազմի ճնշող մեծամասնության հետ Իննան առիթ ունեցել է խաղալու. «Իհարկե, ողջունում եմ նոր գործընկերների հետ համագործակցության փաստը, որովհետև նոր մարդկանց հետ միշտ նորովի ես և նորը կարող ես վերցնել ու տալ, սակայն տեսուճանաչ խաղընկերներիս շարքում այնպիսի բացառիկ դերասաններ կան, որոնցից ամեն նախագծում չեմ դադարում նորը սովորել»:
Դերասանուհին նշում է, որ ինքնաքննադատ է, աշխատանքային բոլոր հարցերում պերֆեկցիոնիզմի հասնող պեդանտ. «Նկարահանված ամեն տեսարան պարտադիր կերպով նայում եմ եթերով՝ հնարավոր վրիպումները շտկելու համար: Առանց շտկումների ու հետևողական աշխատանքի ուղղակի կլճանամ»:
Իննան բավականին հետևողական է իրեն առաջարկվող դերերի հանդեպ, ասում է, որ բոլոր սկզբունքները կանխավ քննարկվում ու զետեղվում են աշխատանքային պայմանագրում. «Ինչ վերաբերում է տաբուներին, դրանք, իհարկե, մշակութային են, և դրանք խախտել շահագրգռված չէ առաջին հերթին հենց հեռուստաընկերությունը: Հեռուստանախագծերում իմ սկզբունքներին դեմ դեռ ոչինչ չեմ հանդիպել»:
Ստացած հոնորարների մասին այսպես արտահայտվեց. «Միշտ համարել եմ, որ աշխատանքը մարդու ամենակարևոր ձեռքբերումներից է և դրան պետք է նվիրվել ու լրջորեն մոտենալ՝ անկախ նրանից, թե որքան ես վարձատրվում: Սակայն թաքցնելու ու ժխտելու բան չէ, որ յուրաքանչյուրիս էլ մեր գործի մեջ իր դոմինանտող մասով մոտիվացնում է հոնորարը: Իմ հոնորարներից երբեք չեմ դժգոհել, որովհետև միշտ փոխհամաձայնության ենք եկել այդ հարցի շուրջ: Հարաբերական է ասածս, իհարկե, բայց կարող եմ ինձ բարձր վարձատրվող դերասանուհի համարել»:
Իսկ այն հարցին՝ առհասարակ, ինչի վրա է ծախսում հոնորարները, դերասանուհին պատասխանեց. «Երբևէ նման հարց չէին տվել, ինձ էլ հետաքրքրեց՝ ինչի վրա եմ ծախսում իմ հոնորարները: Առաջինը մտքիս մեքենաս եկավ, ինչպես նաև կերպարային հագուստներս: Բայց հստակ կդժվարանամ ասել՝ ինչի վրա եմ ծախսում. այն առանց ծախսելու էլ փախչում է ձեռքիցդ»: