«Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «3 Off» ժամանցային նախագիծն ուրբաթ օրվանից մեկնարկում է: Նախագծի հեղինակ և հաղորդավար Արտյոմ Հակոբյանը մեկնարկից առաջ BlogNews -ին պատմել է, թե ինչ փորձությունների են ենթարկվելու հյուրերը նոր՝ աշնանային եթերաշրջանում:
«Նոր եթերաշրջանում կլինեն նոր խաղեր, մրցույթներ, որոնք կլրացնենք արդեն իսկ եղած փուլերով: Արդեն մի քանի նկարահանում ունեցել ենք, և պետք է ասեմ, որ նոր խաղերը իրենց կարծես թե արդարացնում են: Կարծում եմ՝ հեռուստադիտողին էլ դուր կգա, քանի որ բոլոր փուլերն էլ բավականին հետաքրքիր և զվարճալի են»,- պատմում է Արտյոմը:
Նոր եթերաշրջանում նախագծում հեռուստադիտողը կտեսնի նոր հյուրերի. «Հյուրերի առումով մենք չունենք որևէ սահմանափակում՝ լինի դա տարիքային, թե ոլորտի հետ կապված: Բացելով փակագծերն՝ ասեմ, որ այս եթերաշրջանում մեզ մոտ կլինեն «Ամենախելացի» նախագծի երեխաները, «Նվագախմբի երեխաները», «Վիտամին» ակումբի տղաները: Մնացած հյուրերի մասին դեռ ոչինչ չեմ ասի»:
Արտյոմի հետ զրուցեցինք նաև հետկուլիսային խոսակցությունների և, առհասարակ, նկարահանումների գալիս հյուրերի տրամադրվածության մասին. «Քննարկումները բավականին բուռն են լինում և՛ նկարահանման ժամանակ, և՛ յուրաքանչյուր փուլից հետո, երբ ունենում ենք որոշակի դադար: Նույնիսկ ունեցել ենք շատ հետաքրքիր խաղ, երբ ամուսինները կանանց դեմ էին խաղում, և ամեն մի պարտություն և հաղթանակ բերում էր հետևյալ խոսակցություններին. «Վերջ, բաժանվում եմ»: Միշտ լավ տրամադրությամբ և հետաքրքիր են անցնում մեր նկարահանումները»:
Իսկ այն հարցին՝ որ թիմի խաղը տպավորվեց և տարբերվեց նախորդ եթերաշրջանի ժամանակ, Արտյոմը չկարողացավ առանձնացնել. «Բոլորն էլ լավ խաղի տրամադրված են գալիս: Գիտեք, ամենակարևորն ասեմ, որ չենք ունեցել հյուրեր, ովքեր գալիս են և փորձում անտարբեր խաղալ: Նույնիսկ եթե մինչ այդ նկարահանումներ են ունեցել, գալիս են, մտնում տաղավար ու փոխվում են, դառնում շատ ակտիվ: Օրինակ՝ շատ հետաքրքիր էր «Վիտամին» ակումբի տղաների խաղը, երբ նրանք իրար դեմ էին խաղում»,- եզրափակեց Արտյոմը:
Աղբյուրը՝ BlogNews